2

Անհնարին է պատմության էջերում գտնել ևս մի այնպիսի նվաճաման պատմություն, ինչպես կոնկիստադոր Էրնան Կորտեսի կողմիվ իրականացված Կոնկիստան է: Ընդամենը մի քանի հարյուր իսպանացիներից, 16 ձիերից ու 14 հրանոթներից բաղկացած ջոկատով ափ իջենլով, արկածախնդիր այս գաղութարարը ծնկի բերեց Հյուսիսային Ամերիկայում մինչ այդ երբևէ գոյություն ունեցած ամենահզոր կայսրություն, գրավեց այդ ժամանակների աշխարհի ամենախոշոր քաղաքը, հրով, սրով ու խորամանկությամբ վաստակեց անհամար հարստություն, բարձրաստիճան ազնվական կոչում ու բարձր պետական պաշտոն: Կորտեսը կարողացավ այս ամենը շնորհիվ իր երեք «գաղտնի» զենքերի, բնածին խորամանկության ու խարիզմայի, փայլուն դիվանագետ ու ստրատեգ լինելու և աննախադեպ զուգադիպություններից բխող հաջողակության:

Ո՞վ էր Էրնան Կորտեսը

Էրնան Կորտեսը սերում էր իսպանական ազնվազարմ իդալգոների տոհմից ու հանդիսանում էր ազնվական, բայց աղքատ ընտանիքի զավակ: Որոշ ժամանակ ուսանելուց հետո, նա գերադասեց զինվորականի մասնագիտությունը, քանի որ նրա վրա հսկայական ազդեցություն էր թողել Իսպանիայի Ռեկոնկիստան (մահմեդականներից վերջնական հետգրավումը, ովքեր հիմնավորվել էին Իսպանիայում դեռ 7-րդ դարում), ինչպես նաև Էլ Սիդի մասին պատմությունները, ով անձնուրաց պայքարում կարողացել էր դիմակայել մահմեդական ուժերի ճնշմանը քրիստոնեական Իսպանիայի վրա:

Կորտեսը մանկուց երազում էր նոր հողեր գրավելու, հարստանալու ու հատկապես փառքի մասին: Հենց այս մոտիվներն էլ մղեցին Կորտեսին միանալու Նոր Աշխարհի նվաճմանը: Սկզբում նա միացավ իր հեռավոր ազգական Նիկոլաս դե Օվանդոյին, ով այդ ժամանակ Էսպանյոլի (Հաիթի կղզու) նահանգապետն էր նշանակվել: Օվանդոն իր ազգակցին շնորհեց գաղութարարի կարգավիճակ, հող ու ստրուկներ հատկացրեց, ինչպես նաև իրավունք՝ քաղաքում տուն կառուցելու, բայց մի պայմանով՝ Կորտեսը պարտավորվում էր առնվազն 5 տարի ծառայել Էսպանյոլում, որն այդ պահին խորը ճգնաժամի մեջ էր: Դա 1504 թվականն էր, իսկ Կորտեսը դեռ 20 տարեկան էր:

Կորտեսի աստղային ժամը սկսվեց 1510 թվականին, երբ Էսպանյոլի նոր նահանգապետը՝ Կոլումբոսի որդին, որոշեց գաղութացնել Կուբան ու դրա համար ուղարկեց Դիեգո Վելասկեսի ջոկատը, որը 300 մարտիկ էր հաշվում: Կորտեսը նշանակվեց կոնկիստադորների զորաջոկատի գանձապահ ու հենց սկզբից սկսեց դրսևորել իր ամբիցիաները: Նա անգամ ձերբակալվեց՝ նահանգապետին Վելասկեսից բոխոք հասցնելու փորձի ժամանակ, բայց Վելասկեսի հետ փակ դռների հետևում բանակցություններ ունենալուց հետո, նա ազատ արձակվեց: Սա կարելի է հավարել Կորտեսի դիվանագիտական ջղի առաջին խոշոր դրսևորումը՝ իր կենսագրության մեջ:

1514 թվականին Կուբան վերջնականապես հպատակեցված էր ու Կորտեսը ձեռնամուխ եղավ քաղաքական նուրբ ինտրիգների ու պայքարի փուլին, որի նպատակն էր ստանձնել դեպի մայրցամաք (թեև այն ժամանակ կարծում էին, որ գործ ունեն կղզիախմբի հետ) իրականացվող ասպատակություններից մեկը, որը սկայան ըստ պատմաբանների ու նրա կենսագրությամբ զբաղվող փորձագետների, նա ի սկզբանե պլանավորում էր ոչ թե թալանի նպատակ հետապնդող արշավ, այլ լիարժեք նվաճում՝ հեռահար քաղաքական նպատակներով: 1518 թվականին նա վերջապես ստացավ Վելասկեսի թույլատվությունը՝ ձեռնարկել արշավը:

Կորտեսը մեծ ռիսկի էր գնում, որովհետև թեև նա հասել էր նրան, որ Վելասկեսը հանձն էր առել տրամադրել երեք նավ ու անձնակազմ, մնացած ծախսերը, այդ թվում նաև ողջ զորաջոկատի ապահովման ծախսերը իր վրա էր ստանձնում Կորտեսը և հանուն դրա նա գրավադրել էր իր ողջ ունեցվածքը, վաճառել էր բոլոր ստրուկներին ու մեծ պարտքեր էր արել: 1518 թվականի նոյեմբորի 17-18-ին Կորտեսը շտապ մեկնեց դեպի Նոր Աշխարհ, որովհետև Վելասկեսը արդեն լուրջ պլաններ ուներ փոխարինել նրան մեկ այլ հրամանատարով: Կորտեսին հաջողվեց իր կողմը գրավել կոնկիստադորների ևս մեկ ջոկատ և արդյունքում նրա ողջ ունեցած ուժերը հետևյալն էին. 508 հետևակային, 16 ձիավոր ասպետ, 13 արկեբուզավոր հրացանակիր, 32 արբալետով զինոր, 100 նավաստի, 14 հրանոթ և 200 ստրուկ՝ բեռնակիրների ու ծառաների պարտականությունները կատարող

Առաջին քայլերը

Ափ իջնելով Յուկատան թերակղզում, առաջին բնիկները, որոնց հանդիպեցին կոնկիստադորները՝ մայա հնդկացիների ցեղերից էին, որոնց բնակավայրը իսպանացիները ավիրեցին՝ սարսափելով մարդկային զոհաբերություննի պրակտիկայից, որը կիրառում էին հնդկացիները: Ջախջախելով բնիկներին, Կորտեսը իմացավ նաև իսպանացի մի հոգևորականի՝ Հերոնիմո դե Ագիլերեի մասին, ով այդ կողմերում քրիստոնեություն էր քարոզում ու յուրացրել էր տեղացիների լեզուն: Սա շատ կարևոր ձեռքբերում էր ու Ագիլերեին կցեցին զորաջոկատին՝ որպես թարգամնիչ:

Շարունակելով նավարկությունը ափի երկայնքով, Կորտեսը 1519 թվականի մարտի 14-ին դուրս եկավ Տաբասկո գետի գետաբերանի մոտ, որտեղ հայտնաբերելով հնդկացիների ևս մի բնակավայր, Իսպանացիները հարձակվեցին դրա վար, բայց ոսկի չգտան: Մարտի 19-ին ցեղապետները իսպանացիներին հարուստ նվեր, պարեն ու պատմության մեջ անսպասելիորեն որոշիչ դեր խաղացած ևս մեկ ընծա մատուցեցին՝ 20 աղջիկների, որը խաղաղության նշան էր: Աղջիկների մեջ իր գեղեցկությամբ ու լեզուների նկատամամբ հակումով հատկապես աչքի էր ընկնում Մելինչեն, ով առանցքային դերակատարություն ունեցավ ացտեկների հետագա նվաճման պատմությունում ու Կորտեսի կյանքում՝ դառնալով նրա սրիրուհին ու հավատարիմ խորհրդականը:

Ափ իջնելու պահից, Կորտեսի ամեն քայլին իրազեկ էր Ացտեկների հսկայական կայսրության միապետ Մոնտեսուման, որի լրտեսները վխտում էին ամենուր և երբ Կորտեսը ափ իջավ Սան Հուան դե Ուլուայում, իսպանացիներին այցելեց Ացտեկների կայսրության այդ տարածաշրջանի կառավարիչը՝ մեծ պատվիրակությունով:

Կորտեսը միանգամից ցանկություն հայտնեց հանդիպել նրանց գերագույն առաջնորդի հետ ու իր խնդրանքը ամրապնդեց թանկարժեք նվերներով, իսկ որ ավելի կարևոր էր՝ իսպանական զորքի շքերթով: Մեկ շաբաթ անց, հնդկացիների դեսպանները նորից եկան Կորտեսի մոտ՝ հարուստ նվերներով, որոնց մեջ մեծ քանակությամբ ոսկե ու արծաթե զարդեր կային, բայց բերեցին նաև լուր, որ Մոնտեսուման կտրականապես դեմ է Կորտեսի հետ հանդիպելուն: 

220px-CJBonaparte

Սա քիչ էր մնում այս կետի վրա էլ սահմանափակեր Կորտեսի նվաճումները, որովհետև զինվորները քիչ էր մնում ապստամբեին, երբ իմացան, որ իրենց առաջնորդը չի պատրաստվում բավարարվել եղածով ու ուզում է խորանալ ացտեկների երկրի խորքը ու զորքով մտնել նրանց Տենոչտիտլան մայրաքաղաքը, որովհետև զինվորները համարում էին, որ արդեն կատարել են արշավի նպատակը ու հարուստ ավարով կարող են վերադառնալ Կուբա:

Սակայն բախտը կրկին ժպտաց Կորտեսին ու 2 օր անց իսպանացիների ճամբար այցելեցին Սեմպոլա քաղաքը բնակեցնող տոտոնակ ցեղի առաջնորդները՝ ացտեկների դեմ ռազմական դաշինք ձևավորելու առաջարկով: Սա Կորտեսին լեգիտիմ հնարավորություն տվեց չվերադառնալ Վելասկեսի մոտ ու շարունակել իր կոնկիստան:

Նրա առաջին որոշումներից մեկը եղավ Վիլա Ռիկա դե լա Վերակրուսի հիմնադրման մասին որոշումը, որը դարձավ կոնկիստադորների հիմնական բազան՝ Յուկատան թերակղզում և վերստին նշանակվելով գերագույն գլխավոր հրամանատարի ու գլխավոր դատավորի պաշտոնում, Կորտեսը առաջին բանը, որ արեց՝ հրամայեց ձերբակալել իր դեմ ձևավորված ընդդիմության այն առաջնորդներին, ովքեր պահանջում էին վերադառնալ Կուբա:

Առաջին դժվարությունները. հաղթանակ կամ մահ

Սակայն կորտեսի երջանկությունը երկար չտևեց, որովհետև շուտով Կուբայից կարավելլա ժամանեց՝ վատ լուրերով Կորտեսի համար. Իսպանիայի Կառլոս 5-րդ արքան նշանակել էր Վելասկեսին Կուբայի ցմահ գեներալ-նահանգապետ ու լայն լիազորություններ շնորհել նրան:

Սակայն Կորտեսը չկորցրեց իրեն և մեկ շաբաթ իր նավախցում մտորելուց հետո, երեք կարևորագույն որոշում ընդունեց. նախ, նա նամակ գրեց թագավորին՝ իրազեկելով նոր գաղութի նվաճման մասին, ինչով նա ուզում էր վերացնել իր կախվածությունը Վելասկեսից ու մենակ թագավորին ունենալ վերադասի կարգավիճակում: Մյուս որոշումով, նա իր ջոկատին կցեց ժամանած կարավելայի վրա գտնվող 70 զինվորներին ու երկու ձիերին: Եվ վերջապես, Կորտեսը կայացրեց իր 3-րդ ու ամենաբեկումնային դերը խաղացած որոշումը. նրա հրահանգով գիշերը՝ մարդկանցից թաքուն, բոլոր նավերը հրդեհեցին ու խորտակվեցին՝ այդ կերպով կտրելով նահանջի ճանապարհը իր փոքրիկ բանակի համար:

Կորտեսը հերթական անգամ վա բանկ գնաց՝ գրավի տակ դնելով արդեն ոչ միայն իր կարողությունն ու բարեկեցությունը, այլև կյանքը, որովհետև բացի նրանից, որ նա իր այս քայլով խախտեց Վելասկեսի հրամանը, նա իր և իր ջոկատի համար թողեց միայն մեկ այլընտրանք. հաղթանակ, կամ էլ մահ…

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել