Սերյոժա Օհանջանյանը դեռևս մանկուց գիտակցել է հաշմանդամություն ունեցող մարդու ծանր առօրյան, կենցաղը, դրանից ծագած խնդիրները: Նա պատմում է, որ մինչև տասնմեկ տարեկանը չի կարողացել քայլել: Նրան բուժող բժիշկն ասել է ծնողներին, թե ապարդյուն ժամանակ են վատնում, միայն հրաշքը կարող է օգնել, իսկ հրաշքներ չեն լինում...

Այսօր Սերյոժան, ունենալով մանկական ուղեղային կաթված ախտորոշումը, կարողանում է քայլել: Իսկ նրանց, ովքեր պնդում էին, որ իր ախտորոշմամբ քայլելն ուղղակի անհնար է, պարզապես շշնջում է ՝ «բա ես հիմա ի՞նչ եմ անում »:

Սերյոժան հաճախել է Երևանի թիվ 27 դպրոցը, որտեղ առաջինն է ներդրվել ներառական կրթության փորձը: 

«Ներառական կրթության թիմը՝ ի դեմս Անահիտ Բախշյանի, կարողացավ հասնել նրան, որ բոլոր երեխաների համար, անկախ իրենց մտավոր հնարավորություններից, կրթության կազմակերպումը դպրոցում իրականացվեց յուրաքանչյուրի հնարավորության սահմանում, -պատմում է Սերյոժան, - դա նշանակում է, որ հատուկ դպրոց պետք է գնան ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաները, ծայրահեղ դեպքերում: Բայց այսօրվա հատուկ դպրոցներում սոցիալապես անապահով երեխաներ էլ են գնում, ինչը պետք է բացառել»: 

Դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն այնքան բարենպաստ է եղել, որ նրա համար դժվար չէր նոր հայացքներին ընտելանալը: «Բարեբախտաբար շրջապատի կողմից սառնություն ու անտարբերություն չեմ զգացել, իսկ հասակակիցների կողմից վերաբերմունքը միշտ ջերմ ու անմիջական է եղել», - նշում է Սերյոժան: 

Դպրոցում ստացած վերաբերմունքի և կրթության պես դրական դժվար է խոսել բուհական համակարգի մասին, քանի որ ինչպես նկատում է մեր զրուցակիցը, Հայաստանի բուհական համակարգում որևէ հստակ քայլ չի ձեռնարկվում, իսկ ձեռնարկվելուց էլ՝ ոչ արդյունավետ է, և որևէ կերպ չի նկատվում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը վերոնշյալ խնդիրների լուծման գործընթացում:

«Արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում բուհական ոլորտից և վերջինիս առնչվող բարեփոխումների մշակումից: Նույնիսկ հասարակությունը տեղյակ չէ վերոնշյալ խնդիրներից», - նշում է նա:

2008թ. հուլիսի 3-ին Սերյոժայի մայրը՝ Անժելա Օհանջանյանը, նախաձեռնում և հիմնում է «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող ՀԿ -ն: Այժմ կազմակերպության ղեկավարն իր որդին է: Իր ՀԿ-ի գործունեության առանձնահատկությունը հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին հուզող բոլոր բնագավառներին հավասարապես ուշադրություն դարձնելն է, ինչպես նաև այդ ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված առավել նպատակահարմար ծրագրերի իրականացումը: Սերյոժան կարևորում է այն փաստը, որ «ԷԽՈ» ՀԿ-ի գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը, փոխադարձ հարգանքը և կառուցվածքային հստակությունը: Կազմակերպության կողմից իրականացվող բազում ծրագրերից Սերյոժան հատկապես առանձնացնում է 2012-ից հրապարակված իրազեկման բլոգը 
Իրազեկվեք իրականությամբ ), որի նպատակն է հասարակության զարգացումն ու իրազեկումը, քանի որ օրենքի առջև հավասարությունն առավել լայն հասկացություն է և ներառում է նաև հավասարությունը դատարանի առջև: 

Գուցե շատ ծնողների և հաշմանդամություն ունեցող երիտասարդների կթվա, թե հաշմանդամությունն ամբողջությամբ սահմանափակում է մարդու հնարավորությունները, սակայն, ինչպես նշում է Սերյոժան. «դու կարող ես ողջ աշխարհին ասել, որ դու էլ ես անհատ, դու էլ ունես հարգանքի և սիրո կարիք: Մի կարծիր, թե դա անհնար է, և պատճառներ մի փնտրիր»: Իսկ ապագային մասին նա խոսում է լավատեսորեն, քանի որ «գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան»: 

Դեռևս մանուկ հասակից հաշմանդամության դժվարությունները, իր առաջ փակվող դռները սեփական ուժերի հանդեպ հավատքով, լավատեսությամբ և նպատակասլացությամբ հաղթահարած այս երիտասարդն իր ձեռքբերումների գաղտնիքը բնորոշում է Դեյլ Կարնեգիի խոսքերով՝ «Եթե ձեզ բաժին է ընկել կիտրոն, ապա ստացեք նրանից լիմոնադ»: Մտածելու տեղիք է տալիս, այնպես չէ՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել