1․ Ճչացող մումիա

Այս լուսանկարում պատկերված մումիան հայտնաբերվել Է Գաստոն Մասպարոյի կողմից 1886թ.-ին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն ուժգին ճչում է: 1886 թվականին եգիպտական հնությունների հետազոտող Գաստոն Մասպերոն մի սովորական դագաղ հայտնաբերեց, որի մեջ գտնվող դիակը փաթաթված էր ոչխարի մորթով: Մումիայի ձեռքերն ու ոտքերը կապված էին, իսկ կիսաքայքայված դեմքին հստակ դաջվել էր վերջին ճիչը, որն ակնհայտորեն տառապանքի ճիչ էր։ Հնէաբաններն իրենց հայտնագործությունը պայմանականորեն անվանեցին «Անհայտ E մարդը»: Փորձագետներն առաջ քաշեցին մի ենթադրություն, որի համաձայն հանգուցյալին կա՛մ թունավորել են, կա՛մ կտտանքների ենթարկել, կա՛մ առհասարակ ողջ-ողջ  թաղել: 2008 թ․-ին «National Geographic» ալիքը ճչացող մումիայի հանելուկին նվիրված վավերագրական կինոնկար նկարահանեց։ Այդ կինոնկարում դիտարկվում էր այն տեսությունը, որ դա փարավոն Ռամզես III-ի որդու՝ արքյազն Պենտևերի դիակն է։ Վերջինս կասկածվում էր սեփական հոր սպանությունը ծրագրելու մեջ։  12-րդ դարի հինավուրց փաստաթղթերը փաստում են, որ Ռամզես III-ի կանանցից մեկը դատվել է թագավորի դեմ դավադրություն կազմակերպելու համար։ Նա ցանկանում էր սպանել Ռամզեսին, որպեսզի իր որդի Պենտևերը զբաղեցնի գահը։ Համարվում է, որ այն ժամանակ, երբ այս դավադրությունը բացահայտվել է, Ռամզեսի կինը արքայազնին ուղարկել է իբրև պատիժ և նրա մարմինը պատել ոչխարի մորթով։ Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա հնարավոր է, որ «ճչացող դեմքը» ցավ է արտահայտել կամ այդպես ծամածռվել է թույնի ներգործությունից։ Այնուամենայնիվ, սա ընդամենը մեկն է առկա բազում տեսություններից։

2.Հավերժական կանթեղներ

 
Դարի կեսին աշխարհի բազում վայրերում հայտնաբերվեցին վառվող կանթեղեր, որոնք վառ պահելու համար վառելիք չէր պահանջվում։ Դրանք փակված էին գերեզմանոցներում ու հավանաբար նախատեսված են եղել հանգուցյալի ուղին դեպի հանդերձյալ աշխարհ լուսավորելու համար։ Այդ գերեզմանոցների դուռը բացելով՝ գիտնականներն ամեն անգամ տեսնում էին, որ այդ կանթեղերը վառվում են։ Սնահավատ մարդիկ ահաբեկվում էին այս երևույթից և ոչնչացնում իրենց պատահած յուրաքանչյուր անմար կանթեղը։ Որոշ մարդիկ այս երևույթի գոյության մեջ մեղադրում էին հեթանոս քրմերին։ Այլք էլ չէին հավատում, որ կանթեղը կարող էր անորոշ ժամանակ վառված մնալ։ Այս անհավանական երևույթի ականատեսների մեծ մասը պնդում էր, որ դրա ստեղծման մեջ սատանայի մատն է խառը։ Կային նաևմի շարք տեսություններ, որոնց համաձայն նմանատիպ գործերում մասնակցում էին եվրոպական համայնքները, որոնց ներկայացուցիչները հայտնագործել և իրենց կենցաղում օգտագործում էին մի տեխնոլոգիա, որը ներկայումս հայտնի է իբրև «էլեկտրաէներգիա»։ Ըստ մի առասպելի՝ Հեիել անունով մի ֆրանսիացի ռաբբի ուներ այնպիսի կանթեղեր, որոնք վառվում էին առանց վառելիքի կամ պատրույգի։ Եթե հավատանք շշուկներին, Հեիելը նաև հատուկ կոճակ է հայտնագործել, որը հասցնում է էլեկտրական հոսանքը դռնային մետաղական մուրճին: Եթե որևէ մեկը դիպչում էր դրան այն ժամանակ, երբ ռաբբին կպչում էր հատուկ մեխին, մարդը ցնցում էր ստանում ու ցավից կծկվում։ Այնուամենայնիվ, անգամ մեր օրերում, երբ էլեկտրաէներգիայով այլևս ոչ մեկի չես զարմացնի, բոլոր նրանք, ովքեր փորձել են անմար կանթեղի նմուշ ստեղծել, մատնվել են անհաջողության։ Այդ իսկ պատճառով մինչ օրս էլ գաղտնիք է մնում, թե ինչպես կարող էին կանթեղները հարյուրավոր տարիների ընթացքում առանց որևէ վառելիքի շարունակել վառվել։

3․ Զալցբուրգյան զուգահեռանիստ

1885 թ․-ին ավստրիական գործարանում մի աշխատակից ածուխի մեջ տարօրինակ առարկա գտավ, որը հետագայում անվանվեց «զալցբուրգյան զուգահեռանիստ» և «Վոլֆսեգի մետաղ»։ Գիտնականներն այդ առարկայի մեջ մի շարք ճաքեր ու մանր ծակեր տեսան, ինչպես նաև գունավոր խորը ճեղք, որը գտնվում էր քարի կենտրոնում։ Ուսումանսիրելով այդ քարը՝ գիտնական Ադոլֆ Հուրլտը հայտարարեց, որ այդ խորհրդավոր առարկան երկնաքար է։ Սակայն ավելի ուշ Վիեննայի Բնական պատմության թանգարանում անցկացված հետազոտությունը գիտնականներին հանգեցրեց այն եզրակացությանը, որ գտնված զուգահեռանիստը երկնաքար չէ, այլ ձեռակերտ առարկա է, որն ավելի քան 60 մլն․ տարվա վաղեմություն ունի։
Զալցբուրգյան զուգահեռանիստի խորհրդավոր պատմությունն  այսքանով չի սահմանափակվում։ Ասում են, որ այս արտասովոր արտեֆակտը վաղուց անհետացել է և փախարինվել կեղծ պատճենով։ Ըստ դավադրության տեսություններից մեկի՝ գիտնականները վերջնականապես լուծել են զալցբուրգյան զուգահեռանիստի հանելուկը՝ բացահայտելով, որ այն ոչ այլինչ է, քան ժայռաբեկոր։ Դրանից հետո նրանք կորցրել են ողջ հետաքրքրությունը այս գտածոյի հանդեպ։ Անկախ ամեն ինչից, զալցբուրգյան զուգահեռանիստը շարունակում է մնալ իր սովորական տեղում՝ Վիեննայի թանգարանում։

4․ Պանկսիանյան քարանձավներ

Պանկսիանյան քարանձավները հայտնի են նրանով, որ մոտ 300 հազար տարի առաջ բնակատեղի են հանդիսացել վաղնջական ժամանակների մարդկանց համար։ Հայտնի է նաև, որ դրանց մոտակայքում բնակվել են բազմաթիվ խոշոր կենդանիներ։

Գիտնականների զարմանքին չափ չկար, երբ քարանձավներում տեսան ստոգոդոնների (վաղնջական կնճիթավոր կենդանիների) և ռնգեղջյուրների նախնիների դիակների մնացորդները։ Այս գտածոները վկայում են այն մասին, որ հինավուրց հսկաները բնակվել կամ առնվազն մահացել են այս քարանձավների տանիքի ցվիքի տակ։ Ամենազարմանալին այս բնական շինությունների դիրքն է։ Դրանք գտնվում են ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա, ինչը բավականին բարձր է, որպեսզի այս գազանները բնակություն հաստատեին այնտեղ։  
Ըստ հնէաբանների պնդումների՝ այսքան մեծ բարձունքների համար ոչ բնորոշ գտածոները ոչ մի կերպ չեն համապատասխանում ստեգոդոնների և հինավուրց ռնգեղջյուրների վարքագծի մասին ընդունված պատկերացումներին։ Վերջիններս առհասարակ հոտի կենդանիներ չէին հանդիսանում և նախընտրում էին միայնակ արածել մարգագետիններում։ Այնուամենայնիվ, հինավուրց կենդանիների մնացորդները գտնվել են պանկսիանյան քարանձավներում այնպիսի մեծ ծավալներով, որ պատահականության մասին խոսք լինել չի կարող։
Միանգամայն հավանական է տեսությունը խոշոր նախապատմական գիշատիչների մասին, որոնք իրենց խոշոր որսին բերում էին քարանձավ։ Հնարավոր է նաև, որ այդ գիշատիչներն իրականում մարդիկ էին։ Մի քանի ոսկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ժամանակին դրանք վառվել են։  

5․ Տիկինը փշածածկ գահին

Մ․թ․ա․ 2700 թ․-ից մեզ հասած այս խորհրդավոր առարկան կոչվում է «Տիկինը փշածածկ գահին»։  Այս արտեֆակտը համարվում է հնէաբանների կողմից երբևէ հայտնաբերված ամենատարօրինակ հինավուրց առարկաներից մեկը։ 
Գտածոն մեծ սայլի տեսք ունի։ Հնարավոր է, որ այն մարտակառք կամ նավ է եղել։ Սայլի սկզբնամասը ցլի գլխի է նման։ Սայլի մեջ 15 մարդու քանդակ կա։ Այդ քանդակների մակերեսին նշմարվում են դեղին, կարմիր ու սև ներկերի հետքեր։ Սայլի միջի մարդկանց հագուստն ու արդուզարդը չափազանց արտասովոր են և նման չեն այլ հնագիտական գտածոների դետալներին։ Սայլի վրա նստած է նաև մի կանացի կերպարանք։ Նա ասես փշածածկ գահի վրա նաստած լինի։ Հետազոտողները հանգել են այն եզրակացությանը, որ այս արտեֆակտը պատկանում է հին հինդուիստական քաղաքակրթություններին, սակայն դրա նշանակությունը պարզել չի հաջողվում։ Գիտնականները ոչ մի ապացույց չունեն, որը կվկայեր, որ այդ քաղաքակրթություններում օգտագործվել են չորսանվանի տրանսպորտային փոխադրամիջոցներ։ Այս խորհրդավոր առարկայի շուրջ մինչ օրս էլ թեժ քննարկումներ են ընթանում։

6․ Գալիլեյան ծովի հինավուրց կառույցները  



2003 թ․-ին գիտնականները պատահաբար հայտնագործեցին մի մեծ կառույց, որը գտնվում էր Գալիլեյան ծովի տակ։    Մոտ 10 տարի անց հրապարակելով հետազոտության արդյունքները՝ երկրաֆիզիկոս Շմուել Մարկոն կիսվեց այս հայտնագործության մասին ունեցած իր տպավորություններով։ Նա նշում էր, որ ինքն ու իր գործընկերները շատ զարմացած էին՝ ջրի հատակին տեսնելով մի այնպիսի բան, որը Բրոնզե դարի արվեստի ստեղծագործություն էր հիշեցնում։ Հնէաբանների մեծ մասը համարում են, որ այս խորհրդավոր առարկաներն ավելի վաղ գտնվել են ցամաքի վրա և ժամանակի ընթացքում են անցել ջրի տակ։ Խորհրդավոր կառույցը բազալտից է ու մոտ 100-կիլոգրամանոց քարերից կազմված  կոնի ձև ունի։ Այն 70 մետր լայնություն ու 10 մետր երկարություն ունի, իսկ դրա քաշը մոտավորապես 60000  տոննա է։ Սա Սթոնհենջի կրկնակի մասշտաբն է կազմում։ Այս կառույցի ստույգ վաղեմությունը հայտնի չէ։ Ասում են, որ այն 2 000-12 000 տարվա վաղեմություն կարող է ունենալ։ Հնէաբան Դանի Նադելը նշել է, որ այս գտածոն  որոշ առումներով նման է այս տարածքի հինավուրց գերեզմաններին։ Նա ավելացրել է, որ հնարավոր է, որ կառույցը շահագործվել է ծիսական նպատակների համար։

7.  Անտիլոպ-Սփրինգսի խորհրդավոր ոտնահետքը  


1968 թ․ հունիսի 1-ին հանածո-հնություններ որոնող Վիլյամ Մայստերը իր ընտանիքի հետ մեկնեց հանգստանալու Անտիլոպ-Սփրինգս կոչվող վայրում։ Անգամ հանգստի ընթացքում Մայստերի որոնողական բնազդը չէր կորել։ Առաջնորդվելով այդ բնազդով՝ Մայստերն ուղևորվեց հանածո տրիլոբիտներ (եռաբլթակներ) որոնելու։ Զննելով շրջակայքը՝ նա գտավ մի բրածո, որի վրա կոշիկի հետք հիշեցնող ինչ-որ բան կար։ Ոտնահետքից մի փոքր ներքև Վիլյամը երկու բրածոյացած տրիլոբիտ գտավ։ Փորձաքննության ենթարկելով իր գտածոն՝ Վիլյամը մի քանի այլ գիտնականների հետ միասին հանգեց այն եզրակացությանը, որ հայտնաբերված բրածոն մոտ 600 մլն․ տարվա վաղեմություն ունի։ Չնայած բազում ուսումնասիրություններին՝ բազմաթիվ հարցեր մինչ օրս էլ անպատասխան են մնում․ ո՞վ կարող էր այդպիսի ոտնահետք թողնել նման հնության մեջ և առհասարակ ինչպե՞ս էր հնարավոր ոտնահետք թողնել այնպիսի վայրում, որտեղ տրիլոբիտներ են բնակվել, այսինքն՝ հինավուրց ծովում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել