Վարչական բողոք բերելու իրավունք ունեն վարույթի մասնակիցները կամ այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը շոշոփվել են վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով: Նշված անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու ինչպես վարչական ակտերը այնպես էլ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը:  

Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին կամ վարչական մարմնի վերադաս վարչական մարմին: Եթե ակտը բողոքարկվել է ակտն ընդունած վարչական մարմին և (կամ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմին, ապա բողոքը ենթակա է քննարկման բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում: Այդ դեպքում բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնում բողոքի առնչությամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման: Եթե ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է:

Բողոքը պետք է պարունակի՝

  • այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
  • բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում`իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
  • բողոքարկման առարկան.
  • բողոք բերողի պահանջը.
  • բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
  • բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
  • բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում`նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

Վարչական բողոքը կարող է բերվել `

  • վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
  • վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից 1 ամսվա ընթացքում.
  • վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
  • գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում`վարչական ակտի ուժի մեջ տնելու օրվանից 1 տարվա ընթացքում:

Վերը նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Հարգելի պատճառ կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը: Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում`նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները): Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:

Քրիստինե Նշանյան

Փաստաբան

[email protected]


Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել