Օրվա կարևորագույն իրադարձությունն է դարձել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Սյունիքում անցկացրած սոցհարցումը: Ավելի ճիշտ, այդ հարցմանն ի պատասխան՝ գորիսեցի Արա Բուդաղյանի ցասումով լի նամակը, որը տեղադրվել է սոցցանցերում, լրատվական կայքերում: Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը 2013 թվականի հունիսի 1-ին Գորիսում, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բակում, սպանված Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրն է: Արա Բուդաղյանը կասկածի տակ է առել տխրահռչակ, միշտ իշխանությունների պատվերները կատարող սոցիոլոգի հրապարակած արդյունքները: 
Նախ, հետաքրքիր է, թե ինչու էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը, որը վերջին մեկ տարում խիստ լարված հարաբերույթուններ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ, սոցհարցում պատվիրել: Գուցե նրան հետաքրքրե՞լ էր, թե իր որդի Վահե Հակոբյանի պաշտոնանկությունից և այլ աշխատանքի անցնելուց հետո ինչ վերաբերմունք ունի սյունեցին Սուրիկ Խաչատրյանի հանդեպ, որը, ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է վերանշանակվի իր նախկին պաշտոնում: Բացի շրջանառվող լուրերից, կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խիստ շահագրգռված են Լիսկայի վերադարձով, և հենց այդ վերադարձով էլ պայմանավորված էր Վահե Հակոբյանի շուտափույթ տեղափոխումն այլ աշխատանքի: Ավելին, ըստ մեր ունեցած միանգամայն հավաստի տեղեկությունների, Արմեն Գևորգյանը Վահե Հակոբյանին տեղեկացրել է, որ հաջորդ մարզպետը Սուրիկ Խաչատրյանն է լինելու…
Մաքսիմ Հակոբյանի նախաձեռնությունն արդարանում է, որովհետևՍյունիքի ամենահարուստ մարդուն հատկապես չափազանց հետաքրքիր է, թե հետագայում ինչպիսի մարտավարություն է ունենալու, ինչպես են դասավորվելու իր գործերը, եթե մարզպետը Սուրիկ Խաչատրյանն է լինելու: Եվ հենց իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար էլ նա պատվիրել է սոցհարցում՝ Ահարոն Ադիբեկյանին վճարելով 1,5 մլն դրամ: Անտարակույս, վիճարկելի է սոցիոլոգի պահանջած գումարի չափը, քանզի նման սոցհարցումները չեն կարող անցնել եռանիշ թվերի սահմանները, բայց Ահարոնը, տեսնելով իր դիմաց շահագրգիռ ու հարուստ մարդու, որոշել է հերթական անգամ հարստանալ՝ հաշվարկելով, որ հազիվ թե մինչև 2016 թվականը, երբ քվեարկության դրվի սահմանադրական բարեփոխումների փաթեթը, կարողանա նման ,,չաղ պատառ,, փախցնել: Վստահորեն կարելի է ասել, որ առաջին անգամ Ահարոն Ադիբեկյանը չի կեղծել և ներկայացրել է թվեր, որոնք մոտ են ճշմարտությանը: Բայց ո՞ր ճշմարտությանը: Նախ, նշենք, որ հարյուրավոր սյունեցիներ զարմացած են՝ տեղեկանալով Ահարոնի իբր անցկացրած սոցհարցման մասին: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցներում մեզ ծանոթ շատ սյունեցիներ ժխտեցին իրենց մասնակցության մասին, նաև պնդեցին, որ կասկածում են սոցհարցում անցկացնելու փաստին: Ստացվում է, որ Մաքսիմ Հակոբյանից ստանալով գումարը և պատվերը՝ Ահարոնը շարժվել է այլ ուղղությամբ: Գնացել է հենց նրանց մոտ, ովքեր այս օրերին հանդես են գալիս հայտարարություններով, պաշտպանում Սուրիկ Խաչատրյանին: Մեռզ հետ ունեցած զրույցում Սուրիկ Խաչատրյանը հաստատեց, որ մեծ թվով համայնքապետեր դիմել են իրան, խնդրել նորից ստանձնել մարզպետի պարտականությունները: Ըստ Սուրիկ Խաչատրյանի, իրեն պաշտպանում է համայնքապետերի և Սյունիքի բնակչության մոտ 60 տոկոսը: Այսինքն, հիմնականում ՀՀԿ-ականները, նրանք, ովքեր ակնկալիքներ ունեն Սուրիկ Խաչատրյանից, ովքեր տարբեր ժամանակներում օգտվել են նրա բարեկամությունից և բարյացկամությունից: Բնականաբար, նրանց հետ աշխատանքներ են տարել ՀՀԿ էմիսարները, գուցեև Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու հարազատները: Իհարկե, Սուրիկ Խաչատրյանը ժխտեց ստորագրահավաքների, պարտադրանքների մասին խոսակցությունները, սակայն չհերքեց, որ իր պաշտոնավարման շրջանում կարողացել է ձևավորել իր թիմը, իր համախոհներին, որոնք էլ այսօր ամեն ինչ անում են, որպեսզի նախկին մարզպետը վերադառնա:
Եվ նրանց միացել է Ահարոն Ադիբեկյանը, ինչպես ասում են, խաղալով նույն դաշտում: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե Ահարոն Ադիբեկյանը սոցհարցում է իրականացրել, այլ ընդամենն արտագրել է Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների մոտ առկա ցուցակներն ու ներկայացրել որպես սոցհարցման օբյեկտիվ պատկեր: Եվ այստեղ էլ նա վարկաբեկել է սոցիոլոգիան, որովհետև այս գիտությունը համակողմանիություն և օբյեկտիվություն է պահանջում, մինչդեռ Ահարոնն առաջնորդվել է Սուրիկ Խաչատրյանի մտերիմների ցուցակներով: Իսկ այդ ցուցակներում, այո, 60 հազարից ավելի ստորագրություն կա, ինչը լուրջ մտորումների առիթ է տալիս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել