«Փուչիկն ընկավ սեղնաի տակ, մի օր, մի օր.. կներեք, հարցը որն էր?»

«Փուչիկն ընկավ սեղնաի տակ, մի օր, մի օր.. կներեք, հարցը ո՞րն էր»:

ԵՐԵՎԱՆ – Նոր նստաշրջանի կապակցությամբ ՀՀԿ խոսնակը ներկայացրել է իշխանության նոր` «մարդամոտ» աշխատանքի գաղափարը: «Դա լինելու է հեղափոխական նոր մոտեցում, որի նպատակն է սերտացնել հարաբերությունները ընդդիմության հետ,» – անանուն աղբյուրի հետ մտերմիկ զրույցում նշել է Էդուարդ Շարմազենկոն:

Նոր մոտեցմանը անդրադարձել է նաև ՀՀԿ համանախագահ, ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը. «Մենք բոլորովին չենք գործել այն ճանապարհով, որ.. այո կան մարդիկ և կան իրողություններ և, ինչու ոչ, գործառույթներ, մեր գործընկերների համար»:

ԱԺ խոսնակի խոսքերը պարզաբանեց արագ մոտեցած ՀՀԿ խոսնակը. «Պարոն Սահակյանը փորձում է ասել, որ մենք պատրաստ ենք ավելի շատ լսել մեր ընդդիմադիր գործընկերներին ԱԺ-ում, չկոպտենք իրենց ամեն հարցում և ընդհանուր առմամբ անտեսենք իրենց տեսակետը առավել ցիվիլ եղանակով»:

Իշխանական այլ աղբյուրներից արդեն հայտնի է դարձել, որ ընդդիմության հանդեպ լինելու է ընդգված բարի վերաբերմունք: Ամեն անգամ որևէ ընդդիմադիր նախագիծ մերժելուց առավել մեղմ ու ոգևորիչ խոսքեր կընտրվեն, ինչպես նաև այդ օրը բուֆետում կտրվի 20% զեղչ քաղցրեղենի համար:

Ընդդիմությունը մասամբ ոգևորված է ընդունել իշխանության նորարարությունը: ՀԱԿ քարտուղար Լևոն Զուրաբյանը կիսվել է իր վերապահումներով. «Առաջընթաց իհարկե կա. եթե առաջ մեր ցանկացած նախաձեռնությանը անմիջապես պատասխանում էին «Հաջողություն ձեզ», ապա հիմա արդեն սկսում են մեղմ ժպտալ, լսել մեր առաջարկությունը և միայն հետո են ասում` «Հաջողություն ձեզ»»:

«Մենք ոչ մի բան չենք խոստանում, բայց բյուջեում կան ավելորդ փողեր, իսկ փողոցներում` անտուն թռչուններ», - քաղաքապետարան

«Մենք ոչ մի բան չենք խոստանում, բայց բյուջեում կան ավելորդ փողեր, իսկ փողոցներում` անտուն թռչուններ», – քաղաքապետարան

Վերլուծաբանները վստահ են, որ նոր գործելաոճը կապված է նոր վարչապետի մոտեցման հետ: «Դա միայն ընդդիմության հարցում չէ լինելու: Բոլոր հարցերում: Կոռուպցիան և փողերի լվացումը ևս ավելի հաճելի և ցիվիլ տեսք են ստանալու,» – վստահեցնում է քաղաքագետ Անաստաս Շպունցը:

«Կլինեն բազմաթիվ հաճելի անակնկալներ` արագաչափի տուգանքի թերթիկի ներքևում կլինեն սմայլիկներ, ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կաշառք վերցնելուց հետո հարազատ եղբոր նման կգրկի վարորդին, կմաղթի բարի ճանապարհ և որոշ դեպքերում նաև կտրամադրի ձմերուկի համով մաստակ»:

Անանուն աղբյուրներն արդեն կոչ են անում երևանցիներին մոռանալ ասֆալտապատման տանջալից գործընթացը, քանի որ այսուհետ փողերի լվաքցը ևս կիրականացվի ավելի ցիվիլ եղանակով: «Հաջորդ տարվանից քաղաքապետարանը պատրաստելու է 73 հազար թռչնաբույն /սկվորեչնիկ/ Երևանի անտուն թռչունների համար»,- նշում է անանուն աղբյուրը:

Քաղաքապետարանից սույն լուրը ոչ հերքում ոչ հաստատում են. «Այո, կա խնդիր, կան անօթևան թռչուններ և կա վճռականություն խնդիրը լուծելու: Հա, կա նաև մեծ ֆինանսական ռեսուրս այդ խնդիրը լուծելու: Բայց ավելին այս պահին ասել չեմ կարող», – արձագանքել է քաղաքապետարանի ֆինանսական պլանավորման բաժնի ղեկավարի առաջին օգնականի ենթաներկայացուցչի մամուլի խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել