Երբ ամենօրյա կյանքում առնչվում ես նույնանման երևույթների հետ և կյանքիդ գույները խամրում են, ակամայից մտածում ես նոր ու հետաքրքիր նորույթի մասին: Նորույթ, որը կփոխի կյանքիդ ռիթմը, կհարստացնի կենցաղային ներկապնակդ նոր գույներով և իհարկե կյանքի նոր էջ բաց կանի: Ահա այս ներշնչանքով համակված որոշեցի ի վերջո ի կատար ածել վաղուցվա անկատար երազանաքս՝ երկխոսության մեջ մտնել երկանիվ բարի փոխադրամիջոցի հետ:

Հեծանիվ վարել կարողանալու մեծ ձգտումս այնքան ոգևորեց ինձ, որ լինելով սպորտից շատ հեռու կանգնած մարդ՝ գնացի Օպերայի բակ, որտեղ հավաքվել էին մի խումբ հեծանվասերներ: Հասկացա, որ հետաքրքիր միջոցառում է ընթանում և որոշեցի հետևել ընթացքին: Միջոցառմանը մասնակից հեծանվորդները միմյանց հետ փոխանակվում էին իրենց փորձով, արկածներով, հմտություններով և հնարքներով: Ցուցադրվեցին հեծանվային հետաքրքիր հնարքներ՝ պտույտներ օդում, խաղային և ոլորապտույտ էքստրեմալ հնարքներ, որոնք հաճույք և զարմանք էին պատճառում ներկաներին, հատկապես էքստրիմի սիրահարներին:

Շատ զարմանալի բան է կյանքը. ով կմտածեր, որ հեծանիվը կարող է մարդու կյանքը փոխել, սովորեցնել կյանքը նորովի գնահատել: Այս մտքերով համակված պարզեցի միջոցառման կազմակերպման նպատակը. այն է՝ Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացում և էքստրեմալ արշավների կազմակերպում: Մտովի ուրախացա և հասկացա, որ ունենալով այսպիսի երիտասարդներ, ամեն ինչ չէ, որ կորած է մեր երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել