Tert.am-ը գրում է․

Հայաստանը շահագրգռված է Սևծովյան տնտեսական համագործակցության ձևաչափի հետագա զարգացմամբ. այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի իր բացման խոսքում ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով։ Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահի աշխատակազմից։

Բացման խոսքում, մասնավորապես ասվում է. 

«Հարգարժան նախագահող, 
մեծարգո Գլխավոր քարտուղար,
հարգելի գործընկերներ, հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարևորում է փոխգործակցության ամրապնդումը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որն այսօր հանդիսանում է Սևծովյան տարածաշրջանում համագործակցության խթանման կարևոր մարմիններից մեկը: 

Այս ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները մեր երկրների խորհրդարանականներին հնարավորություն են ընձեռում առավել կենտրոնանալ տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծմանն ուղղված միասնական որոշումների ընդունման շուրջ: 

Վստահ եմ, որ տարածաշրջանում տնտեսական արդյունավետ համագործակցության համար գոյություն ունի մեծ ներուժ: Անհրաժեշտ է խրախուսել ներդրումները տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման, հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Կարևոր դեր կարող են ունենալ նաև մշակութային, կրթական, գիտական ծրագրերը, զբոսաշրջության զարգացումը: Նման շփումները նպաստում են միմյանց ավելի լավ ծանոթանալու և մեր երկրների միջև երկխոսության հաստատմանը: Սա նաև կարևոր նախապայման է ակտիվ գործարար կապերի հաստատմանը: Ձեր օրենսդրական գործունեությամբ մենք կարող ենք բարենպաստ իրավապայմանագրային դաշտ ստեղծել նշված խնդիրները կյանքի կոչելու համար: 

Վեհաժողովի անդամ երկրներն ունեն ընդհանուր շատ արժեքներ և նպատակներ. խաղաղության, կայունության և բարեկեցության հաստատում Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների հաստատում: 

Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար: 

Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի բազմակի խախտման դեպքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որի հետևանքով եղան մարդկային կորուստներ, վկայում են, որ դրանք կարող են իրական սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար: Դատապարտելի են նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի հարաճուն չափն ու իշխանությունների կողմից հնչող Լեռնային Ղարաբաղի խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ռազմատենչ հայտարարությունները:  

Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները կառուցողական ոգով շարունակելու համար: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրացումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել