Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ գնաց: Տաճարում տեսավ արջառ, ոչխար և աղավնի վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին սեղանների հետևում: Պարանից նա մի խարազան շինեց և սկսեց տաճարից դուրս հանել բոլորին՝ իրենց ոչխարներով և արջառներով հանդերձ. լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց և շուռ տվեց նրանց սեղանները: Իսկ աղավնեվաճառներին ասաց.
-Վերցրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք:
Այն ժամանակ նրա աշակերտները հիշեցին Սուրբ գրքում գրվածը. «Քո տան նկատմամբ իմ ունեցած նախանձախնդրությունը պիտի այրի ինձ»:
Սակայն հրեա ղեկավարները հարցրին Հիսուսին.
-Ի՞նչ նշանով կարող ես ցույց տալ մեզ, թե դու իրավունք ունես այդ բաներն անելու։
Հիսուսը պատասխանեց նրանց.
-Քանդեցե՛ք այս տաճարը, և երեք օրից ես կվերաշինեմ այն։
Հրեաներն ասացին.
-Դու երեք օրի՞ց կվերաշինես. քառասունվեց տարի տևեց սրա շինարարությունը։
Բայց տաճարը, որի մասին խոսում էր Հիսուսը, իր մարմինն էր։ Եվ երբ նա մեռելներից հարություն առավ, աշակերտները հիշեցին, թե ա՛յդ էր նրա ասածը, և հավատացին Սուրբ գրքում գրվածին և Հիսուսի խոսքին։
(Հովհաննեսի ավետարան 2:13-21)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել