Շատերիս համար ակնհայտ է ռուսական քաղաքականության բացասական դերը Հայաստանի պետականության կայացման գործում: Այստեղ համապատասխան փաստեր ներկայացելու կարիք չկա, դրանք հայտնի են պատմությանը քիչ թե շատ ծանոթներին:

Շանթ Հարությունյանը, որին մեծ հարգանքով եմ վերաբերվում, վերջերս հայտարարություն էր արել, որ «Ռուսաստանը պետք է դուրս մնա Մինսկի խմբի համանախագահների շարքից եւ նրա փոխարեն համանախագահ դառնա եվրոպական մեկ այլ պետություն», և որպես հիմնավորում ասել թե «ռուս-թուրքական պայմանագիրը գործում է առ այսօր, 1991 թվականին Ելցինն ու Դեմիրելը նշել են այդ պայմանագրի 70, իսկ 2011 թվականին էլ Մեդվեդեւն ու Էրդողանը նշել են այդ պայմանագրի 90-ամյակը»:

Սա անկասկած շատ կարևոր և արդարացի փաստարկ է:

Սակայն մենք պետք է հաշվի առնենք նաև այն պարզ իրողությունը, որ այս տարածաշրջանի իրավիճակի վրա ահռելի ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները և տարածաշրջանի հզոր տերությունները, որոնց շահերը միմյանց նկատմամբ լուրջ հակասությունների մեջ են, ինչը հանդիսանում է հավասարակշռող գործոն: Այս հանգամանքը չպետք է թերագնահատվի մեր կողմից: Նշածս գործոնի դրական ազդեցության վառ ապացույցն է օգոստոսի առաջին օրերին պատերազմի սկիզբ դառնալու հավանականության հասած լարվածության չեզոքացումը, իհարկե այդտեղ էական էր հայկական բանակի դերը, որին աջակցեց նաև հանրությունը:

Խոսելով  արևմտյան տերությունների մասին, մի հանգամանք ևս չպեք է թերագնահատենք - որքան էլ համարվում է թե ի տարբերություն այլոց, այդ երկրները քաղաքականությունը վարում են քաղաքակիրթ ձևով, միևնույն է նրանք առաջնորդվում են միմիայն սեփական շահերով, որոնց մեջ մտնում է թույլ չտալ նոր հզոր պետության կայացումը, քանի որ այն կարող է մրցակցել և´ տնտեսական և´ քաղաքական խնդիրներում, իսկ հակառակ պարագայում, այսինքն թույլ պետականությամբ երկրի, այն դիտարկվում է որպես ռեսուրսային կցորդ, ինչի ականատեսն ենք Հյաստանի պարագայում: Սա է պատճառը, որ արևմտյան երկրները, ինչպես այլ օտարները, շահագրգռված են մեր երկրում ոչ լեգիտիմ իշխանության պահպանմամբ:

Նկատի ունենալով այս ամենը հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Ռուսաստանի Դաշնության դուրս մղումը կհանգեցնի առկա հավասարակշռության խախտմանը և դրանից բխող հայերիս համար բոլոր հնարավոր կործանարար հետևանքներին: Չպետք է աչքաթող անենք, որ այս տարածքում հայերս գոյատևում ենք շնորհիվ հենց այս հավասարակշռության, իսկ թե որքան է հնարավոր պահպանել այն եղած վարչական համակարգի որակով հանդերձ` դժվար է ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել