Նորաթուխ նախագահ Էրդողանը, կարծես թե, արագ մտավ դերի մեջ՝ իրեն վերագրելով չափազանց ավելին՝ թե՛ թյուրք եղբայրների օգտին «փաստաբանության», թե՛ տարածաշրջանին «խաղաղություն» բերելու հարցերում:
Մերթ ընդ մերթ փորձելով «միջնորդությամբ» հանդես գալ արցախյան հակամարտության լուծման հարցում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, երբեք չկարողացավ կամ չցանկացավ թաքցնել իր ընդգծված թշնամական կողմնապահությունը: Հիմա էլ աչքն ունքից բարձրացել է ու ցանկանում է ՆԱՏՕ-ին խառնել այս հարցում: Բնականաբար, ՆԱՏՕ-ն այդքան միամիտ չէ սադրանքի տրվելու համար, սակայն Անկարայի հերթական քայլը պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաև միջնորդ պետություններին:
Չցանկանալով նմանատիպ վարքի պատճառներին և հետևանքներին խորությամբ անդրադառնալ՝ ուղղակի մի հետևություն կուզեի բխեցնել: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ին անդամ պետությունները կարող են դիմել օգնության համար, սակայն որ դա հնարավոր է ոչ սեփական խնդիրների լուծման նպատակով, առնվազն ծիծաղելի է: Հետևաբար, եթե Անկարան իրոք լուրջ է տրամադրված, ուրեմն ինքն իրեն դիտարկում է որպես հակամարտության կողմ, այլապես Ադրբեջանն ուր, ՆԱՏՕ-ն ուր:
Հ.Գ. Ադրբեջանի ու Թուրքիայի մոտ վատ չէ ստացվում «անպոչ գդալի» դերի փոխադարձ ստանձնումը՝ «հանուն եղբայրական պետության խաղաղության և ի հեճուկս ագրեսոր Հայաստանի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել