Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով մոտ 17 էջ ծավալով առաջարկներ ներկայացրած ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց այն ընկալումը, որ ժամանակին ՀՀԿ-ն դեմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին, հիշեցնելով. «Այն ժամանակ , երբ Հանրապետականից պահանջում էին սահմանադրական բարեփոխումներ Հանրապետականը չէր մերժում դա, եթե մերժեր Նախագահ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին չէր առաջարկի այդ բարեփոխումների հանձնաժողովի նախագահի պատասխանատվությունը: Նրանք դա չէին մերժում, ուղղակի դրանով չէին զբաղվում»:

-Սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսներին ՀՀԿ-ն պատասխանում է նրանով, որ դուք առաջ կողմ էիք, հիմա՝ դեմ, բայց նույն բանն էլ նրանք կարող են ասել ձեր մասին, քանի որ երբ ժամանակին պահանջում էին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, ինչը, եթե չեմ սխալվում, այս փոփոխություններով նախատեսվում է և կառավարման խորհրդարանական մոդել, Հանրապետականն էր դեմ:

-Նախ, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության խնդիրը պայմանավորված չէ այս կամ այն քաղաքական ուժի քաղաքական նկատառումներով կամ նպատակահարմարությամբ: Դա պայմանավորված է հանրային կյանքի կազմակերպման հարցում առկա պրոբլեմների իրավական, սահմանադրական կարգավորումների անհրաժեշտությամբ: Եթե ծանոթանաք բարեփոխումների հայեցակարգի նախագծին, ապա կտեսնենք, որ հեղինակներն անկյունաքարային հարցադրումներ են անում, որոնք ուղղված են մի կողմից պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, մյուս կողմից՝ քաղաքացու իրավունքի գերակայության աներկբա ապահովմանը: Օրինակ՝ այնպիսի կարևոր թեզ, ինչպիսին է՝ «Իշխանությունը պատասխանատվություն է, այլ ոչ թե իրավունք», Սահմանադրության մեջ սա հստակ չկա:

-Սահմանադրության մեջ կա, որ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», հետո՞ ինչ:

-Այո՛, բայց «իշխանությունը պատասխանատվություն է», այդ թվում նաև ժողովրդի կողմից, քաղաքացու կողմից, թեզն այնտեղ չկա: Եվ դուրս է գալիս, որ եթե ես իշխանություն ունեմ, ապա նախևառաջ օժտված եմ իրավունքներով, իսկ պատասխանատվությունն ամենավերջինն է: Երկրորդ՝ այդ նույն հայեցակարգում առանձնահատուկ տեղ է վերապահված պետական կառավարման համակարգում իշխանության իրականացման հիերարխիայի կարգավորմանը: Այն, որ մեզանում գործադիր իշխանությունը, ըստ էության, բաժանված է 2 մասի՝ հանրապետության Նախագահ և Կառավարություն, և այդ «երկվությունը» նաև առաջացնում է ստվերային հարաբերությունների մի ամբողջ ծավալ, որը չի նպաստում կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Եվ այս ցանկը կարելի է շարունակել շատ երկար, ես 17 էջի վրա առաջարկներ եմ ներկայացրել հանձնաժողով: Հետևաբար, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային կյանքում առկա պրոբլեմների արմատական փոփոխության անհրաժեշտությամբ, և, որպես կանոն, նման անհրաժեշտությունը , բոլոր հասարակություններում գիտակցում է ոչ թե հանրությունը, այլ այն ծագում է էլիտայի մոտ՝ քաղաքական, մտավորական, տնտեսական: Սա է պատճառը, որ նախաձեռնվել է սա, ինչ վերաբերում է տարբեր քաղաքական ուժերի վերաբերմունքին, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ կախված իրավիճակից՝ քաղաքական մոտեցումները փոխվում են:

Ի դեպ, այն ժամանակ, երբ Հանրապետականից պահանջում էին սահմանադրական բարեփոխումներ, Հանրապետականը չէր մերժում դա, եթե մերժեր նախագահ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին չէր առաջարկի այդ բարեփոխումների հանձնաժողովի նախագահի պատասխանատվությունը: Նրանք դա չէին մերժում, ուղղակի դրանով չէին զբաղվում:

Իսկ «Բարգավաճ Հայաստանն» իր նախընտրական ծրագրում բարձրացնո՞ւմ է սահմանադրական բարեփոխումների խնդիրը, անշո՛ւշտ, «Ժառանգությունը»՝ անշո՛ւշտ, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա եթե բարեփոխումների հանձնաժողովը նախաձեռնել է դա, ու ինչ-որ մեկի դուրը չի գալիս, որ ինքը չի նախաձեռնել, կներե՛ք, դա արդեն կամակորության է նման:

-Այն, որ ասում եք՝ նման նախաձեռնությունները, որպես կանոն, գալիս են էլիտաներից նշանակու՞մ է, որ Դուք հերքում եք այն հայտարարությունները, թե նման փոփոխությունները հասարակական պահանջ են: Այսինքն՝ Դուք կարծում եք, որ շարքային քաղաքացին հետաքրքրվա՞ծ է, որ փոխվի Սահմանադրությունը:

-Շարքային քաղաքացին հետաքրքրված է, որ երկրի վիճակը լավ լինի, կյանքը բարելավվի, կարգուկանոն հաստատվի, արդարություն լինի: Իսկ ինչպե՞ս դա անել, զանգվածների իրավագիտակցությունը բավարար չէ նման մեխանիզմներ ընկալելու առումով: Դրա համար, ասում եմ, նման բարեփոխումները գիտակցում են էլիտաները և նախաձեռնում են, որից շահում են բոլորը: Այն թեզը, որ դա պահանջված չէ, համարում եմ կեղծ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել