Հոգնած տարբեր տարիքի, հետաքրքրությունների ու ապրելակերպի մարդկանց առատությունից լողափին ու ձանձրացած բոլոր սպորտային միջոցառումներից, որոնք առաջարկում էր հյուրանոցի ադմինիստրացիան՝ վերադարձա համար՝ մի քիչ շունչ քաշելու ու քունս առնելու: Նմանատիպ վայրերում ամենապակասող բանը որպես կանոն քունն է: Ընկնում ես քեզ շրջապատող հետաքրքրությունների հետևից ու ժամանակ չես գտնում քնելու համար: 
Որպեսզի արագացնեմ քնելուս պրոցեսը ու ժամեր անց նորից նետվեմ հաճույքների գիրկը միացրի հեռուստացույցն ու ընտրեցի այն սակավաթիվ արաբական երաժշտական ալիքներից մեկը, որն առաջարկում էր հյուրանոցս: Զզվելի մուղամների տակ քնելը բարդ բան դուրս եկավ: Մեկը մյուսից տհաճ ձայն ու անտանելի ելևէջներ, որոնք սղոցում են ուղեղդ ու բզի պես ծակում ականջներդ: 
Կես ժամ տանջվելուց ու տեղերումս գալարվելուց հետո լսեցի ծանոթ ելևէջներ, ու բառեր:
«Ես սիրում եմ քեզ, դու դա լավ գիտես...» Միանգամից վեր թռա տեղիցս, որ հասկանամ, թե ինչ է կատարվում ու որտեղից եմ հայկական երգ լսում, որովհետև ես այն չէի միացրել, իսկ հյուրանոցումս այլ հայեր չկային իմ իմանալով: Արաբական այդ զզվելիագույն ալիքով Նարեկ Բավեյանն էր երգում: Երբ փորձեցի հասկանալ, թե ինչ գործ ունի Նարեկն այստեղ, հասկացա, որ նրա երգ-երաժշտությունն ու ողջ արվեստն ընդանրապես չեն տարբերվում արաբականից ու նա ռեալ կարող էր որպես մրցակից կանգնել արաբ մուղամ քաշողների կողքին: Փաստորեն մեր երգիչների մոտ ստացվում է սպանել ամեն հայկականը ու արաբականացնել մեր արվեստը: 
Մյուս կողմից էլ մտածում եմ գուցե ես եմ հին մարդու պես մտածում ու ողջունել է պետք փաստը, որ մերոնք դուրս են եկել միջազգային ասպարեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել