«Երեկ Աժ-ում քննարկման էր ներկայացված շրջակա միաջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Նախապես այն պետք է ներկայացներ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, սակայն վերջին պահին նրան փոխարինեց իր առաջին տեղակալ Պապյանը: Դա զարմանալի էր, քանի որ հարցը խիստ կարևոր էր, և կառավարությունը խնդրել էր Աժ-ին՝ այն քննարկել 24 ժամվա արտակարգ ռեժիմով:

Իհարկե ծագեցին բազում հարցեր, թե ինչն էր այդպիսի շտապողականության պատճառը, ինչու ընդամենը 2,5 ամիս առաջ ընդունված օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն է ծագել, և վերջապես ինչ օգուտ կտա այս օրենքի փոփոխությունը բնակչությանը և ինչ վնաս՝ բիզնեսին: Այս հարցերի պատասխանը փոխնախարարը հստակ տալ չէր կարողանում: Հավանաբար չէր կարող նաև համոզիչ պատասխաններ ունենալ ինքը նախարարը, և հենց դա է պատճառը, որ որոշել էր խուսափել Աժ պատգամավորների հետ շփվելուց: Օրենքի փոփոխության այս նախագծի պատճառների և նպատակների մասին որևէ բան հնարավոր չէ հասկանալ նաև Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված հիմնավորումից: Որպես օրենքի ընդունման անհրաժեշտություն՝ նշվում է, ինչ-որ «Օրհուսի» կոնվենցիայի պահանջների, օրենքի համապատասխանեցումը։

Ինչպես հայտնի է, այդ չարաբաստիկ «Օրհուսի» կոնվենցիան ստեղծվել է ոչ թե վերջին 2,5 ամսվա ընթացքում, այլ շատ վաղուց, իսկ թե ինչու հենց հիմա և այդքան հրատապ կարգով Արամայիս Գրիգորյանի մոտ անհրաժեշտություն առաջացավ մեր օրենսդրությունը համապատասխանեցնել այդ «Օրհուսին», այդպես էլ գաղտնիք մնաց: »,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել