Վերջին ժամանակաշրջանում միայն ալարկոտը չի խոսում բնապահպանական և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման և կիրառման անհրաժեշտության մասին: Եվ դրանցից առավել կարևորվում է տրանսպորտի բնագավառը, այն է՝ էլեկտրոմոբիլների կիրառման տարածումը:
Կանադացի գյուտարար և ներդրող Էլոն Մասկը ներդրել է մի քանի միլիարդ դոլար Կանադայում և ԱՄՆ-ում էլեկտրոմոբիլների արտադրությունը զարգացնելու համար: Սակայն այստեղ նա հանդիպում է մի շարք հիմնարար խնդիրների:
Նախ՝ սովորության ուժը: Սպառողը, որպես կանոն, նախապատվություն է տալիս այն ապրանքներին, ծառայություններին և տեխնոլոգիաներին, որոնք իրեն ծանոթ են և տարիներ շարունակ փորձարկված: Եվ բավականին բարդ է տարհամոզել հասարակական կարծիքը: 
Երկրորդ խնդիրն այն է, որ այդ ոլորտը հանդիսանում է բենզինով աշխատող ավտոմեքենաների, հետևաբար և նավթային ընկերությունների հակառակորդը: Հետևաբար, Կանադայում և ԱՄՆ-ում ավանադաբար մեծ (այդ թվում և քաղաքական) ազդեցություն ունեցող նավթային ընկերություններին առանց այդ էլ ամեն ինչ բավարարում է, և նրանք ամենևին էլ շահագրգռված չեն նոր մրցակցի ի հայտ գալու մեջ:
Եվ վերջապես, երրորդ խնդիրն է ենթակառուցվածքի ստեղծումը: Շարժիչների և մարտկոցների նոր գործարաններ, լիցքավորման կայանների ցանցեր, մեքենաների սպասարկման և նորոգման կենտրոններ... Այս ամենը պետք է ստեղծել, ինչը ԱՄՆ-ի կամ Կանադայի մասշտաբները հաշվի առնելով, պահանջում է հսկայական ներդրումներ, ու հասկանալի չէ, թե ով է դա անելու, քանզի պետությունը նման հարցերով զբաղվելուն հակված չէ՝ ինչպես նավթային լոբբիի ազդեցության, այնպես էլ սկզբունքորեն նման հարցերով չզբաղվելու մետեցման հետևանքով:
Կանադայի և որոշ այլ երկրների պարագայում խնդիր է նաև ցուրտ կլիման:
Սակայն այն, ինչ մասշտաբի, միջոցների և այլ պատճառներով դժվար լուծելի խնդիր է ԱՄՆ-ում, այնքան էլ բարդ խնդիր չէ զարգացող երկրներից շատերում, ու առաջին հերթին Հայաստանում: Սեփական հանածո վառելիք չունենալու և տաք կլիմայի պարագայում, ինչպես նաև հաշվի առնելով համահայկական կապիտալի ռեսուրսը, ուղղակի անհրաժեշտություն է Հայաստանում նման գործարանի ստեղծումը: Ավեին՝ կան նաև արտադրանքի արտահանման լուրջ հնարավորություններ:
Ո՞ւմ ենք սպասում: Թե՞ Հայաստան հրավիրենք Էլոն Մասկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել