Արևելյան խոհանոցի շատ ուտեստներ սկիզբ են առել պարսկական խոհանոցից, դրանք շատ հարուստ են բաղադրիչներով և համային նրբերանգներով: 
Տավարի աղացած միս 300 գ
Արգանակ 500 մլ
Յուղ 2 ճ.գդ.
Խաշած սիսեռ 0.5 բաժ.
Ձեւ 2 հատ` մեկը` խաշած
Լոլիկ չերրի 12 հատ
Բրինձ` խաշած 1 ճ.գդ.
Սոխ 1 գլ.
Ընկույզ 1 հատ
Սալորաչիր 2 հատ
Ծիրանաչիր 2 հատ
Զաֆրան մի պտղ.
Կծոխուր 2 թ.գդ.
Չամիչ 2 թ.գդ.
Քրքում 1 թ.գդ.
Աղ, սև պղպեղ


Պատրաստման եղանակը
Խաշած սիսեռը կլպել, 3 ճ. գդալի չափ առանձնացնել, պատառաքաղով տրորել: Կծոխուրը, չամիչը, ծիրանաչիրն ու սալորաչիրը գոլ ջրով թրջել: Զաֆրանը լցնել հավանգի մեջ, մի պտղունց աղ ավելացնել, տրորել, վրան 3 թ.գդալ եռջուր լցնել, թրմել 5 րոպե: Աղացած մսին ավելացնել տրորած սիսեռը, նախապես խաշած բրինձը, մանր կտրտած 0.5 գլուխ սոխը, 1 ձվի դեղնուցը, աղ ու պղպեղ անել, լցնել զաֆրանի 1 թ.գդալ թուրմը, լավ հարել, 20 րոպեով դնել սառնարանը: Չամիչը, կծոխուրը, սալորաչիրն ու ծիրանաչիրը ջրքամել, դնել թղթե անձեռոցիկի վրա: Կափարիչով հրակայուն ամանը յուղել, ջեռոցը միացնել 150*: Խաշած ձուն կիսել: Խճողակը 2 մասի բաժանել, գունդ անել, մեջը փոս անել, փոսի մեջ կես ձու, կես ընկույզ, մեկական ծիրանաչիր և սալորաչիր, մեկական թ.գդալ կծոխուր և չամիչ դնել, գնդի ձևը վերականգնել, դնել ջեռոցի տապակի մեջ, կողքին շարել չերրի լոլիկները, այնքան արգանակ լցնել, որ մակարդակը հասնի մսագնդերի 2/3-ին, կափարիչ դնել, ջեռոցում եփել 30 րոպե, ապա կափարիչը վերցնել, թողնել քուֆթան ևս 15 րոպե եփվի և կարմրի: Մնացած կես գլուխ սոխը կիսաօղակների կտրտել, յուղով տապակել, ավելացնել զաֆրանի մնացած թուրմը, քրքումը, սիսեռը, մնացած արգանակը, պղպեղ անել և եռացնել, կրակից վերցնել: Քուֆթան և սոուսը մատուցել միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել