Tert.am-ը գրում է.

Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որի նախաձեռնողն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին էր, տպավորություն է ստեղծում, որ ադրբեջանցիների մոտ այն դժգոհությունների տեղիք է տվել: Հոգեբանորեն սա արտահայտվում է նրանով, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյայի մակարդակով ադրբեջանական կողմը անցել է անձնական վիրավորանքների: Մասնավորապես, թվիթերյան իր էջում պաշտոնյան բառացիորեն գրել է.«Բարձր մակարդակի հանդիպումներում նրա (Սերժ Սարգսյանի – Tert.am) հայտարարությունները, գործողություններն ու դիմախաղը ոչ ադեկվատ են»:

Ի դեպ, ադրբեջանցու այս գրառման հղումը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը տեղադրել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆերնի թվիթերյան «պատերին»՝ իր կողմից ավելացնելով՝ Sick dictators usually are surrounded by sick staffers («Հիվանդ բռնապետները սովորաբար շրջապատված են լինում հիվանդ աշխատակիցներով)»։ Ենթադրվում է, որ սրանով ամերիկյան կողմի ուշադրությունն է հրավիրվում իրենց կողմից հրավիրված եռակողմ հանդիպման մասնակցի կողմից դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտումներին։

Հայկական ատլանտյան ասոցիացիա ՀԿ–ի գործադիր նախագահ Թևան Պողոսյանը, անդրադառնալով այս և նմանատիպ դեպքերին, նկատեց, որ սա վկայում է երևանյան բառապաշարով ասած՝ սովորական «մանթրաժի» մասին:

«Նախ, Ադրբեջանցիները «մանթրաժ» են նրանից, որ օգոստոսյան դեպքերի ժամանակ կրեցին մեծ պարտություն ռազմական դաշտում, երբ ողջ աշխարհը հասկացավ, որ չնայած ադրբեջանական ռազմական բյուջեի ահռելի ծախսերին, իրենց հատուկ գրոհայինները չեն կարողանում ինչ-որ բան անել, իսկ մեր սահման պահող 18 տարեկան տղաները տեղը տեղին իրենց բանակի ջարդը տալիս են: Եվ դրա հետ միասին ի չիք են դրվում բոլոր ադրբեջանական այն սին հայտարարությունները, թե Հայաստանն այլևս երկիր չէ, սրա, նրա կցորդն է, և, հակառակը, Հայաստանը կարողանում է իր փոքր ռեսուրսներով կարողանում է հաղթող դուրս գալ: Եվ, սա, բնականաբար, Ադրբեջանի նախագահին ու վերին էշելոնին չի թողնում դուրս գալ այդ «մանթրաժից», որ մենք միշտ ասում ենք՝ «վայ, մենք սենց հարուստ ենք, սենց՝ ուժեղ», բայց պարտվում ենք»,- նշեց Թևան Պողոսյանը

Նրա խոսքով՝ սրանք ֆոնային գործոններն են, ինչ վերաբերում է հարցին, թե գագաթաժողովի շրջանակներում ընդունված ինչ փաստաթղթերից, բանաձևերից կարո՞ղ են դժգոհ լինել ադրբեջանցիները, ապա առանձնացրեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագիրը՝ ասելով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստացավ մի տեքստ, որն իր համար անցանկալի է:

«Չնայած այնտեղ նշված էր «տարածքային ամբողջականությունը»,բայց դրանից հետո գրված էր, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ ընդգծված՝ բոլոր միջազգային սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի գաղափարներով, ինչն էլ բերում է մի երևույթի, որ Մինսկի խմբում առկա բոլոր սկզբունքները, (այսինքն՝ նաև ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում և այլն) անկախ նրանից՝ դրանք մեզ համար ընդունելի՞ են, թե ոչ, հանդիսանո՞ւմ են այսպես ասած՝ միջազգային առաջարկ և կարո՞ղ են տեղ գտնել ՆԱՏՕ-ի հռչակագրում»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել