Tert.am-ը գրում է.

«Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ-ի մասնակցությանը՝ նշելով, որ թեև ԼՂ հակամարտությանն առնչվող համապատասխան փաստաթուղթ դեռևս չի ընդունվել, սակայն հույս կա, որ դա չի լինի նախորդ երկու գագաթաժողովների կրկնությունը։

«Եթե փաստաթուղթը պետք է պարունակի նույն դոգմատիկ բնույթը, ինչ եղել է նախորդ գագաթաժողովին, այս հանդիպումն էլ կարժեզրկվի, Ջոն Քերիի տված խոստումն էլ, և ավելի ցինիկ ու պրովոկացիոն կդառնա Ադրբեջանն իր գործողություններում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այդուհանդերձ, եթե փաստաթուղթը փոփոխության ենթարկվի, նշանակում է, որ դա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների արդյունք է, եթե ոչ, ապա դրանով էլ ավելի կխրախուսվի Ադրբեջանի ցինիկ պահվածքը։

Կարեն Բեքարյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության համար այս անգամ գագաթաժողովն առանձնանում էր նախորդ երկուսից՝ Լիսաբոնի և Չիկագոյի հանդիպումներից նրանով, որ դրանց Հայաստանը Նախագահի մակարդակով չի մասնակցել, և դրանց ժամանակ էլ ԼՂ հակամարտությանն անուղղակի վերաբերող տարբերակով փաստաթուղթ էր ընդունվել, որը ՀՀ-ի համար ընդունելի չէր. ամրագրվում էր ՆԱՏՕ-ի կողմից կարևորումը սկզբունքներից մեկի՝ տարածքային ամբողջականության նկատմամբ։

Քաղաքագետը նկատեց, թե ճիշտ որոշում էր այս անգամ Նախագահի մակարդակով մասնակցելը, որ չպետք է նեղացածի կեցվածք ընդունել. «Կարծում եմ՝ ՀՀ բարձր ղեկավարությունը ընդունեց որոշում, որ լուռ կամ որոշակի չհամաձայնությունն այդ ձևակերպմանը կարող է այդ չափով արդյունք չտալ, որքան տեղում լինելը և սեփական դիրքորոշումը հայտնելը։ Անկախ նրանից, որ փոքր երկիր ենք, որ կան էական գործընկերներ և կան նաև երկրներ, որոնց հետ ոչ այդքան բարեկամական հարաբերություներ ունենք, մասնավորապես՝ Թուրքիան, պետք է հաշվի առնելով դա՝ բաց, շիտակ սեփական դիրքորոշումը այնտեղ ներկայացնել, պաշտպանել ու հասնել արդյունքի»։

Խոսելով Նախագահի բուն ելույթից՝ Բեքարյանը նշեց, որ դա չափազանց կարևոր էր՝ հաշվի առնելով, թե ինչ կարգի բարձր ամբիոնից են հնչում և քանի երկրներ են դրան ներկա։ Թեև նա վստահ է, որ Նախագահի ելույթը ներկայացված երկու հատվածով չի սահմանափակվել, բայց անդրադառնալով մեր տարածաշրջանին և մասնավորապես Ղարաբաղյան հարցին առնչվող հատվածին՝ քաղաքագետն ընդգծեց, որ Նախագահը հստակ նշեց, որ «հարևան երկրում ունենք բռնապետ ղեկավար», ինչի մասին, այլ բան է, որ խոսում են վերլուծաբաներն ու փորձագետները, այլ բան, երբ խոսում է երկրի ղեկավարը՝ այն էլ նման բարձրաստիճան հանդիպմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել