Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «թեժ աշնանը» և քառյակի կողմից հայտարարված ծրագրերին, նշեց.«Ժողովրդավարական երկրում, այդ թվում նաև Հայաստանում, օրենքով իրավունք տրված է, որ քաղաքական և քաղաքացիական ուժերն իրականացնեն իրենց պայքարը օրենքով սահմանված կարգով, այն է՝ հանրահավաքների ու երթերի միջոցով: Բացառապես դա իրենց իրավունք է ՝ հանրահավաք անեն, հանրահավաք չանեն, մամուլի ասուլիսներ անեն կամ չանեն, 12 կետ ներկայացնեն, թե 112 կետ, իրենց իրավունքն է»։

-Պարո՛ն Շարմազանով, քառյակը խոստացել էր թեժ աշուն, եթե իշխանություններն իրենց 12 կետի պահանջները չկատարեն։ Այսօր արդեն ընդունելով, որ իշխանություններն այդուհանդերձ իրենց պահանջները չեն կատարել՝ նշում են, որ իրենց հայտարարություններից հետ չեն կանգնում։ Այս պարագայում ինչպե՞ս են պատրաստվում իշխանությունները դիմակայել քառյակի մարտահրավերներին։

-Այո՛, մենք պատրաստվում ենք դիմակայել մարտահրավերներին, այսինքն՝ աղքատությանը, քաղաքական և սոցիալական բարեփոխումներին, սահմանադրական բարեփոխումներին, որ օր օրի պետք է ամեն ինչ անել, որպեսզի հասարակության կյանքն ավելի բարելավվի։ Էլ չեմ ասում արտաքին մարտահրավերներին ու անվտանգության հետ կապված խնդիրներին։ Շատ ավելի լուրջ մարտահրավերներ կան մեր կյանքում, քան ձեր նշած քառյակի 12 կետերը։ Ինչ վերաբերում է քաղաքական աշնանը, ապա եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, ամեն աշնանից սկսած ընդդիմադիրները խոսում են աշնան թեժացման մասին, և դա նորություն չէ, և չեմ էլ կարծում, որ պետք է սենսացիոն հայտարարություն ընդունել. սովորական հայտարարություն է՝ ամռանը քաղաքական կյանքը պասիվանում է, աշնանը, բնականաբար, քաղաքական ուժերը վերադառնում են արձակուրդից, աշնանային նստաշրջանն է սկսում, և կյանքն ամռան համեմատ ավելի ակտիվ է դառնում, սա բնական է։ Ինչ վերաբերվում է պահանջներին, ապա ես մի անգամ արդեն նշել եմ, որ ՀՀ քաղաքական ու տնտեսական օրակարգը շատ ավելի լայն է, քան իրենց նշած 12 կետերը, և մենք առաջնորդվում ենք ոչ թե ընդդիմության օրակարգով, այլ առաջնորդվում ենք հենց մեր օրակարգով, որը շատ լայն է։ Հնարավոր է, որ այդ օրակարգում լինեն կետեր, որոնք կզուգադիպեն, որպեսզի իրենց օրակարգը իրականացվի, իրենք պետք է լինեն իշխանություն, իսկ իշխանությունն ունի իր օրակարգը, իր նախագահի նախընտրական ծրագիրը, իր Կառավարության ծրագիրը, որով էլ առաջնորդվելու է և առաջնոդվում է։

-Քառյակից որոշ ուժեր նույնիսկ վերջնաժամկետի լեզվով են խոսում՝ նշելով, որ եթե քառյակը հրաժարվի աշնանային հանրահավաքներից, իրենք ամբողջական իշխանափոխություն կպահանջեն, ինչի մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

-Մեկ անգամ ասացի, հիմա ևս կարող եմ կրկնել՝ անլուրջ է վերջնաժամկետներով խոսել, ուլտիմատումներով խոսել, շանտաժներով խոսել, դրան մենք լուրջ չենք վերաբերվում և պետք է հումորով վերաբերել նման հայտարարություններին: Մանավանդ, որ դա անում է մի մարդ, որը միասնականություն չունի իր խմբակցությունում: Նախ թող իր խմբակցությունում միասնականության հասնի, նոր քառյակի անունից հայտարարություններ անի:

-Այլ կերպ ասած՝ իշխանությունը, այսպես ասած, համոզելու խնդիր չունի քառյակին, որ ներկայացված 12 կետերից ավելի լուրջ քաղաքական օրակարգ ունի և պետք չէ արհեստական թեժացումներ հրահրել։

-Ո՛չ, իշխանությունը համոզելու խնդիր չունի, և ի տարբերություն շատ ուժերի՝ պատասխանատվություն է ստանձնել, և եթե ընդդիմությունը խոսում է ու ընդդիմության հիմնական զենքը դա խոսքն է, իշխանությունը և պետք է աշխատի ամեն օր և ներկայացնի իր աշխատանքը, ամբողջ աշխարհում է այդպես, մենք չենք եկել իշխանության, որ ընդդիմությանը համոզենք, թե ինչ լավն ենք մենք, մենք եկել ենք իշխանության՝ իրականացնելու ժողովրդի առջև տված խոստումները։ Ինչքանով դա կստացվի՝ 2017թ-ի ընտրությունները ցույց կտան։

- Այսինքն՝ հանրահավաքներ սկսելու մասին հայտարարությունը կարծում եք ուղղակի հիշեցո՞ւմ է իրենց մասին, ովքեր ընդամենը նախապատրաստվում են հերթական ընտրություններին։

- Ես մի բան կարող եմ ասել, որ ցանկացած ժողովրդավարական երկրում, այդ թվում նաև Հայաստանում օրենքով իրավունք տրված է, որ քաղաքական և քաղաքացիական ուժերն իրականացնեն իրենց պայքարը՝ օրենքով սահմանված կարգով ընդունված հանրահավաքների ու երթերի միջոցով, բացառապես դա իրենց իրավունք է՝ հանրահավաք անեն, հանրահավաք չանեն, մամուլի ասուլիսներ անեն կամ չանեն, 12 կետ ներկայացնեն, թե 112 կետ, իրենց իրավունքն է, և մենք այստեղ միջամտության կարիք չունենք։ Քաղաքական ընդդիմությունը կամ ոչ իշխանական ուժերն, ինչպես իրենք են իրենց ասում, իրենք իրենց կարծիքն ունեն, մենք՝ մեր, մանավանդ որ առանցքային հարցեր կան, որոնց շուրջ նույն քառյակում տարաձայնություններ կան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել