Ես միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ ամեն մի հաջորդ սերնդի հաջողություն, վերջին հաշվով, կախված է իրեն նախորդող ժամանակաշրջանի հերոսի կրած արժեհամակարգից, դավանած գաղափարաբանությունից, թողած ժառանգությունից, որոնք հնարավորություն կտան սնվելու, ուժ ստանալու՝ նորմալ ապագա կառուցելու համար…
Ժամանակի ֆրանսիան ու ֆրանսիացիներն ամեն ինչ արեցին, որ Նապոլեոնը դառնար ամբողջ Ֆրանսիայի ու բոլոր ֆրանսիացիների հերոսը, նույնն արեցին բրիտանացիները՝ որպես հպարտության խորհրդանիշ առաջին աստիճանում կանգնեցնելով Չերչիլին, ու շատ-շատերն այդպես արեցին…
…Բացառությունների մեջ մենք չենք կարող չլինել…այդպես տրված է ի վերուստ՝ ճակատագրորեն…
…Մեր հերոսները պիտի անպայման հատվածական լինեն ու ցավոք այդպես էլ կան…
Դրոն դաշնակցականների հերոսն է, Անդրանիկը՝ դաշնակցականներին չսիրողների, Նժդեհը՝ հանրապետականների, Վազգենը՝ երկրապահների, ու այդպես շարունակ…մինչև համազգային ինքնախաբեություն…
Այլ հերոսների մասին գրելն իմաստ չունի՝ հիշողության ցավը չկրկնապատկելու նկատառումով…
Այդուհանդերձ, ցավալին նա է, որ ամեն մի հատված բացառապես ՛՛իր՛՛ հերոսով, նրա պատմությամբ ու դերակատարությամբ է պատկերացրել հայրենիքի գոյությունն ու գոյատևումը, հակառակ դեպքում համոզմունք ունենալով հայրենիքի անխուսափելի կործանման մեջ…
Ու այդպես շատ ժամանակ նենգափոխվել ու սրբագրվել է պատմության ընթացքը…
…Գրողը տանի, այսպես մենք հերն անիծում ենք մեր պատմության, խեղում մեր սերունդների պատկերացումները՝ հայրենիքի, պետության հասկացության վերաբերյալ…մինչև հաջորդ հերոսի ծնունդը…
Ես իմ հավաքական հերոսն եմ ուզում….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել