Թվում է, թե մի հիվանդությունը կարող է հավասարաչափ լայն տարածում ունենալ ողջ աշխարհում. չէ՞ որ անկախ ազգային պատկանելությունից մենք բոլորս էլ մարդկային արարածներ ենք, սակայն կան որոշ խանգարումներ, որոնք հանդիպում են միայն այս կամ այն երկրում կամ ազգում: Ահավասիկ տասը այդպիսի խանգարում:  

9. Թոշակի անցած ամուսնու համախտանիշ

01

Ճապոնիան հայտնի է իր քաղաքացիների բարձր աշխատանքային էթիկայով: Շատ ճապոնացիներ օրվա մեծ մասն անցկացնում են աշխատավայրում: Նրանք շատ են կարևորում իրենց աշխատանքային գործունեությունը և հանուն կարիերայի անգամ իրենց ամուսնությունն են երկրորդ պլան մղում: Հենց որ տղամարդը թոշակի է անցնում, ընտանիքում առաջանում են զանազան դժվարություններ:

Թոշակի անցնելուց հետո ամուսիններն ավելի շատ ազատ ժամանակ ունեն իրար հատկացնելու համար, սակայն այդ ժամանակ նրանք իրենք իրենց համար բացահայտում են, որ այնքան էլ լավ չեն ճանաչում իրար: Վերջին տասնամյակում Ճապոնիայում ամուսնալուծությունների մակարդակն աճել է 27 տոկոսով: Կանխատեսվում է, որ այդ թիվը կաճի թոշակի գնացող մարդկանց թվին զուգահեռ:

Շատ տղամարդիկ չեն կարողանում անցում կատարել աշխատանքային կյանքից ընտանեկան կյանքին: Հենց այդ պատճառով էլ նրանք իրենց կանանց վերաբերվում են որպես գործընկերների կամ ծառայողների: Ճապոնացի ամուսիններից շատերի համար ընկերական ու աշխատանքային կոլեկտիվը նույնն է: Ուստի թոշակի անցնելուց հետո նրանք հաճախ դուրս են մնում նաև ընկերական շրջանակից: Տղամարդու թոշակի անցնելը շոկ է նաև նրա կնոջ համար: Կինը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ տղամարդը շաբաթը յոթ օր առավոտից երեկոյան տանն է: Այս կանայք տառապում են առողջական խնդիրներից, օրինակ՝ քնի խանգարումներ, խոց և այլն: Վերջին տարիներին ավելացել է ևս մեկ խնդիր: Եթե նախկինում թոշակի անցնելուց հետո մարդիկ թոռների մասին հոգ տանելով էին ցրվում, ներկայումս նրանք հաճախ զրկված են լինում այդ հնարավորությունից: Բանն այն է, որ նրանց երեխաները նախկինից ավելի ուշ են ամուսնանում և ուշ երեխա ունենում:

8. Լատահ

03
Լատահը մի հազվագյուտ հիվանդություն է, որը տարածված է Մալազիայում: «Լատահ» նշանակում է «նյարդային»: Այս հիվանդության դեպքում մարդիկ չափազանց սուր են արձագանքում աղմուկին և այլ զայրացուցիչ գործոններին:  Այս շեղումով տառապող անհատների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք այսպես կոչված «զայրացնող գործոններին» արձագանքում են տարօրինակ ժեստերով, անեծքներով և անգամ երգելով ու պարելով:

Այս հիվանդությամբ տառապողները նոպայի պահերին ակամայից ենթարկվում են իրենց տրվող ցուցումներին: Մի հետազոտության մեջ նշված է, որ մի կին նոպայի պահերին ուրիշների կարգադրությամբ հարվածում էր այլ կանանց և ուտում ոչ ուտելի բաներ:  Մի այլ կնոջ էլ նոպայի պահին ասել են, որ գլխարկը նրա քաղցած երեխան է, նա էլ փորձել է կրծքով կերակրել գլխարկին: Հենց որ նոպան անցնում է, հիվանդները դառնում են նախկինի պես սովորական մարդիկ ու չեն կարողանում բացատրել քիչ առաջ դրսևորած իրենց տարօրինակ վարքագիծը:  

Դեռևս ստույգ պարզ չէ, թե ինչն է լատահի առաջացման պատճառը: Դա կարող է ժառանգական լինել, սակայն սա դեռևս միայն ենթադրություն է: Որոշ մարդիկ ասում են, որ հիվանդությունն առաջ է գալիս կախարդանքի կամ կյանքի վաղ շրջանում մարդուն չափից ավելի շատ խուտուտ տալու հետևանքով: Լատահը ամենից հաճախ գրանցվում է հետկլիմաքսային տարիքի կանանց մոտ, սակայն ավելի երիտասարդ կանայք ու տղամարդիկ ևս կարող են հիվանդանալ լատահով:

7. «Pa-Leng» և «Pa-Feng»

06


«Pa-leng» և «pa-feng»-ը նևրոզներ են, որոնք հանդիպում են չինացիների և Չինաստան ներգաղթածների մոտ: «Pa-leng»-ը ծայրահեղ վախն է ցրտից, իսկ pa-feng»«-ը՝ վախը քամուց: Մարդու մեջ արմատավորված է այն գաղափարը, որ օրգանիզմի հավասարակշռությունն ապահովելու համար օրգանիզմին ջերմաստիճանների հավասարակշռություն է անհրաժեշտ: Քամին  ու ցուրտը մարմնից կարևոր ջերմություն են խլում՝ խաթարելով բնականոն հավասարակշռությունը: Տարածված է այն  համոզմունքը, որ քամին հիվանդություններ է բերում իր հետ: Ցրտից վախեցողները իրենց մարմնի ջերմությունը պահպանելու համար պատրաստ են մեծ ջանքեր թափել: Նրանք կարող են չափից ավելի տաք հագնվել կամ ուտել բացառապես տաք մթերք: Այդ մարդիկ իրենց մարմնի ջերմաստիճանի հավասարակշռության խախտման հետևանքներից ունենում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սրտխառնոցը, ստամոքսի ցավերը և հազը:

6. Դհատի համախտանիշ

05

Դհատի համախտանիշը տարածված է Բանգլադեշում, Նեպալում և Պակիստանում բնակվող երիտասարդ տղամարդկանց շրջանում: Համախտանիշը բնորոշվում է այն մտահոգությամբ, որ օրգանիզմը կորցնում է սերմնահեղուկը մեզի կամ այլ արտազատումների միջոցով: Համախտանիշներից են հոգնածությունը, կենտրոնանալու դժվարությունը, ախորժակի կորուստը և սեռական դիսֆունկցիան:

Դհատ համախտանիշով տառապողները կարծում են, որ իրենք կորցնում են իրենց իսկ կարևոր մասը: Մտահոգությունը բխում է Այուրվեդայի  փիլիսոփայությունից: Ըստ այս փիլիսոփայության՝ օրգանիզմի նյութերն առանցքային են հավասարակշռությունը և առողջությունը պահպանելու համար: Այս նյութերն են արյունը, ճարպը, միսը, ոսկրածուծը, մամացը և սերմնահեղուկը: Սերմնահեղուկը նշվում է իբրև ամենակարևոր նյութ: Որոշ աղբյուրներում իշխում է այն կարծիքը, որ մարմնի մնացած բոլոր հեղուկներն ու նյութերն անցնում են տարբեր փուլերով, որոնցում նրանք փոխակերպվում են և ի վերջո դառնում են սերմնահեղուկ: Սերմնահեղուկը շատ կարևոր է երկար ու առողջ կյանքի համար: Այս համախտանիշով տառապողները կարծում են, որ դա ֆիզիկական հիվանդություն է,  սակայն բժիշկներն ուղղորդում են նրանց հոգեբույժների մոտ: Եթե համախտանիշով տառապողները պատշաճ բուժում չստանան, նրանք դեպրեսիայի մեջ կընկնեն:

5. Տաբանկա  

09

Տաբանկա է կոչվում սիրո պատճառով առաջացած կսկիծի ծայրահեղ տեսակը, որից տառապում են Տրինիդադի տղամարդիկ: Պատմականորեն տաբանկայից տառապում էին միայն նրանք, ովքեր իրենց երկրորդ կեսին կորցրել էին մրցակցի պատճառով, սակայն վերջերս հիվանդությանը ավելի լայն սահմանում է տրվում: Ասում են, որ այն կարող է առաջանալ անպատասխան սիրո պատճառով: Հիմնականում տաբանկայով տառապող մարդը կորցնում է աշխարհի հանդեպ հետաքրքրությունը, մատնվում է սովի և տառապում ստամոքսի ցավերից ու անքնությունից:

Անշուշտ, կսկիծ ու հիասթափություն ապրելուց հետո շատերի մոտ է նկատվում քնի ու ախորժակի կորուստ, սակայն տաբանկայով տառապողների մոտ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Նրանք հաճախ սկսում են չարաշահել ալկոհոլի օգտագործումը՝ փորձելով խմիչքի միջոցով մոռանալ իրենց ցավը, սակայն դա կարող է էլ ավելի խորացնել դեպրեսիան և անգամ ինքնասպանության հանգեցնել:

Տաբանկայի ամենամեծ դժվարություններից մեկն այն  է, որ տաբանկայով տառապող հիվանդները հիմնականում թաքցնում են իրենց հիվանդությունը՝ վախենալով արժանանալ շրջապատի ծաղրին: Մասնագետները հիմնականում նշում են, որ տաբանկայով տառապողները պետք է պարզապես առաջ շարժվեն և չկենտրոնանան իրենց կյանքի տվյալ անհաջողության վրա: Այս հիվանդությունը հանդիպում է նաև կանանց շրջանում, սակայն տղամարդիկ անհամեմատ ավելի շատ են հիվանդանում տաբանկայով: Պատճառը հավանաբար այն է, որ նրանք ի սկզբանե ռեալ են գնահատում ուրիշ կնոջ պատճառով իրենց սիրելի տղամարդուն կորցնելու հավանականությունը:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել