Ես մեծացա, երբ իմ նմանները՝անհայր երեխաները մեծամասնություն էին դպրոցներում։ Դժվար մանկություն ունեիք, բայց հավատում էինք, եթե մարդը խելացի է, սովորող կհասնի ամեն ինչի, ու սովորում էինք մեծ նվիրումով։ Այն ժամանակներում չկային հաստամարմին, հաստագլուխ մարդիկ։ Մեր ժամանակների սիմվոլացված կերպարը հիմկվա անգլիկան այգու մուտքի մոտ կանգնած «Ջուր ծ
ախող տղայի» արձանն է , որին այցի եմ գնում, որպես հարազատի։ Դժվար կյանքը մարդուն ստիպում է մտածելու, ստեծագործելու, անհնարը՝ հնարավոր դարձնելու։Եվ այսպես, վրձնի մասին.
Մարտի 8–ի արթիվ դպրոցական պատի թերթ էինք պատրաստում։ Թերթի պատասխանատուն ես էի։ Արդեն պատրաստ էին հոդվածը, մի քանի ոտանավորներ, ֆոտոնկարներ, ի միջայլոց, ես խնդրել էի բերել նկարներ մայրերի հետ, մի՛ զարմացեք, միայն երեք հոգի ունեին։ Դե այն ժամանակ ֆոտոն շռայլություն էր։ Դասերից հետո խմբկոլի անդամներով որոշեցինք ավարտել թերթը , փակցնել ու նոր միայն գնալ տուն։ Գարո՜ւն էր… , մարտ... ուզում էինք մի գեղեցիկ ֆոն նկարել ծաղկած ծառերով։ Ներկեր կային, բայց վրձին չկար։ էլ չվարանեցի, կտրեցի մազերիցս մի փունջ, կապեցի մատիտին ու նկարեցինք։ 
Անցան տարիներ…Ընդհանրապես , մարդու հնարամտության, նախաձեռնողականության մասին շատ էի խոսում, թե երեխաներիս եվ թե ուսանողներիս հետ։ Պատմում էի իմ կյանքի այս դեպքն էլ։ Ուսանողներիս հետ գնացել էինք Եղիշե Չարենցի տուն– թանգարան՝ նրա ծննդյան օրով։ Անսահման ուրախ էինք, այնտեղ հանդիպեցինք Աշոտ Բլեյանին /դպրոցի տնօրեն, քյավառցի/ իր աշակերտներով։ Օրը վերածվեց հուշ– երեկոյի։ Տղաներից Կառլենը , որ Տերյանի համագյուղացին էր՝Գանձայից, առանձնացած շրջում էր ցուցանմուշների կողքով, հանկարծ մի բան հայտնագործածի պես բղավեց ,–Ընկ. Հակոբյան, ա՜յ թե ինչ, դուք ոչ միայն ծննդյան ամսաթվով եք մոտ Չարենցին, այլեվ ձեր մտածելակերպով։ Պարզվեց, որ Չարենցի «Անձնական իրերը» հավաքածույում նա տեսել էր Չարենցի ձեռքով իր մազերից սարքած մի վրձին։ Ես շատ ուրախացա, նաեվ հպարտություն զգացի, որ մի փոքր նման եմ այդ հանճարեղ մարդուն։ Դուրս գալուց հուշերի գրքում թողեցի այս ութնյակը.

Եկել եմ քո տուն գարնանը՝ մարտին,
Քո դուռը բաց է , մարդ չկա հսկող,
Ինչպես այն տարվա հունիսի 9–ին,
Դատարկ է տունդ, իրերդ են խոսող։
Թերթում եմ դանդաղ, կարդում եմ տողեր
Ծածկում եմ դուռդ տարտամ շարժումով,
Քո հուշն այնքան թախիծ է թողել,
Որ դուրս եմ գալիս աչերս արցունքով։


Մի խում ուսանողների անունից՝ 
Ժանետա Հակոբյան 13.03.1983թ. 

Հաջորդ առավոտյան ինձ կանչում են դեկանատ ու  ինձ մեղադրում  կուսակցական ժողովը «պրավալի» տալու մեջ, պահանջում է ինձանից բացատրություն եվ իմ նման անհնազանդ դասախոսին՝ սպառնում նկատողությամբ։ Գրում եմ ԲԱՑԱՏՐՈւԹՅՈՒՆՍ եվ վերջացնում այսպես. «Եթե դասերից հետո Չարենցի նման բոցավառ հայրենասերի տուն –թանգարան գնալը ինձ սպառնում է նկատողությամբ, պատրաստ եմ ոչ միայն ստանալ այդ նկատողությունը, այլև հեռանալ աշխատանքից հանուն Չարենցի միշտ հավատարիմ մնալով նրա ՊԱՏԳԱՄԻՆ» ու դուրս եկա արցունքներն աչքերիս։
Այս տարի մարտի 13 –ին լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 115–ամյակը եվ տարին հայատարարված է Չարենցյան։Այդ օրը, որպես չարենցապաշտ առավոտ շուտ շտապեցի Ռադիոյի տան դիմաց գտնվող Չարենցի հուշարձանի մոտ, ուր արդեն հավաքվել էր մտավորականների, երիտասարդների, հասակավոր մարդկանց հոծ բազմությունը։Այդ բազմության հետ ոտքով գնացինք մինչեվ պողոտոյի վրա գտնվող Չարենցի տունը։ Հեռվից նայելով տան պատուհաններին հիշեցի մայրիկիս մի փոքրիկ հուշը այդ բնակարանի ստացման ու Չարենցի երջանկության մասին, որ պատմել էր հայրս։ Հայրս էլ էր գրում բանաստեղծություններ։1932,  թե՞ 33թվին, թիվը ստույգ չեմ հիշում, գրողների տանից զրուցելով ոտքով հայրս ուղեկցում Չարենցին, հասնելով այդ նորակառույց շենքը հանկարծ Չարենցը կանգ է առնում, ցույց տալով երկրորդ հարկի պատուհանները հորս հարցնում է.–«ո՞վ է այն տան բնակիչը»։ Դե, հայրս Սեվանի բնակիչ, ի՞նչ իմանար, Չարենցը ձեռքը խփելով կրծքին ասում է,–Այ, էս տղեն։
Հենց այդ բնակարանից էլ 1937թվականի հունիսի 9–ին նրան տարան ու նա էլ ետ չեկավ իր այդքան սիրած տունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել