Վերապրումը- մեկ վաղանցիկ կյանքի ժամանակի հաղթահարման միջոցն է, երբ ժամանակը միտում ունի սահմանափակվել ինքն իրենով և դառնալ երկրորդական: Վերապրել է պետք Ամբողջը` մանրամասները` մինչև առկա պահը: Եվ առկա՛խ պահը:
Ոչինչ մի՛ մոռացիր- անգամ երեկվա քամու ձայնը: Նա եկել է հեռուներից և ավելի հի՛ն է, քան վաղվա օրը: Հիշի՛ր երեկվա քամու ձայնը, և այսօրվա դժբախտությունների մեջ, երբ հառաչում են երկու սիրտ` քո՛ սիրտը և սիրտը ժողովրդի, երջանկահիշատակ պահերդ չեն խոցոտի սիրտդ: Կշարունակես ապրել, քանզի կըմբռնես դարերով գիտակցված մի բան- որ մահը կյանքի մասն է, իսկ անմահությունը` ժամանակի սպասավորը:
Հիշի՛ր երեկվա քամու ձայնը- ու կդառնաս ու կփառաբանես Աստծուն, որ մահկանացու ես, և ուրեմնպիտի մահանաս ու միանաս նրանց, ովքեր երկնքում են` լինեն դժոխքում թե դրախտում: Մե՛կ է:
Դե, ոչի՜նչ, որ մեր գենը հայ ոսկեդարի հիշողություն է կրում: Հավատքը կթարմացնի՜ մեր հին արյունը, և մենք (հույսներս` Հայտնության Գրքի վրա) նոր ոսկեդա՜ր դեռ պիտի ապրենք…
Բանաստեղծն ասում է. «Իշխանավորները անիշխան են դառնում- և ժողովուրդը հառաչում է»…
… Հառաչո՜ւմ են… հառաչում են սիրտը ժողովրդի և սիրտը բանաստեղծի՛…
Ամեն մի պոետ իր ժամանակի Ճշմարտությունից սեփական ողջակիզման խարույկն է սարքում, և անմիջապես էլ տարվում է դրա բոցերի լափլիզումների հրաշքներով: Եվ, որ ամենից վտանգավորն է, փորձում է մանկան նման խաղալ հրեղեն վիշապի հետ, ձեռքը տանելով իրեն բնազդով հայտնի օձի վզին: Ասեմ, միշտ չի՜, որ հաղթողի անունը Հերակլե՜ս է:
Բա՜յց - կրկին խոստովանենք, որ Արարատը վեհաշո՜ւք է: Վեհ-ա-շո՜ւք:
Չե՛մ ուզում մեծերի պես նայել նրան ու անցնել:
Թո՛ղ ինքը անցնի:
Կամ թող ժայթքի՜…
Թող էլի՛ վեհ լինի:
Թեպետ աշխարհը ուրիշ տեսիլքներ ունի:
Ասենք` Արարատը` մեջքով:
Մեջքով չե՛ն կռվում:
Թող էլի՛ վեհաշուք լինի, բայց ո՛չ բանաստեղծական:
Թող ժայթքի՛:
Էլի՛ բանաստեղծություն է: Հայի՛:
Արտավազդին մենք շղթայել ենք, իրեն պահպանող շներին էլ հետը: Արտավազդը մերժել էր մեր ապաշնորհ շնորհները:
Շղթայում են միայն գուշակներին:
Ինձ վիրավորեցի՜ն. – թուրքը, ռուսը, հայը, ֆրանսիացին, մեծը, փոքրը, ընկերը, անընկերը, մուրացիկը, տվողը, խոնարհվողը, իջնողը, բարձրացողը, կատարյալը, անկատարը, կատարելին, նեղաչքը, կապուտաչյան, Պլուտարքոսը, իմ հայելին- ե՛ս, ե՛ս, ե՛ս:
Ասվա՛ծ է, նրանք, ովքեր իմացել են կենդանիների ու բնության լեզուն, սովորել են նրանցից նաև բառը` դատաստան:
Բա՛վ է: Ես լսում եմ Աստծո լռությունը: Նա մեզ հետ խոսում է Ջրհոսի՛ լեզվով: Մենք հիմա խեցի՜ ենք:
Մեզ մի՜ լսեք, ինչպես և չեք լսել ջրհեղեղից ի վեր, երբ Նոյը Նաիրի երկիրն աչք ածեց Արարատի գագաթից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել