23 տարի առաջ ԼՂՀ-ն հռչակեց իր անկախությունը:
Այն ժամանակ դեռ ԽՍՀՄ-ը, գոնե ֆորմալ առումով, գոյություն ուներ ու ստացվում է, որ Արցախն ընտրել էր իր անկախությունը հռչակելու ամենապատեհ առիթը: Մի կողմից՝ պետք չէր մնալ փլուզվող կայսրության փլատակների տակ, մյուս կողմից՝ Արցախն ընդհանուր ճանապարհ չուներ տոտալիտար Ադրբեջանի հետ:
Շատերն են վիճում՝ արդյո՞ք արդարացված էր ԼՂՀ անկախության որոշումը, թե՞ պետք էր հավատարիմ մնալ Հայաստանի ու Արցախի վերամիավորման գաղափարին:
Ոչ մի խելամիտ մարդ չի կասկածում, որ Արցախը մեր ընդհանուր հայրենիքի մի մասն է, սակայն պետք է հաշվի առնել նաև այն իրողություններն, որ կան աշխարհում:
Այս տեսանկյունից ԼՂՀ հռչակումը տեղավովում է ազգերի ինքնորոշման սկզբունքի շրջանակում ու լրիվ ներդաշնակ է համաշխարհային զարգացման համատեքստին:
Այլ խնդիր է, որ ԼՂՀ-ն միջազգայնորեն առայժմ ճանաչված չէ, սակայն կարծում եմ, որ դա ժամանակի խնդիր է. Արցախում մեծացել է անկախության սերունդ, որն ոչ մի պարագայում իր ապագան չի պատկերացնում ավտորիտար Ադրբեջանի կազմում:
Որպեսզի Արցախի անկախությունը լիարժեք իրականություն դառնա, հարկ է ԼՂՀ-ում ձևավորել համակարգ, որի նպատակը մարդկանց ազատությունն է ու անվտանգությունը:
Ազատ քաղաքացիները անկախության ու ինքնիշխանության հիմնական երաշխիքն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել