Այս հոդվածը (եթե կարելի է այդպես կոչել) տրամաբանական շարունակությունն է իմ նախորդ երկու հոդվածների (1, 2), որտեղ կար այն տեսակետը, որ անհնար է քննադատել որեւէ հոգեւորականի եւ ստվեր չգցել Հայ եկեղեցու հեղինակության վրա: Յուրաքանչյուր կարծիք բնականորեն բախվում է իր հակառակ տեսակետին: Նույնիսկ ավետարանական ճշմարտությունները միանշանակորեն չեն ընդունվում: Կարծում եմ յուրաքանչյուր հոդվածագիր պետք է հետեւողական լինի իր բարձրացրած հարցերում եւ բոլորովին չարհամարհի ընթերցողի կարծիքը: Այս անգամ ես ուզում եմ պատասխանել Լիլիթ Ավագյանի մեկնաբանությանը, որտեղ նա իմ նախորդ հոդվածի առնչությամբ գրել էր հետեւյալը.

Անքննելի են միայն ԱՍՏԾՈ գործերը. եկեղեցու սպասավորները աստվածներ չեն, մարդիկ են, որոնք ցավոք , այսօր անում են ամեն ինչ, որ մարդը հեռանա եկեղեցուց......Նրանք պետք է իմանան, որ իրենք էլ են քննադատելի, այլապես մի քանի տարի անց մեր եկեղեցին կդառնա 'եկեղեցի ՍՊԸ'.........ընդ որում չափազանց հարուստ ՍՊԸ.....

Ես այսպիսի քննադատությունները դասականների կամ կառուցողականների շարքին չէի դասի, սակայն պետք է համաձայնվենք նաեւ այն մտքի հետ, որ այո, հոգեւորականները պետք է իմանան, որ իրենք էլ են քննադատելի, սակայն ես բացարձակապես համամիտ չեմ այդ մտքի շարունակության հետ, այսինքն, որ մենք հոգեւորականներին իրենց քննադատելի լինելու մասին պետք է հիշեցնենք նրա համար, որ հանկարծ մի քանի տարի անց մեր եկեղեցինչդառնա «եկեղեցի ՍՊԸ».........ընդ որում չափազանց հարուստ ՍՊԸ.....: Միանգամից ասեմ, որ այսպիսի մտավախությունները չափազանց հոռետեսական ու անհիմն են: Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն ու հավատամքը անշեղ ու անփոփոխ է: Սխալ կլինի, իհարկե, ասել, որ Հայ եկեղեցում բացարձակապես ամեն ինչ իդեալական է եւ այնտեղ չկան հոգեւորականներ, ովքեր բոլորովին չեն գիտակցում իրենց առաքելությունը, բայց կարող եմ միանշանակորեն վստահեցնել նաեւ, որ յուրաքանչյուր այդպիսի հոգեւորական ինքն էլ գիտակցում է իր սխալներն ու ջանք չի խնայում օր օրի ուղղելու դրանք, որպեսզի գայթակղություն չլինի հավատացյալների համար: Նախքան քննադատելի հոգեւորականի մասին հրապակայնորեն խոսելը փորձեք հանդիպել նրա հետ եւ ուղղակի մտերմաբար հարցնել, թե ինչու՞ է նա իրեն այդպես պահում: Ես վստահ եմ, որ ձեր այդ հարցը նրան ավելի շատ ու ավելի ճիշտ ուղղությամբ խորհելու առիթ կտա, քան եթե անմիջապես հրապարակայնորեն նրա աչքի մեջի շյուղը ի ցույց դնեք: Պետք է նկատի ունենալ, որ ինչքան էլ հոգեւորականը իրեն անհարիր պահի, նա բազմաթիվ մկրտություններ ու պսակադրություններ է կատարել ու կատարում, յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա ուզում է, որ հպարտ լինի այն հոգեւորականով ով իրեն կամ իր երեխային մկրտել է կամ պսակադրել, կամ թեկուզ ուղղակի իր տունն է օրհնել եւ համոզված եղեք, որ դուք ինչքան էլ իրավացիորեն այդ հոգեւորականին քննադատեք միեւնույն է դրանով իր ծուխի անդամների աչքից դուք գցում եք ոչ միայն այդ հոգեւորականին, այլ ինչ որ տեղ նսեմանում է այն խորհուրդը, որ կատարել է այդ հոգեւորականը: Ու այդպիսով քննադատությունը դառնում է պատճառ բազմաթիվ մարդկանց հավատը սասանելու համար, իսկ դա էլ իր հերթին բերում է թեկուզ չնչին չափով, բայց ընդհանուր Հայ եկեղեցու հեղինակազրկմանը, ինչը հուսով եմ հոգեւորականին քննադատող հոդվածագրի նպատակի մեջ չի մտնում, բայց ակամայից այդպես ստացվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել