Միայն մի քանի ժամ անց, երբ այս փոքրիկը մահացավ, նրա հայրը կարողացավ հասնել հիվանդանոց: Ուշացավ 3 ժամով և չհասցրեց հրաժեշտ տալ որդուն: Հիմա արդեն հայտնի է փոքրիկի անունը՝ Ազիզ:
Նրան Շանգալի պաշտպանության մարտիկներն էին գտել Սինջարի լեռներում և անգիտակից վիճակում շտապ հասցրել էին Ռոժավա բնակավայրի հիվանդանոց: Բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ նաև սոցիալական ցանցերի օգնությամբ, նրանք փորձել են գտնել երեխայի ծնողներին կամ այլ ազգականներին: 4-ամյա Ազիզը փախուստի ճանապարհին կորցրել է ծնողներին, երբ իսլամիստ ահաբեկիչները հերթական հարձակումն են իրականացրել: Օրեր շարունակ լեռներում արևի տակ պառկած մնալով՝ երեխան 70 տոկոսով կորցրել է տեսողությունը և նեվրոլոգիական խանգարում ստացել: Ռոժավայի հիվանդանոցում բժիշկները մի քանի ժամ պայքարեցին նրա կյանքի համար, սակայն ի վերջո բարձր ջերմության պատճառով երեխայի շնչառությունը դադարեց և սիրտը կանգ առավ: Փոքրիկ Ազիզը մահացավ միայնության մեջ՝ առանց ծնողների և ազգականների այդ գիշատիչ իսլամիստների անասնական գործունեության հետևանքով:

Հայրը և ազգականները երեխայի մարմինը հողին հանձնեցին տեղի եզդիական գերեզմանատանը: Ցավոք այս անմեղ երեխան միայն մեկն է այն բազմաթիվ մանուկներից, ովքեր այս օրերին Իրաքի հյուսիսում զոհվում են՝ կրելով անմարդկային զրկանքներ… (((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել