Նոր ուսումնական տարվա, նոր ակնկալիքների ու ձեռքբերումների մեկնարկն ազդարարող այս օրը հատկապես կարևոր է գիտելիքը, մշակույթն ու դպրությունն այնքան արժեվորող մեր ժողովրդի համար: 
Հիրավի, կրթությունը, գիտելիքն այն կարևոր ու անգնահատելի երևույթներն են, որոնք դրված են մեր ժողովրդի և պետության զարգացման հիմքում՝ որպես անմար փարոս մշտապես լուսավորելով դեպի բարեկեցիկ ապագա տանող խրթին ճանապարհը: Կրթված, գիտուն հայ երիտասարդությունը մեր ամենազորու կապիտալն է, մեր պետության ներուժը, նրա մրցունակությունն ապահովող առանցքային գրավականը:
Եվ ա՛յս օրվա հետ կապված ամենամեծ ակնկալիքս՝ կրթություն ստացողի և պետության կողմից մի փոխկապակցված և համաժամանակյա գործընթացի առավել կարևորումն ու ակտիվացումն է. այն գործընթացի, որը մի դեպքում ենթադրում է դպրոցականի, ուսանողի կողմից սիրով ու հավատով սովորելու տրամադրվածություն՝ ստացած գիտելիքը հայրենիքին ծառայեցնելու պատրաստակամություն, իսկ մյուս դեպքում՝ պետության կողմից՝ առավել որակյալ ու արդիական կրթության ապահովման, կրթված ու ընդունակ երիտասարդներին ըստ արժանվույնի գնահատելու երաշխավորում. սա է կայուն ու բարեկեցիկ ապագայի հասնելու շատ պարզ բանաձևը:
Շնորհավոր Սեպտեմբերի 1:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել