Tert.am-ը գրում է.

Արցախի անկախությունը մեր կարևորագույն պետական տոներից մեկն է, այն կարևոր իրադարձություն է համայն հայության համար, քանի որ սեպտեմբերի 2-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նոր էջ է բացվել հայոց պետականության պատմության մեջ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՆ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախի անկախության, այդ տոնին սպասվելիք միջոցառումների, ինչպես նաև անկախության 23 տարիների մասին:

«Մենք պետք է սա դիտարկենք որպես հայոց պետականության անբաժան մի մաս, ոչ թե անջատենք Արցախն ու հայոց պատմությունը: Սա մեր ընդհանուր պատմության մի կարևոր էջն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության, 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։ 

Հարցին, թե ի՞նչ ունեինք 23 տարի առաջ և ի՞նչ ունենք այսօր՝ պարոն Բաբայանը պատասխանեց, որ արդեն 23 տարի է, ինչ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բայց պետականաշինության մեջ եղել է բավական երկար, և, ըստ նրա՝ երկար ժամանակ Արցախը, Սյունիքը և մի քանի այլ հայկական տարածքներ եղել են հայոց կորցրած պետականության վերջին բեկորները, առանց որոնց ուղղակի հնարավոր չէր: 

«1921-23 թվականներից՝ երբ կերտել ենք հայկական պետականությունը, Արցախը եղել է որպես ինքնավար մարզ: Այդ ժամանակ ունեցել ենք հայկական 3 պետական կազմավորում. Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, Նախիջևանի Խորհրդային Ինքնավար Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ: Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի վերացնի հայկական երրորդ կազմավորումը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, և դա, դժբախտաբար, ստացվել է, ինչն էլ ավելի է արժևորում երկու մնացած բեկորների կարևորությունը. հսկայական ներուժ է կուտակվել, և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունն արդեն վերականգնել են հայոց կորցրած պետականությունը»,– ասաց նա:

«70 տարի լինելով ինքնավար մարզի պետականության աստիճանում, հիմա մենք ավելի բարձր աստիճանի դարաշրջան ենք թևակոխում և ստեղծել ենք անկախ պետություն, որը, իհարկե՛, շատ ավելի նոր մարտահրավերներ է բերել, նոր խնդիրներ, հնարավորություններ: Այս 70 տարիներն էլ են եղել պայքարի տարիներ, և բնական է, որ մեր ժողովուրդը կուտակել է շատ հզոր ներուժ և իմունային համակարգ՝ տարբեր տիպի բարդությունները հաղթահարելու»,– ավելացրեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ համայն հայության օգնությամբ հնարավոր եղավ հաղթահարել արդեն Արցախի Հանրապետության առջև կանգնած ծանր մարտահրավերները, իսկ 1991 թվականին դա ուղղակի գոյության պայքար էր, քանի որ Ադրբեջանը չէր թաքցնում, որ մտադիր է ոչնչացնել և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետությունները, քանի որ իրենք հույս ունեին, որ Արցախի Հանրապետության տապալումից հետո Հայաստանի Հանրապետությունն այլևս դիմադրելու ո՛չ բարոյական, ո՛չ ֆիզիկական ունակություն և ուժ չի գտնի իր մեջ: «Ադրբեջանի բոլոր հաշվարկները ձախողվեցին և մենք հայկական երկու պետություն՝ ինտեգրված, լիահույս ենք ապագայի հանդեպ: Այսպես էլ պետք է շարունակենք»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել