Սեքսուալ կախվածություն. հնարավոր վտանգներն ու դրանց դեմ պայքարի միջոցները՝ ըստ սեքսապաթոլոգի

Ամեն տիպի կախվածություն հանգեցնում է հոգեկան աններդաշնակության, խաթարում  է մարդու կենսագործունեությունը, դրդում  վնասաբեր սովորությունների և արարքների: Բացառություն չէ նաև սեքսուալ կախվածությունը, որը կարող է անգամ  հոգեկան հիվանդությունների պատճառ դառնալ: Life.panorama.am-ը սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ զրուցել է սեքսուալ կախվածության վտանգների և դրանից ձերբազատվելու ուղիների մասին:

-Սեքսուալ կախվածություն կարող է  դրսևորվել  դեռահասների հորմոնալ ակտիվության ֆոնին, այն ի՞նչ հետևանքներ է թողնում նշյալ պարագայում:

-Այդ դեպքում անհատի կենսագործունեության նպատակը հիմնվում է  սեքսուալ հետաքրքրությունների վրա:  Նման բան հնարավոր է դեռահասների գերսեքսուալության տարիքում, երբ նրանց հորմոնալ ակտիվության ֆոնին բացակայում է լիբիդոյի ռեալիզացիան, այսինքն՝ դեռահասը չի ապրում սեռական կյանքով: Այս դեպքում գերակշռող են դառնում ձեռնաշարժությունները: Եթե դեռահասային գերսեքսուալության տարիքում մաստուրբացիան համարվում է ֆիզիոլոգիական երևույթ, ապա սեքսուալ կախվածության պարագայում կարող են առաջ գալ որոշակի պաթոլոգիկ երևույթներ, գերակտիվ վիճակ, ինչի հետևանքով դեռահասը չի կարողանա կայուն գործունեությամբ զբաղվել, տրվել ուսմանը կամ աշխատանքին. սա արդեն հիվանդագին երևույթ է համարվում:

-Սեքսուալ կախվածության որոշ դրսևորումներ արտահայտվում են նաև հասուն տղամարդկանց շրջանում, երբ նրանք կախման մեջ են ընկնում պոռնոգրաֆիկ, սեքսուալ բնույթի տեսանյութերից,  շարժանկարներից ու նամակագրություններից. այս երևույթն ի՞նչ բացասական հետևանքների կարող է հանգեցնել:

-Այո, նույնիսկ ամուսնացած լինելով՝ որոշ տղամարդիկ տարվում են նման բաներով և  նորմալ սեռական կյանքը քիչ-քիչ փոխարինվում է սեքսուալ այդ տիպի կախվածությամբ: Ամուսնական սեռական կյանքը դառնում է հազվադեպ երևույթ, ինչն անհանդուրժողականություն է առաջ բերում կնոջ մոտ, ստեղծվում է աններդաշնակություն, որը կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ: Ի տարբերություն 15-20 տարի առաջվա ժամանակների, այսօր այդ  երևույթը շատ մեծ տարածում ունի՝ կայքերի ու սոցցանցերի ակտիվությամբ  պայմանավորված:

-Սեքսուալ կախվածությունը կարո՞ղ է հոգեկան առողջության  խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

-Դեպքեր են լինում, երբ կնոջ մոտ սեքսուալ բնույթի դոմինանտ մտքերը հոգեկան հիվանդությունների նախանշան են դառնում: Հոգեկան հիվանդության այս կամ այն տեսակը հաճախ դրսևորվում է սեքսուալ խնդիրներով, որը կարող է ներանձնային և միջանձնային խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Այս երևույթի մի դրսևորում էլ նիմֆոմանիան է, երբ կնոջ մոտ սեքսուալ կախվածությունն այն աստիճանի է հասնում, որ նա ունենում է անկանոն սեռական հարաբերություններ, դրանցից բացարձակ հաճույք չի ստանում, անընդհատ փոխում է զուգընկերներին: Սա ազդում է մարդու նյարդային համակարգի վրա, խաթարում նրա գործունեությունը:Սեքսուալ կախվածությունը կարող է դրսևորվել անգամ սեքսուալ շեղումների էլեմենտներով: Այս դեպքում պահանջվում է մասնագիտական մոտեցում, անգամ՝ թիմային աշխատանք, նայած, թե՝ որքան է խորացել խնդիրը:

-Երիտասարդների շրջանում  սեքսուալ  ոլորտի  հանդեպ հետաքրքրվածությունը երբեմն կարող է մոլուցքի վերածվել, ի՞նչ խնդիրներ կարող են առաջ գալ այս դեպքում:

-Դա կարող է այլ բնույթի կախվածությունների առաջացման առիթ տալ: Սեռական ոլորտի հանդեպ ընդգծված հիվանդագին հետաքրքրվածությունը կարող է մեծ ֆինանսական վատնումների, խաղամոլության, պարտքեր կուտակելու սովորության դրդել: Սա հաճախ հանդիպող լուրջ խնդիրներից է: Այսինքն,  երիտասարդի մոտ այնքան ֆիքսված է սեքսուալ կախվածությունը, որ, ի վերջո,  նա ընկնում է մեկ այլ կախվածության մեջ: Սա ևս պահանջում է մասնագիտական լուրջ մոտեցում:

-Լինում են դեպքեր, երբ անհատն առանձնապես չի սիրում զուգընկերոջը, սակայն  նրանից սեքսուալ կախվածություն ունի: Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս պարագայում,  և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ:

-Այդ դեպքում սեքսուալ կախվածությունը զուտ մարմնական բնույթ է կրում: Մենք ունեցել ենք հաճախորդներ, ովքեր նշել են, որ չնայած  զուգընկերոջ հետ անընդհատ վիճում են, չեն կարողանում նրա հետ մեկ ժամից ավել ապրել,  այնուամենայնիվ, վերջինիս հետ կենակցելու մեծ ցանկություն են  ունենում: Սա անգիտակցականի վրա հիմնված, ուղեղի ենթակեղևով պայմանավորված սեքսուալ կախվածություն է, որը երկար չի տևի: Որոշ ժամանակ անց գիտակցականը կսկսի ճնշել ենթագիտակցականին, և սեքսուալ կոմպոնենտն այլևս առաջնային չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել