Ընդդիմությունն աստիճանաբար սկսում է ակտիվանալ և վերստին քաղաքական կյանք մտցնել իր կողմից առաջ քաշված 12 կետանոց իշխանությանը ներկայացրած պահանջն ու հանրահավաք անցկացնելու և նախագահի հրաժարականը պահանջելու մարտավարությունը՝ հընթացս շոշափելով հասարակական տրամադրությունները: Սակայն այս երկու երևույթները դարձել են քաղաքական գործողություն ծավալելու միաժամանակ և խթան, և արգելք: Դրանք քաղաքական մոտիվացիան բաժանել են երկու մասի՝ քաղաքական պահանջների ձևավորման ու առաջքաշման ակտիվ ու պասիվ գործելաոճ: Այս «մոտիվացիոն դիֆերենցիացիան» հանգեցրել է քաղաքական գործընթացի փուլային բարդությունների: Քաղաքական գործընթացն ունի զարգացման ու սահմանադրման փուլեր, որոնք կոնկրետ երևույթը, խնդիրը հասունացնում են ու հանգեցնում որոշակի ինստիտուցիոնալ կարգավիճակի: Սակայն, նման մոտեցմամբ այս ամենը դառնում է դժվար իրականանալի:

Եվ այսպես, իչու՞մն է կայանում այդ բարդությունը: Բանն այն է, որ 12 կետերի առաջքաշման եղանակով իշխանության դեմ պայքարի տրամաբանությունը կոնսենսուսային մոտեցումն է, քանի որ դրանով իշխանությանը ստիպելու են, պահանջելու կամ ճնշելու գնալ որոշակի բարեփոխումների, նույնիսկ, եթե այդ ամենն ուղեկցվի ամենաակտիվ մասնակցության ձևով՝ հանրահավաքով: Իսկ, ահա, հանրահավաքով նախագահի հրաժարականն արդեն պայքարի խորքային, համակարգային հարթություն է, որը ոչ թե կոնսենսուսային է այլ՝ պահանջատիրական: Մյուս կողմից էլ, այս իշխանությունը փոխզիջումային չէ և դժվար այդպիսի կոնսենսուս լինի, իսկ ընդդիմության ու իշխանության դերերի անհստակութունն ու ընտրությունների միջոցով իշխանափոխության անհնարինությունն էլ մեր հասարակության մոտ ձևավորել է այնպիսի քաղաքական կուլտուրա, որն ավելի շատ ընդդիմության կողմից կատարվող արմատական քայլերն է գնահատում ու համարում անկեղծ:

Ինչևէ, հենց նախագահը, «Բազե» երիտասարդական հավաքի ժամանակ անդրադառնալով իր հրաժարականի հարցին, նշեց որ պայքարը պետք է լինի օրենքի շրջանակներում, իսկ իշխանափոխությունն էլ՝ ընտրությունների միջոցով: Սրանով նա հասկացրեց քառյակին, որ նման պահանջով հանդես գալու դեպքում իրենք էլ համապատասխան քայլեր կձեռնարկեն: Լևոն Զուրաբյանը, կարծես այդ հայտարարությունն ի պատասխան, պնդեց ՀԱԿ-ի դիրքորոշումը՝ նշելով. «Անկախ նրանից 12 կետերը կկատարվեն, թե չեն կատարվի՝ Հայ Ազգային Կոնգրեսը մնում է այն տեսակետին որ օր առաջ պետք է ազատվել Սերժ Սարգսյանի կործանարար ռեժիմից»: Սա ՀԱԿ-ի ուղերձն էր նաև քառյակի մյուս անդամներին, որ 12 կետերը իր համար սկզբունքային չեն, և պայքարը պետք է տեղափոխել այլ հարթություն: Այն կոնֆլիկտային պայքար է ենթադրում, որն իր բնույթով ավելի շատ «մոտիվացիոն» է, երբ տեղի է ունենում շահերի, արժեքների բախում:  Սակայն, արդյո՞ք քառյակի բոլոր անդամները կհամաձայնեն պայքարի նման տարբերակի. քառյակից առնվազն երկուսը՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հանդես չեն գալիս նման պահանջով, հենց դրանում էլ կայանում է միտիվացիայի բաժանումը և քաղաքական գործողության ծավալման «արգելքը»: Քաղաքականության սուբյեկտների մոտեցումների տարբերությունը հանգեցոնւմ է քաղաքական շահերի բախման, սա պետք է քառյակը հաշվի առնի և շուտափույթ լուծում առաջ քաշի, այլապես կհասունանա անվստահություն, և ֆրակցիոնիզմը կսկսի գլուխ բարձրացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել