Նախորդ հոդվածում խոսեցի այն մասին, որ հոգեւորականին քննադատողը կամա թե ակամա քննադատում է հենց Հայ եկեղեցուն եւ նորից կամա թե ակամա ծառայություն է մատուցում հակաեկեղեցական ուժերին: Այս կապակցությամբ տեսակետ էր հնչեցվել, որ Եկեղեցին եւ հոգեւորականությունը տարբեր հասկացողություններ են, սակայն ուզում եմ առանձնացնել հատկապես հակառակ տեսակետներից մեկը, որը արձանագրել էր Ալվարդ Մկրտումյանը. 

Խնդրում եմ չշփոթել. Հայ Եկեղեցին բոլորովին կապ չունի ,,վայ հոգեւորականների,, հետ, որոնք իրենց պահվածքով իսկ արդեն ստվեր են գցում Հայ Եկեղեցու վրա եւ հակակրանք առաջացնում իրենց նկատմամբ: Այնպեսոր նրանց քննադատելը բոլորովին էլ անիմաստ չէ, այլ ընդհակառակը՝ բացահայտում է , թե որքան են ,,վայհոգեւորականները,, հեռացել հավատքից ու Հայ Եկեղեցուց ...

Լավ, մի պահ ընդունենք այս միտքը եւ համարենք, որ կան այնպիսի հոգեւորականներ, որոնք իրենց վարք ու բարքով ստվեր են գցում Հայ եկեղեցու հեղինակության վրա: Դրա մասին գիտեմ ես, գիտի Ալվարդ Մկրտումյանը, գիտի Պողոսը, որ հմուտ է հավատքի մեջ, գիտի նաեւ Պետրոսը, որ ամուր է իր հավատքում, գիտեն նաեւ մի գուցե շատերը, ովքեր այնքան հստակ են կողմնորոշված իրենց հավատքի մեջ եւ այնպիսի անկեղծ սիրով են անդամագրված Հայ եկեղեցուն, որ նման տեղեկատվությունները կամ նույնիսկ կոնկրետ 
հոգեւորականների կողմից իրականացվող անհարիր արարքների ականատես լինելը չեն խարխլի նրանց հավատքը, այլ հակառակը նրանք կհասկանան թե ինչքան պատասխանատվություն կա նաեւ իրենց ուսերին՝ պահպանելու ազգի մեջ Հայ եկեղեցու հեղինակությունը, դա նրանք ու մենք կհասկանանք սիրելիներս, բայց մի՞թե միայն ես, Ալվարդը, Պողոսն ու Պետրոսը կամ ամուր հավատքով հաստատվածներն են ընթերցում 
կամ դիտում լուրերը, չէ՞ որ թեեւ նման նյութերը Քիմ Քարդաշյանի մարմնի բարեմասնությունների հետ կապ չունեն, բայց միեւնույն է նույն քննադատությունները տարածվում են որքան հնարավոր է տարածվել եւ ընթերցում են բոլորը: Իսկ ընթերցողների մեջ կարող են լինել նաեւ մարդիկ, ովքեր հոգեւորականի հասցեին հնչեցված քննադատությունը կընկալեն շատ մեծ հիասթափությամբ հենց Եկեղեցու նկատմամբ: 
Չէ՞ որ այդպիսի քննադատությունները ավելի շատ ջուր են լցնում հակաեկեղեցական տարրերի ջրաղացին քան նպաստում Եկեղեցու բարեփոխմանը: Քննադատողը միգուցե եւ նպատակ չունի որեւէ մեկի աչքից գցել Եկեղեցուն, բայց դա այդպես կարող է ստացվել շատ մարդկանց մոտ, ովքեր դեռ հավատքով հասունանալու ճանապարհին են: Եւ թեկուզ ընթերցողների մեկ տոկոսի մոտ Հայ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը փոխվի դեպի վատը, ապա վնասն ավելի շատ կլինի այդ հոդվածի քան օգուտը: Սա նրբություն է, որը ցավոք սրտի գործում է աննկատ ու անվրեպ, եւ պարզապես հորդորս է, որպեսզի հոգեւորականին հրապարակայնորեն քննադատելիս նկատի ունենալ հատկապես այս հանգամանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել