ՀՀ Դատական դեպարտամենտի շուրջ կրքերը մամուլում չեն հանդարտվում, ու սա ոչ արդեն «ըստ հավաստի աղբյուրների», ինչպես սիրում են սկսել իրենց հրապարակումները մեր հարգելի գործընկերները, այլ` ռեալ, հոդվածներն առ երես: Այն, որ պետական յուրաքանչյուր կառույցում էլ ի հայտ եկող չարաշահումը, օրենքի խախտումը, կամ նման բաները իրենց բնույթով սկանդալային են ու հասարակական հնչեղություն պիտի ստանան, ու հենց ԶԼՄ-ներիմիջոցով, շատ էլ օրինաչափ է, տրամաբանական:

Հանրային վերահսկողությունը պետության օղակների վրա` նաև ԶԼՄ-ների միջոցով է: Ավաղ պետք է արձանագրել, որ երեբեմն մեր հարգելի գործընկերներն այնքան են տարվում սենսացիա մոգոնելու մոլուցքով ու այնպես են հագեցնում գույները փաստերի շուրջ, որ ակամա ինքը` փաստը, դառնում է անկշիռ ու անտես հասարակությանը: ՈՒ հասարակության գիտակցության, նաև ենթագիտակցության մեջ մնում է սոսկ խեղաթյուրված իրողության հետք, ու նաև, ակամա սերմանում ու սրում անվստահություն պետական կառույցի նկատմամաբ: Գուցե հակառակը պիտի լիներ, կամ հե՛նց հակառակը. յուրաքանչյուր ԶԼՄ-ի պարտավորությունն է իր ընթերցողի առաջ` ոչ թե ինտրիգներով խճճել, այլ պատշաճ ու ճշտված ինֆորմացիայով ապահովել` հատկապես կարևորելով օբյեկտիվության տարրը: 
Այսօր օրաթերթերից մեկը, վկայակեչելով նախաքննական մարմնից ստացած ինֆորմացիան ՀՀ Դատական դեպարտամենտում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտումների մասով, որոնց վերաբերյալ գործն արդեն դատարանում է և դրանցից մեկի վերաբերյալ սկսված վարույթը, անմիջապես, առանց հապաղելու, «հրապարակային» մտքի թռիչքով հասնում է Վճռաբեկ դատարանի նախագահին ու պնդում, թե այս ամենը նշանակում է` իբր Արման Մկրտումյանի հետագա պաշտոնավարման հարցն է դրված: 
Անկեղծ պիտի ասեմ, ու հուսով եմ ճիշտ խոսքից գործընկերներս չեն վիրավորվի, հրապարակումից նույնիսկ պատվերի հոտ չի գալիս, առավելագույնը` շտապողականության ու դիլետանտության: Եթե գործընկերներս սենսացիան «կառուցելու» ճանապարհին չզլանային ու մի քանի մանրամսն էլ փորձեին ճշտել, դրանից միայն հրապարակումը կշահեր` հասարակությունն էլ հետը: Առավել ևս, որ ՀՀ Դատական դեպարտամենի հանրային կապերն ապահովող ծառայությունը կարծեմ երբեք փակ չի եղել ու փակ չի լինելու ԶԼՄ-ների համար: Օրինակ, եթե լրագրողն, ասենք թեկուզ հեռախոսով, կապվեր ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի հետ և իրեն հետաքրքրող հարցերն ուղղեր` իր մի քանի նախադասությունից բաղկացած հրապարակումն այսչափ մերկապարանոց ու թույլ չեր ստացվի: Իսկ Վճռաբեկ դատարանի Նախագահի հետագա պաշտոնավարման հարցադրումը ներկայացնել օրակարգային ու դա էլ քիչ է տրամաբանական կապեր հորինել Դատական Դեպարտամենտում տեղի ունեցող գործընթացների հետ այնքան ծիծաղելի է, որ մեկնաբանության առիթ էլ չի հարուցում:
Հա, մի բան էլ` հանուն արդարության: Իմ սիրելի գործընկերների մտքով չի անցնու՞մ, որ գուցե Դատական Դեպարտամենտում` հենց դեպարտամենտի նոր ղեկավարության ակտիվ գործողություններով է տեղի ունենում և չարաշահումների, և անօրինական երևույթների բացահայտումն ու դրանց այլևս բացառումը: Դե ուրեմն թող նման տարբերակներն էլ չբացառեն, առավել ևս, որ դա հենց այդպես էլ կա: 
Իսկ որպես հետգրություն, ընդհամենը, մի փոքր հատված տեղեկանքից` օրաթերթի մատնանշած շինարարության հետ կապված չարաշահումների մասին.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել