Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը միջազգային բարձր վարկանիշ ունի եւ այս պահին կլինի Հայաստանում գործող ամենահայտնի բուհը: Հայաստանի կառավարության որոշմամբ Երեւանում այս համալսարանի մասնաճյուղի բացումը կբարձրացնի մրցակցությունը բուհական համակարգում եւ կնպաստի բարձրագույն կրթության որակի բարձրացմանը: Ռուսաստանի առաջատար բուհում սովորելու համար Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի պետպատվերով տեղերը: Ակնհայտ է, որ նման բուհի գործունեությունը Հայաստանում միայն ողջունելի է, ինչպես ժամանակին ողջունվում էին Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի բացումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը հիմնվել է 1991-ին Երևանում` Հայկական բարեգործական ընդհանուր միություն և Կալիֆորնիայի համալսարանի աջակցությամբ: Մինչ 2013-ը համալսարանը միայն մագիստորսներ էր պատրաստում, բայց 2013-ին ունեցավ բակալավրիատի ծրագիր երեք՝ բիզնեսի, անգլերենի և հաղորդակցության ու հաշվողական գիտությունների ֆակուլտետներում: 
Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստեղծվել է 1995 -ին: Թեեւ այն համագործակցում է ֆրանսիական Ժան Մուլեն Լիոն 3 եւ Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանների հետ, բայց, ինչպես եւ ամերիկյան համալսարանը մասնավոր բուհ է: Հայաստանում գործում է նաեւ հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, որը նույնպես մասնավոր բուհ է:
Այսինքն, ի տարբերություն վերոնշյալ երեք օտարերկյա համալսարանների, որոնք Հայաստանում ստեղծված մասնավոր բուհեր են եւ հայտնի են միայն Հայաստանում, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը թե իր ընդգրկվածության, թե վարկանիշով, թե կրթական չափորոշիչներով աշխարհում հայտնի խոշորագույն կրթագիտական հաստատություն է: Այն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն, արտասահմանյան մասնաճյուղեր։ Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բանժանումները ավելի քան 10 հազար ունկնդիր: Այստեղ աշխատում են ավելի քան 4 հազար դասախոսներ, մոտ 5 հազար գիտական աշխատակիցներ:
Սակայն Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացումը Հայաստանում որոշակի շրջանակաների կողմից ոչ միայն չի ողջունվում, այլեւ կողմնորոշումային պայքարի ենթատեքստում է դիտարկվում` «դարձյալ ռուսական ներկայություն» եւ այլն: Հարց է առաջանում, իսկ ինչու արեւմտյան որեւէ հանրաճանաչ բուհ, օրինակ` Օքսֆորդի կամ Սորբոնի համալսարանները չեն ցանկանում Հայաստանում իրենց մասնաճյուղը բացել: Ռուսաստանին առնչվող ամեն ինչի դեմ արտահայտվողները երբեք իրենց նեղություն չեն տալիս նման հարցերի շուրջ մտորել` տրամաբանության փոխարեն նախընտրելով ամբոխավարությունը: Սակայն այս անգամ եւս նման մոտեցումը կմնա նեղ շրջանակներում` դրամաշնորհով ապրող կազմակերպությունների աշխատակիցների ներսում, քանի որ այն այս անգամ եւս չի արտահայտում Հայաստանի բնակչության կարծիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել