Կյանքն ահռելի է : Դու այն չես շնչի , չես տեսնի , չես շոշափի ` թերթելով ամսագրեր ու անծանոթ մարդկանց անծանոթ էջեր: Դու այն չես զգա ` շփվելով խամրած հոգիներով ու սառած սրտերով մարդկանց հետ : Վիշտը կյանք չարժե: Սահմանափակումները կյանք չարժեն , քանի որ երբ ազատ ես, բացվում են բոլոր ճանապարները , ճանապարհներ , որոնց վրա խենթ հոգիները մոռացված աստվածների ձայնով երջանկություն են գոռում երկնքից ու անօրինակ պար գալիս ` հավաքվելով ամպերի տակ : Արցունքները վերջանալուն պես սկսվում են ժպիտները , անհագ ցանկություններն ու անբացատրելի տենչերը : Երբ կորցնելու ոչինչ չունես , հյուր է գալիս անվախությունը , դրա համար էլ ինչու՞ աշխարհը ոտքից գլուխ չշրջել , ինչու՞ կյանքը բռունցքներում չպահել ու չապրել : Չէ՜ , մեկ-մեկ պետք է աշխարհը ոտքից գլուխ շրջել ու ապրել , ապրել ոչ թե հիացած հայացքների , անդադար գովեստների ու մեծ փոփոխությունների , այլ ինքդ քո անմահացման համար : Արթնանալ ու գնալ Էվերեստի բարձունքները հաղթահարելու , նրա գագաթին քամիների հետ խելառ տանգո պարելու ու ծիծաղելու ողջ երկնային կամարով : Կամ էլ թերթ կարդալ , սուրճ խմել ու առաջին անգամ ծխել ` ծխախոտը վառելով հրաբուխի լավայի օգնությամբ : Փակել սիրելի գիրքը , տաք հագնվել , համբուրել սիրելիին , գրկել նրան , նստել օդապարիկ ու պոկվել հողից ` հասնելով հոգուդ գագաթնակետին : Կյանքն ահռելի է : Այն չես կարող շնչել , տեսնել , շոշափել , բայց այն կարող ես ապրել , ապրել ու չափսոսել :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել