Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «ԱրմՔոմեդի» քաղաքաերգիծական հաղորդման հաղորդավարներից Սերգեյը, ներկայացնելով որոշ մանրամասներ նոր եթերաշրջանում իրենց նոր նախագծերի մասին, ասաց, որ ավելանալու է բազմոց և հյուրեր, որոնց անկաշկանդ հարցեր են ուղղելու: «Նոր, գեղեցիկ բազմոց ենք գնել, որի վրա ուզում ենք տեսնել Ազգային ժողովից և գործադիրից բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչների»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց վաղեմի երազանքն է տաղավարում տեսնել Գալուստ Սահակյանին և հույս ունեն այս տարի այդ երազանքն իրականություն դարձնել։

-Սերգե՛յ, սեպտեմբերին կմեկնարկի «ԱրմՔոմեդի»-ի նոր եթերաշրջանը, բովանդակային ու կառուցվածքային ինչ-որ փոփոխություններ լինելո՞ւ են:

-Այո, փորձելու ենք ավելի վառ, արտահայտիչ դարձնել հաղորդումը: Իհարկե, հիմնական՝ ավանդական մասը, մեկնաբանությունները, որոնք միշտ արել ենք, մնալու են և միանալու է հյուրի հետ հատվածը: Այսինքն՝ փորձելու ենք հյուրեր կանչել, մի քիչ մարդամոտ լինել, շփվել մարդկանց հետ և այդ նպատակով նոր, գեղեցիկ բազմոց ենք գնել, որի վրա ուզում ենք տեսնել տարբեր մասնագիտությունների տեր հայտնի և ոչ հայտնի մարդկանց:

-Նաև ենթադրում եմ՝ քաղաքական գործիչների:

-Իհարկե:

- Հաշվի առնելով, որ ձեր հաղորդման համար ամենակարևորը հումորն է, ո՞ր քաղաքական գործիչներին եք պատրաստվում հրավիրել առաջնահերթ:


-Մեր վաղեմի երազանքն է՝ տեսնել Գալուստ Սահակյանին մեր տաղավարում, և չնայած մեր վիրտուալ բազմամյա փորձերի, առայժմ այն շարունակում է մնալ երազանք: Եվ հույս ունենք, որ այս տարի կկարողանանք այդ փոքրիկ, թե՞ մեծ երազանքն իրականություն դարձնել: Ինչպես նաև ցանկանում ենք Ազգային ժողովից և գործադիրից տեսնել բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչների մեր բազմոցին: Օրինակ՝ սոցիալական հարցերի նախարարին մեծ հաճույքով մի քանի հարց կտայինք, մշակույթի…

-Ի՞նչ հարց :

-Դե կհրավիրեի բազմոցի վրա, կնայեի աչքերի մեջ և կասեի՝«և՞» ու կփորձեինք լսել, թե ինչ պատասխան է տալիս:

-Այսինքն՝ նրան կասեիք՝ «և» և բազմակետե՞ր:

-Հարցական, և ու բազմակետեր:

-Իսկ մշակույթի նախարարին, կրկին աչքերի մեջ նայելով՝ կրկին հարցական նշան ու բազմակե՞տ:

-Չէ, մշակույթի նախարարին մեծ հաճույքով ցույց կտայի մշակութային օբյեկտների ֆոտոներ, և շատ կուզենայի տեսնել և արձանագրել նրա ռեակցիաները: Սկսած Երևանի հին մշակութային շենքերից, վերջացրած Գառնիի մոտի սրճարանի նախագծից ու տարբեր մշակութային օջախներում ինչ-որ «փարթիների» նկարներ:

-Լավ, իսկ Գալուստ Սահակյանի՞ն:

- Ինձ թվում է՝ ամենալավն այն կլիներ, որ ուղղակի նարդի խաղայինք և բոլորիս համար ավելի բովանդակալից կանցներ ժամանակը: Համ էլ կփորձեինք հարցնել՝ որտեղ է իրեն տեսնում 10 տարի հետո, իր ուժեղ և թույլ կողմերը, որոնք են եղել իր հիմնական մարտահրավերները աշխատանքի ժամանակ,նախորդ աշխատատեղերից ո՞ր մեկն է ավելի ծանր կամ հեշտ եղել իր համար:

-Իսկ Գալուստ Սահակյանին հրավիրելու փորձերը, որքան հասկացա, վիրտուալ են եղել: Թե՞ փորձել եք՝ չի եկել:

-Չէ, փորձել ենք, փորձել ենք տարբեր եղանակներով, խոսքից խոսք փոխանցել, որ կա անսահման կարոտ ու թախիծ մեր աչքերում ու ցանկություն՝ իրեն տեսնելու: Ու դա դեռ մնացել է թախիծի տիրույթում:

-Դուք գնահատել եք ԱԺ նախագահի հումորի զգացումը, և այդ թախիծն ու կարոտը դրանի՞ց է գալիս:

-Դե, իհարկե, ինձ թվում է՝ իր հումորը շատ բազմաշերտ է, և ամեն մեկը իր ցանկացած բանն է տեսնում դրա մեջ, և մենք անսպառ ելևէջներ անընդհատ գտնում ենք իր ցանկացած ասածի մեջ:

-Եթե ամփոփելու լինելու լինենք մեր հարցազրույցի այս հատվածը, ապա կարող ենք արձանագրել՝ բազմոց և հյուր: Սա է լինելու հիմնական կառուցվածքային փոփոխությունը:

-Այո, ինչպես նաև փոքրիկ «սթենդափային մաս» կարող է լինի:

-Ձեր հաղորդումները դիտելիս այնպիսի տպավորություն է, որ լրագրողներից ոչ պակաս հետևում եք քաղաքական անցուդարձին, ամբողջ օրը կայքերին եք հետևում ու մամուլին, քաղաքական գործիչների խոսքերը գրեթե անգիր կարող եք ասել:

-Այո, դա ճիշտ է:

- Ամենաշատ նյութը որտեղի՞ց եք քաղում, ո՞ր կուսակցությունից, հիշում եմ՝ նախագահական ընտրություններին շատ էիք անդրադառնում Րաֆֆի Հովհաննիսյանին:

-Մենք կողմ ենք սկզբնաղբյուրից քաղելուն, եթե դա թեկնածու է, ուրեմն նրա պաշտոնական կայքից, եթե կուսակցություն է՝ կուսակցության պաշտոնական կայքից: Ինչ վերաբերում է ընտրությանը, որ պահին ով որ ակտուալ է, ով շատ մոտ է նրան, որ մեծ փոփոխություն է բերելու, նա ավելի շատ է մեր ուշադրության կենտրոնում: Այսինքն՝ երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող մտածել, որ էպոսով զբաղվող մարդը կարող է այդքան շատ ուշադրության արժանանալ, բայց տենց ստացվեց:

-Փորձե՞լ եք Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով քաղաքական հումորներ անել:

-Այո, էդ թեման առավել ակտուալ է դառնում հիմնականում ընտրությունների ժամանակ և հենց այդ ժամանակ բոլորին, այդ թվում՝ առաջին դեմքերին շատ հետաքրքիր անդրադարձել ենք և կարծում եմ՝ ահագին զվարճալի է ստացվել ու բավականին դրական արձագանքներ ենք ստացել:

-Նաև նախագահական ընտրություններին շատ էիք անդրադառնում Րաֆֆի Հովհաննիսյանին: Իր հետ երբևէ հանդիպե՞լ եք, ինչ-որ բան ասե՞լ է:

-Ոչ միայն հանդիպել ենք, այլև սելֆի ենք արել և ամեն անգամ հանդիպելիս՝ շատ ջերմ զրուցում ենք: Եվ ինքը ամենաադեկվատ, ամենալավ ձևով է ընդունում ցանկացած անդրադարձ իր անձին: Կուզենայինք, որ տարոսը փոխանցվեր ուրիշներին:

-Բայց եթե հորիզոնականներ լինեին, ո՞ւմ եք ամենաշատն ուշադրություն դարձրել ձեր հաղորդման շրջանակներում:

-Հիմնականում ուշադրությունը ուղղվում է նրան, ով անում է շատ բան, իսկ շատ բան անում է նա, ով ունի ավելի շատ լծակներ: Այսինքն՝ իշխանություն, կառավարություն, իշխող կուսակցություն. սրանք այն օղակներ են, որոնք դեֆոլտային կերպով մեր կողմից ուշադրության են արժանանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել