Արցախի հերոս, ռազմարվեստի համաշխարհային դասագրքերում իր անունը պատվով ներառած Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր ուշագրավ հայտարարություն է արել, որի հետ համաձայն եմ ամբողջապես, մեջբերում եմ մեծ զորահրամանատարի խոսքից.
«Մենք հիմա պաշտպանվում ենք, բայց դա երկար տեւել չի կարող: Երկար պաշտպանվելը ձգված զսպանակի էֆեկտ ունի, մի օր հակազդելու է: Ու մենք ինքներս պետք է սկսենք սահմանին լարվածություն ստեղծել՝ կետային հավածներ հասցնելով ադրբեջանական բանակին ու Ադրբեջանին, այլ ոչ թե նստենք ու սպասենք, թե երբ Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա, որ մենք էլ պաշտպանվենք: Առաջարկում եմ պարզ հարվածներ հասցնել Ադրբեջանին: Այսպես շարունակվել չի կարող»: Արցախյան ազատամարտի լեգենդն ու ադրբեջանցիների սարսափ մեր գեներալն ասում է ճշմարտությունը, քանի որ վերջին օրերին մեր բանակի կողմից իրականացված փայլուն գործողությունները շուրջ 60 ադրբեջանցիները ուղարկեց այն աշխարհ ու ստիպեց մեր թշնամուն սթափվել ու հրաժարվել դիվերսիոն գործողություններից, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նրանց հիշողությունը շատ կարճ է և իմ կանխատեսմամբ մինչև տարվա վերջ նրանք նորից ակտիվանալու են: Ստեղծված է մի իրավիճակ, երբ գործում է շատ պարզ մի կանոն, պետք է նախահարձակ լինել՝ կանխելու համար ապագայում սպասվելիք հարձակումը, որի հետևանքները մեզ համար կարող են ավելի ծանր լինել, քան եթե առաջին հարվածը մենք հասցնենք: Ես հասկանում եմ, որ պատերազմը ողբերգություն է ու մեզանից շատերը հետ չեն գալու ռազմաճակատից, բայց մեր պարագայում դա անխուսափելի է, ասեմ ավելի՝ մեկ անգամ էլ լայն ճակատով պատժելով ադրբեջանին մենք ապահովում ենք խաղաղ կյանք մեր երեխաների համար, հակառակ դեպքում նրանք են մեր փոխարեն լուծելու այս հարցը: Պատերազմի մասին հանճարեղ բան է ասել Մաքիավեին, նա պնդում էր, որ պատերազմը կարելի է երկարաձգել բացառապես թշնամուդ հզորացնելու հաշվին ու մեր դեպքում սա հեռու չէ իրականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել