Tert.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ սողանքի հետևանքով փակ է Լարս-Ստեփանծմինդա` Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհը, և բեռնափոխադրողները կանգնել են փաստի առաջ: Tert.am-ի հետ զրույցում «ՀՀ միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի» նախագահ Հերբերտ Համբարձումյանը նշեց, որ այսօր չկա որևէ այլընտրանքային ճանապարհ նման իրավիճակներում բեռները տեղափոխելու համար: Նա ընդգծեց, որ այսօր փակ է իրականում մեր կյանքի ճանապարհը:

«Բեռնատարները պետք է սպասեն այնքան, մինչև Լարսը բացվի, որովհետև ծով չունենք ու նավով բեռներ չենք կարող տեղափոխել: Մի ժամանակ եղել է մի ճանապարհ, որն անցել է Հարավային Օսեթիայով, բայց դա հիմա ես չեմ կարող ասել, թե արդյոք կարող է կրկին վերականգնվել, քանի որ դա գրեթե նույնն է, որ ասենք Լեռնային Ղարաբաղով մի ճանապարհ բացենք, կարո՞ղ է այդպիսի բան լինել, ես չգիտեմ: Բայց գիտեմ, որ նախկինում նման ճանապարհ կար և բեռներ տեղափոխվում էին դեպի Ռուսաստան և այլ երկրներ: Սա զուտ քաղաքական հարց է, որի լուծումը ես չգիտեմ»,- ասաց նա:

Հարցին՝ հաշվարկ կա, թե որքան բեռնատար է սպասում ճանապարհի բացմանը, պատասխանեց. «Այսօր բազմաթիվ մեքենաներ են կանգնած հերթի՝ Ռոստովում, Պյատեգորսկում, Վլադիկավկազում, Մինվոդիում, բայց հաշվարկ չկա, թե ընդհանուր առմամբ քանի բեռնատար է այսօր սպասում ճանապարհի բացմանը: Մինչև այս ճանապարհը չբացվի, ամբողջ ապրանքաշրջանառությունը կանգնած է մնալու»,- ասաց նա:

«Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իհարկե նման բնական աղետները դրականորեն չեն ազդում Հայաստանի տնտեսության վրա, քանի որ պակասում է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների միջև:

«Հատկապես այս սեզոնին, երբ շատ են տեղափոխվում մրգեր ու բանջարեղեն, այս իրավիճակը ցանկալի չէր, և ազդեցություն կունենա տնտեսության վրա»,- ասաց նա:

Հարցին, թե հաշվի առնելով այն, որ ներկրվող ապրանքը ևս ուշանում է, հնարավոր է, որ ապրանքների գները թանկանան, պատասխանեց. «Չեմ կարծում, որ իրավիճակը կնպաստի որոշ ապրանքների գնի բարձրացմանը: Օրինակ՝ նախորդ անգամ, երբ կրկին նման իրավիճակ էր ստեղծվել, նկատեցինք ավիատոմսերի թանկացում, որովհետև բավական երկար ժամանակ փակ էր ու ավտոբուսներով մարդիկ չէին կարողանում գնալ Ռուսաստան, ավիափոխադրողներն էլ առիթից օգտվելով գները բարձրացրին: Հիմա դեռևս այդ միտումը չեմ տեսնում, չեմ էլ ուզում, որ այս հարցը դառնա քննարկման առարկա, ու մարդիկ սկսեն սրա շուրջ մտածել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել