Եկել հասել ենք 21-րդ դար, բայց մեր մտածողությունը <կամ…,կամ…>-ից այն կողմ չի անցնում: Հիշում եմ մոտ երկու տասնամյակ առաջ մի լրագրողուհու ապշահար զարմանքը, երբ իմ հետ հարցազրույց վարելիս <պարզեց>, որ ես դեմ եմ ընդհանրապես <հավերժական> կողմնորոշմանը եւ, մասնավորապես, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած նոր պայմաններում ռուսական կողմնորոշման շարունակմանը: <Ուրեմն դուք թուրքական կողմնորոշում ունեք, այո՞>-վրա տվեց նա: Ոչ ավել, եւ ոչ պակաս: Այս ավանդական խեղված տրամաբանությունը այսօր էլ շատ կենսունակ է հայոց վերնախավի եւ ժողովրդի մեջ: Ես պատասխանեցի, որ այդ հարցում մեր լեզուն պիտի շարժեն միմիայն մեր պետական եւ ազգային իրական շահերը: Այսօր դա կրկնվում է նույն կերպ: Դեռ ավելին հայ մարդկանցից պահանջում են <հավատարիմ> լինել Ռուսաստանին, իսկ ոմանք, առանց գետինը մտնելու, պարծենում են նրանով, թե իբր <Անդրկովկասում Ռուսաստանին ամենահավատարիմ ժողովուրդը հայերն են>:
Հայե՛ր, վերջապես հասկացե՛ք. Հայաստանը կրոն չէ, գաղափարախոսություն չէ, հարազատ չէ, մերձավոր չէ, ընկեր չէ, զինվոր չէ, սիրած էակ չէ եւ, վերջապես, շուն չէ, որ դուք օտարի հանդեպ նրա <հավատարմության> հարցն եք արծարծում: Հայաստանը երկիր է, պետություն, որը ունի պետական եւ ազգային սեփական շահեր, հենց որոնց էլ նա պարտավոր հավատարիմ լինել, քանի որ առանց դրանց պաշտպանության եւ առանց դրանց ոլորտների ընդարձակման մեր երկիրը չի կարող ո՛չ կենսունակ լինել, եւ ո՛չ էլ գոյատեւել, էլ ո՛ւր մնաց, թե <ապահով>, <բարգավաճ> կամ <օրինաց> երկիր դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել