Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը պատասխանել է ճամբարական լրագրողներին հետաքրքրող հարցերին: Երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հարցերը վերաբերել են ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այնպես էլ մեր երկրի պաշտպանությանը, տնտեսության մարտահրավերներին, սոցիալական թեմաներին: 

-Պարոն Նախագահ, ինձ` որպես տղայի, ավելի շատ մեր երկրի անվտանգության հարցն է անհանգստացնում. ի՞նչ զարգացումներ ունենք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ո՞ւր ենք հասել (Սուրեն Արեենց, «Արմենիա» հեռուստաընկերություն):

-Կարծում եմ, որ վերջերս դուք բավականաչափ տեղեկատվություն ստացաք: Ես ուղղակի ուզում եմ այդ տեղեկատվությանն ավելացնել հետևյալը, որ ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը՝ միջազգային հանրությանը հստակ հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է: Եվ դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր հրամանատարների կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձր մակարդակով: Ես մի անգամ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահը դա չի թաքցնում, և վստահաբար հիմա էլ կարող եմ ասել, որ դա այդպես է: Բայց այս անգամ որոշակի երանգներ կային, և այդ երանգներից մեկն այն է, որ ադրբեջանցիները լրացուցիչ նպատակներ էին դրել: Նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասվում էր՝ մեր աչքը վախեցնելն էր և իրենց ահռելի ծախսերն արդարացնելը: Ուզում էին արդեն որոշակի լրջության աստիճանով ցույց տալ և՛ մեզ, և՛ իրենց ժողովրդին, որ իրենք առավելություն ունեն: Ինչու՞ եմ ասում լրջության աստիճանով, որովհետև վերջին 20 տարիներին, իհարկե, տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր եղել են, բայց երբեք չի եղել, օրինակ, կրակ ականանետերից: Այս անգամ եղավ, և հաստոցավոր նռնականետերից, այսինքն՝ սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, և վտանգը, իհարկե, մեծանում է:

Երկրորդ, կարծում եմ, որ նրանք իրենց քաղաքականությունն էին առաջ տանում: Այսինքն, այս առաջինը, եթե իրենց հաջողվեր, ապա պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին. այն թեզը, թե ռազմական գործողություններ չսկսելը՝ բանակցային գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից: Ծիծաղելի է, բայց փաստ է: Այսինքն, դա փաստարկ չի, դա ուղղակի շանտաժ է: Նաև տարբեր այլ խնդիրներ են իրենք իրենց առջև դրել, և երբ մեր հերթական հանդիպումն էր տեղի ունենում, կարծում եմ, որ նրանք լավ վիճակում չէին: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա 2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք, և Կազանում Ադրբեջանի կողմից բանակցությունների ձախողումը վերջին հանգրվանն էր: Դրանից հետո այդ փաստաթղթում որևէ ուղղում կամ լրացում չի եղել: 

Կարծում եմ՝ մեր դիրքորոշումը ձեզ ծանոթ է, նորից չկրկնեմ. մեր ամբողջ նպատակն է, որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Մենք այլ խնդիր չունենք, և ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե՝ նոր զոհերի գնով:

Եթե իմի բերելու լինենք` պիտի ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են: 

Հարցազրույցին անդրադառնալով բանակցությունների, մարտական գործողությունների ընթացքին՝ ՀՀ Նախագահը նաև նշել է, որ չի կարող մտաբերել կամ նշել աշխարհի որևէ բանակ, որ չունի իր ժողովրդի վստահությունը և մարտունակ է: 

-Երբ ես Սոչիից ասացի, որ մեր բանակի հաջողության համար ոչ թե ուրախանում, այլ հպարտանում եմ, և դա, իրոք, այդպես է. իմ ուրախությունը, ամենամեծ ուրախությունը նրա համար է, որ մեր ժողովուրդը հավատաց իր բանակին, վստահեց, և դրանից բանակի ուժը կրկնապատկեց: Ահա, սա՛ է, բանակն ահա այսպիսի՛ն պետք է լինի: Ես չեմ կարող մտաբերել կամ նշել աշխարհի որևէ բանակ, որ չունի իր ժողովրդի վստահությունը և մարտունակ է: Միայն սպառազինությունը, միայն քանակը, միայն դրամական միջոցները բավարար չեն, որպեսզի ունենաս մարտունակ բանակ: Մեր տանկիստների ելույթը շատ պարզ դրա մասին է խոսում, շա՜տ պարզ: Մրցումների են գնում, և այն ժամանակ էլ կտեսնեք: Գոնե դուք համոզվեցի՞ք, որ ես տարիներ շարունակ ասում էի, որ մենք ունենք հոյակապ բանակ, հրաշալի տղաներ՝ մարտունակ: 

-Պարոն Նախագահ, այնպիսի տպավորություն է, որ Մաքսային միությունում կարծես թե ուրախ չեն մեզ տեսնել: Արդյո՞ք ճիշտ տպավորություն է ստեղծվել, տեղի՞ն տպավորություն է կամ որտեղի՞ց է այդ տպավորությունը գալիս («Առավոտ» օրաթերթ, Տաթև Հարությունյան):


-Մաքսային միությունը մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ, այո, համաձայն եմ այն կարծիքի հետ, որ երևի թե բոլորը չեն ուրախ: Մենք փոքր երկիր ենք, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար: Բայց մյուս կողմից էլ այնպես չէ, որ Մաքսային միության անդամները չեն ցանկանում մեր անդամակցությունը: Եթե չցանկանային, ապա ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և խնդիրն ընդհանրապես առաջ չէր շարժվի: Ճիշտ գնահատականը հետևյալն է՝ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, իբր թե մեզ ստիպում են, որպեսզի մենք արագ և գլխակորույս դառնանք Մաքսային միության անդամ: Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, և ընթացքը, որի համար մեր հասարակության մի մասը մեզ մեղադրում է՝ ասելով, թե ինչու՞ ենք «այսպես գլխապատառ գնում այնտեղ», մեզնով է պայմանավորված, ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով: Այնպես որ՝ նորմալ ընթացք է:

Գիտե՞ք, դա էլ մեր երկրի զարգացման համար փուլային կարևոր մի շրջան է: Ակնհայտ է, որ շատ բան է փոխվելու մեր երկրում: Եվ հանգիստ, հանդարտ, առանց մտավախությունների կամ ամբողջ հանրապետությունով միասնական, մեկ կարծիք ունենալը շատ բարդ է: Կարծում եմ, նորմալ է: Ես որևէ խնդիր չունեմ ոչ այն մարդկանց հետ, ովքեր կոշտ քննադատում են, և ոչ էլ այն մարդկանց, ովքեր ամուր պաշտպանում են այս գաղափարը: Ժամանակը ցույց կտա, և բոլորը կտեսնեն, թե ով էր ճիշտ: Ես նոր ողջունում էի բազեականներիդ և ասում, որ քսանչորս տարի առաջ, երբ Անկախության հռչակագիրն էր ընդունվում, բոլորը չէ, որ միանշանակ ընկալում ունեին: Շատ մարդիկ մտավախություններ, կասկածներ ունեին, բայց փառք Աստծո, այսօր արդեն 2014 թվականն է: Քսանչորս տարի է անցել, և չնայած բարդություններին, դժվարություններին, մեր ընթացքը հաստատուն է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել