Դիտարկում ամերիգոսների կյանքից. քաղաքական. ինչպես և աշխարհի բոլոր երկրներում ԱՄՆ-ում նույնպես շարքային քաղաքացիներն ամենևին գոհ չեն իրենց կառավարությունից: Մասնավորապես՝ մարդիկ բողոքում են անհավանական բարձր հարկերից և պահումներից, ինչպես նաև՝ մարդիկ այստեղ վստահ են, որ իրենց հարկային վճարումները արդյունավետ չեն օգտագրոծվում կառավարության կողմից: Մասնավորապես՝ մեծ գումարներ են ծախսվում առողջապահական և կրթական համակարգի վրա, սակայն քաղաքացիները նշում են, որ միջնակարգ կրթությունն ԱՄՆ-ում բավականին ցածր մակարդակի վրա է: Բացի այդ՝ ԱՄՆ-ում եթե դու ավտոմեքենա չունես, ուրեմն, ինչպես իրենք են ասում՝ մարդ չես, քանի որ հասարակական տրանսպորտի ենթահամակարգը բավականին թերի է: Օրինակ՝ քաղաքի կենտրոնից ծայրամաս հասնելու համար վերջին ավտոբուսը շարժվում է ժամը 19:00-ին, և եթե, Աստված չանի, ուշանաս, ստիպված ես տաքսի պատվիրել, ինչի արդյունքում՝ միայն ճանապարհի կծախսես մոտ 70 դոլար: Ավտոմեքենա ունենալը նույնպես էժան հաճույք չէ, քանի որ բավականին հարկեր է պահանջում, իսկ ավտոմեքենան քաղաքում կայանելը շատ թանկ արժե: Մասնավորապես՝ Չիկագոյում ողջ օրվա ընթացքում ավտոեմքենան կայանելու համար մարդիկ 60 դոլար են վճարում: Հետաքրքրականն այն է, որ այս ամենի հետ մեկտեղ մարդիկ այստեղ ցուցեր և բողոքի ակցիաներ չեն կազմակերպում: Երբ երիտասարդներից մեկին հարցրեցի, թե ինչու իրենք բողոքի ակցիաներ չեն կազմակերպում, պատասխանեցին, որ մարդիկ ավանդաբար անտարբեր են դարձել կառավարության որոշումների նկատմամբ, և հիմնականում քաղաքական որոշումների կայացման վրա փորձում են ազդել որոշակի շահառու խմբեր, որոնք չեն ներկայացնում լայն հասարակության պահանջները: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ շարքային ամերիկացիներն ամենևին չեն կիսում իրենց երկրի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը և մեծամասամբ կարծում են, որ իրենց կառավարությունն իրավունք չունի իր քիթը խոթել այլ երկրների ներքին գործերի մեջ: Ինչևէ՝ Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք, սակայն ցանկացած երկրի շարքային քաղաքացիները (բացառությամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի  ) բարի և հյուրընկալ մարդիկ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել