Այն բանի համար փող չես ստացել, որ ծախսես քո հաճույքների համար, այլ որպեսզի օգտագործես ողորմության համար: Մի՞թե դրանք քեզ են պատկանում: Քեզ վստահված է աղքատների հասանելիքը, թեկուզև դրանք ձեռք ես բերել արդարների աշխատանքով, թեկուզև ժառանգություն ես ստացել հորիցդ: Եթե քեզ մեծ ողորմածությամբ հրամայված է քո ունեցվածքից տալ, ապա այդ պատճառով մի մտածիր, որ այն քոնն է և անչափ մարդասիրությունը մի վերածիր աներախտագիտության առիթի: Մի՞թե Աստված քեզնից չի կարող ամենինչ խլել: Բայց Նա դա չի անում` քո կամքին թողնելով կարիքավորների նկատմամբ քո ունեցած առատաձեռնությունը: 
Եթե քեզ վրա ծախսես ավելին, քան անհրաժեշտ է, ապա այն աշխարհում ամենախիստ հաշվետվությունն ես տալու:
Եթե մի բաժակ սառը ջուրը հասցնում է երկնային արքայություն, ապա, ասա ինձ՝ ինչպիսի՞ պտուղ քեզ կբերի այն, եթե աղքատին դարձնես քո բաժակակիցը, խնջույքիդ մասնակիցը և հանգստություն բերես նրան: Ուրեմն, չպետք է ամաչենք ծառայել աղքատներին, չպետք է հրաժարվենք նրանց ծառայել սեփական ձեռքերով, որովհետև մեր ձեռքերը այդպիսի ծառայությամբ օրհնվում են, և եթե այդպիսի ծառայությունից հետո դրանք մեկնում ենք առ երկինք աղոթելու, ապա Աստված, նայելով դրանց, անմիջապես մեզ ողորմում է և տալիս խնդրելիքը:
Օ՜, որքան մեծ է աղքատության արժեքը: Այն Աստծո դիմակն է: Աղքատության տակ է թաքնվում Աստված. աղքատն է պարզում ձեռքը, սակայն Աստված է վերցնում: Երբ քեզ ինչ-որ դժբախտություն է պատահում, իսկույն ողորմություն տուր, երախտագիտություն հայտնիր, որ այդպես է պատահել, և դու կտեսնես, թե ինչ ուրախություն է իջնում քո վրա:

Ողորմության մասին, սուրբ Հովհան Ոսկեբերան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել