Վերջին օրերին լայնորեն քնարկվում է Մանկական Եվրոտեսիլ 2012-ում ոստիկանապետ Վովա Գասպարյանի դստեր Անգելինա Գասպարյանի՝ Հայաստանը ներկայացնելու հարցը: Եթե սկզբում կրքերի հնարավոր թեժացումից խուսափելու համար Անգելինայի մասնակցության թեման բոլոր կողմերից ցրում էին, ապա այսօր արդեն փաստ է՝ Անգելինան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Իսկ աղջկա պրոդյուսեր Արմեն Գևորգյանը, ով բոլորովին վերջերս նաև ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավարն է նշանակվել,  տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում չի թաքցնում իր համոզմունքը, որ հենց Անգելինան կներկայացնի Հայաստանը այդ հեղինակավոր մրցույթին:
Փաստորեն մեծ է հավանականությունը, որ ՀՀ քաղաքացին հերթական անգամ պաշտոնական դիրքի չարաշահման և ուժեղ պապայի՝ խիստ հայկական մեխանիզմի գործարկման ականատեսը կդառնա: Բայց սպասեք, միթե սա նույն Վովա Գասպարյանը չէ, ով իբրև իսկական ռեֆորմատոր և կարդինալ փոփոխություններ իրականացնելու անխախտ մղումով լցված մուտք գործեց ոստիկանական համակարգ և հաշված ամիսների ընթացքում բարեփոխեց այն: Մի՞թե սա նույն Վովա Գասպարյանը չէ, ով ասում էր, որ անաչառությունն ու օրինապահությունը հետայսու ոստիկանի հիմնական սկզբունքներն են դառնալու:  Արդյո՞ք բարեփոխումները մի համակարգում արդարացնում են դիրքի չարաշահումը մեկ ուրիշում:

Բնավ ցանկություն չունենալով այս հրաշք երեխայի հասցեին ինչ-որ վատ բան ասել, պետք է նշեմ, որ Վովա Գասպարյանի դուստրը չունի ո՛չ եվրատեսիլային արտաքին, ՛ոչ նորմալ ձայն, ո՛չ էլ բեմական պահելաձև: Նա պարզապես վատ է երգում և իրավունքը չունի մի ողջ երկիր ներկայացնելու այդ հեղինակավոր մրցույթին: Ու եթե ինչ-ինչ պայմաններում մեր խսիտ անաչառ ժյուրին սեպտեմբերին Հայաստանից հայտ ներկայացրած լավագույն մասնակիցների թվում ընդգրկի Անգելինային և վերջինս դրանից հետո Եվա Ռիվասային հրաշք քվեարկությունների արդյունքում Հայաստաը ներկայացնող մասնակիցը ճանաչվի, իմ աչքերում միանգամից կարժեզրկվեն թե՛ ոստիկանապետի ռեֆորմները և թե՛ նրա բարի ցանկությունը այս երկրի համար լավ բան անելու: Եվ եթե դստրիկին հովանավորող հայրիկը հիմա սխալ ուղի է ընտրել և թաքուն միտք ունի ծածկադմփոցով իր փոքրիկ հրաշքին եվրատեսիլյան բեմ ուղարկելու, ապա խնդրում եմ նման բան չանել ու չհիասթափեցնել բարոյական ոստիկանի կերպարին հավատացող ՀՀ քաղաքացուս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել