Tert.am-ը գրում է.

Հայ ժողովրդի ճակատագիրը լուծվելու է Ղարաբաղում. Վեհափառ հայրապետի օրհնությամբ լրագրողների՝ Արցախ կատարած այցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ծավալված վերջին իրադարձություններին. «Իհարկե, դա չի նշանակում, որ մենք մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք Ղարաբաղին»:

Անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին, ՊԲ հրամանատարը նշեց, որ կատարվածն այսպիսին չի եղել, որ մենք այսքան ուշադրություն դարձնենք: Այդպիսի իրադարձություններ միշտ են լինում, իսկ վերջինն առանձնանում է նրանով, որ որոշ չափով մաշստաբային է եղել և մի քանի օր է տևել: Հակառակորդը մի քանի ուղղություններով գործողություններ է իրականացրել, և բոլոր ուղղություններով բանակը կարողացել է դիմագրավել և ետ մղել թշնամուն:


«Կորուստներ, ցավոք, ունեցել ենք, ինչից մենք պետք է հնարավորինս զերծ մնանք: Հակազդող և կանխարգելիչ յոթ գործողություններ ենք իրականացրել, որպեսզի հակառակորդին ցույց տանք, որ այդպես չէ: Մենք այսօր էլ, վաղն էլ պատրաստ ենք հակառակորդի գործողություններին հակահարված տալ»,- ասաց նա:


Մեկնաբանելով հակառակորդի հայտարարությունը, թե իրենք պատրաստ են ազատագրել Ղարաբաղը՝ նախարարն ասաց. «Վերջերս նաև «փոքրիկ» Ալիևը հայտարարություն է արել, թե ինքը հավակնություններ ունի Զանգեզուրի ու նաև Երևանի մասով, իհարկե, դա անհեթեթություն է, և որևէ մեկը չի կասկածում, որ դա երբևէ իրականություն կդառնա»:


Մովսես Հակոբյանը նաև նկատեց, որ Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մի շատ կարևոր հետևություն է արել, որ «մենք այլևս կորցնելու բան չունենք»: Այս վերջին իրադարձություններն էլ վառ օրինակ են եղել, որ հայ հասարակությունը պատրաստ է ամեն կերպ պահել իր հողը. «Բոլորը համախմբվեցին մեկ խնդրի շուրջ և ապացուցեցինք, որ մենք միահամուռ ենք, միասնական ենք և պատրաստ ենք մեր խնդիրը լուծել: Այսօր մեր զինվորը ևս մեկ անգամ ազդակ ուղարկեց, որ պետք է համախմբված լինել և պետական շահը վեր դասել ցանկացած շահից»:


Նա անդրադարձավ նաև Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ շեշտելով, որ արտաքին հարաբերություններով երկրում զբաղվում է նախագահը և արտգործնախարարը, և իրենք նրա որոշումներն իրականություն դարձնողն են: «Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, ցանկացած այդպիսի հանդիպում մեզ համար ողջունելի է: Եվ կարծում եմ, այն, ինչ պայմանավորվել են նախագահները, լավ կլինի, որ դա իրականություն դառնա»,- ասաց նա և ավելացրեց, որ անհնարին է առանց ԼՂՀ մասնակցության Արցախի հիմնախնդիրը լուծել, ովքեր ուզում են բանակցել, ինչ առաջարկություններ ուզում են ներկայացնել, Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, առանց նրա մասնակցության անհնար է այս խնդրի լուծումը: Երբ Ղարաբաղը մասնակցի բանակցությանը, կարելի է ակնկալել, որ մի քանի տարի հետո խնդիրը կլուծվի:


Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի միջև անցակետ տեղադրելուն, ՊԲ հրամանատարը վստահեցրեց՝ անցակետի կարգավիճակը չի փոխվել և չի փոխվի, եթե այսօր Արցախ մտնող մարդուն չեն կանգնեցրել, վաղը ևս չեն կանգնեցնի:


Հարց հնչեց նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Մեր երկրի նախագահը բավական կոշտ դիրքորոշում է հայտնել, իհարկե, շատ վատ է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: Անկախ նրանից, թե զենքը որտեղից է գնում Ադրբեջանը, դա կիրառվելու է հակառակորդի դեմ, և դա շատ վատ է մեզ համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել