Ուզում եմ մի հարց տալ մեր այն բարեկամներին, որ պնդում են այն տեսակետը, համաձայն որի ԱՄՆ-ն Արաբական Գարնան սկսելուց ի վեր սխալներ է թույլ տվել, այդ թվում իսլամիստական տարբեր ուժերի հովանավորելը, որոնցից ԻՇԻՊ-ը, համաձայն այդ տեսության, վերահսկողությունից դուրս է եկել և հետևանքների մասին ԱՄՆ-ում չէին գիտակցում: Լիբիական և սիրիական պատերազմների հենց սկզբից աշխարհով մեկ մի տեսակետ տարածվեց, որն ասում է` ԱՄՆ-ն և նրա շատ եվրոպական դաշնակիցներ կփոշմանեն իսլամիստներին աջակցելու համար, իսկ հիմա այդ նույն ասողներն ասում են, որ իրենք ճիշտ էին. Իսլամական Խալիֆայության ստեղծումը իր լոկալ և գլոբալ հետևանքներով օրինակ բերելով: Թույլ տվեք չհամաձայնել. կարծում եմ 2011-ից սկսած ամեն ինչ գնում է իրենց ուզածով, իրենց սցենարով, իսկ Ասսադի չտապալվելը պլանից շեղում է: Իսկ պլանի նպատակների մասին խոսել եմ մի քանի օր առաջ: Հիմա տամ հարցս. իրո՞ք կարծում եք, որ մենք հասկանում էինք 2011-ից, որ իսլամիստներին աջակցելը ինչ հետևանքների կբերի ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների համար, իսկ Պետդեպարտամենտում, Պենտագոնում, ԿՀՎ-ում նստած վերլուծաբանները խոտ էին և են ուտում՝ չհասկանալով այդ ամենը: Իրո՞ք կարծում եք, որ իրաքյան ռազմաբազաների գրավման հետևանքով իսլամիստների ձեռքում հայտնված ժամանակակից զինտեխնիկան և զինվորական տրանսպորտային միջոցները առանց ԱՄՆ ցանկության հայտնվեցին իսլամիստների ձեռքում: Կարծում եք ԱՄՆ հետախուզությունը՝ իր գործակալների, արբանյակային հետախուզության, տեխնիկական հետախուզության միջոցով ամեն պահ չէր տեսնո՞ւմ իսլամիստների տեղաշարժերը, նրանց այդ ռազմաբազաներին մոտենալը: Կարծում եք ամաչում, կամ վախենո՞ւմ էին հենց գրավման պահին ռմբակոծել ռազմաբազաները՝ ոչնչացնելով տեխնիկան և ահաբեկիչներին: Իրո՞ք չէին կարող կանխել Մոսուլի անկումը իր բանկերով հանդերձ: Իրո՞ք.......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել