Օֆշորային գոտիների մասին մեզանում եղած պատկերացումը առավել քան պարզունակ է, եթե չասենք, որ շատերի մոտ ընդհանրապես որեւէ պատկերացում գոյություն չունի: Երբ խոսվում է օֆշորում գրանցված ընկերության, դրա հետ կապ ունեցող անձի մասին, անմիջապես պատկերացում է ձեւավորվում, որ խոսքը ապօրինի ինչ-որ բանի մասին է: Մինչդեռ, իրականում, ամեն ինչ միանշանակ սեւ կամ սպիտակ չէ: Օֆշորային գոտի հասկացությունն անգերենով նշանակումն է «ծովեզերքից անդին»: Դա սովորաբար լինում է պետության մի տարածք, որտեղ, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով, գործում է գրանցման պարզ համակարգ եւ ամենակարեւորը` տրամադրվում են հարկային արտոնություններ: Սակայն օֆշորային գոտիներն էլ տարբեր են լինում: Դրանք պայմանականորեն բաժանվում են երեք խմբերի: Առաջինը Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսների, Կարիբյան ծովի տարբեր կղզիներում ստեղծված կղզի-օֆշորներն են։ Դրանց հիմնական առանձնահատկություններն են հարկերի բացակայությունը, հաշվապահական հաշվառում չպարտադրելը, սեփականատերերի եւ գործարքների վերաբերյալ գաղտնիության բարձր աստիճանը։ Այս գոտիներում գրանցված ընկերությունները եւ նրանց ներկայացնող անձիք իսկապես կասկածելի վարկանիշ են ունենում։ Եվրոպական օֆշորային գոտիներն ունեն այլ կարգավիճակ: Այստեղ կան հարկային արտոնություններ գործունեության որոշակի տեսակների համար, գործող ընկերությունների համար պարտադիր է հաշվապահական հաշվառումը, անցկացվում է աուդիտ, իսկ սեփականատերների մասին տեղեկությունները տրամադրվում են ընդհանուր կարգով։ Մի քանի այլ գոտիներում էլ` օրինակ ԱՄՆ որոշ նահանգներում, Մալազիայում եւ այլն, հարկային հատուկ ռեժիմ է գործում։ Միայն այն հանգամանքը, որ օֆշորային գոտիների վերահսկողությամբ զբաղվում է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), ինչպես նաեւ տարբեր երկրների կենտրոնական բանկերը, խոսում է այն մասին, որ դրանք չեն կարող ապօրինի լինել։ Միաժամանակ, հատկապես առաջին խմբի օֆշորային գոտիներում մեծ է հավանականությունը, որ այդտեղ գրանցված ընկերությունները ստեղծվել են ու գործում են խարդախ կամ անգամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերով: Սա լրջորեն ազդում է բոլոր օֆշորային գոտիներում գործողների վարկանիշի վրա, որի արդյունքում, օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները մշտապես վստահելիության ձեռք բերման խնդիրներ են ունենում: Սակայն արժե նշել, որ հանրաճանաչ միջազգային մի շարք ընկերություններ այդպիսին են դարձել նաեւ օֆշոային գործունեության շնորհիվ: «Գուգըլ», «Մայքրոսոֆթ», «Ջեներալ էլեկտրիկ», BMW, «Ջեներալ Մոթորս» եւ այլն: Համենայնդեպս, Հայաստանում չկան առաջին խմբի օֆշորների մեջ ընդգրկված, քիչ թե շատ հայտնի ընկերություններ: Մեր երկրում գործող եւ ներդրումներ կատարած օֆշորային ընկերությունները հիմնականում եվրոպական երկրների օֆշորային գոտիներում են գրանցված: Մյուս կողմից` Հայաստանում նույնպես, նոր աշխատատեղերի բացման, արտահանման աջակցության, արդյունաբերության զարգացման նպատակով, Հայաստանի կառավարության որոշմամբ, վերջին մեկ -երկու տարում ստեղծվել են ազատ տնտեսական գոտիներ, որոնք իրենց սկզբունքներով, ըստ էության, նույն օֆշորներն են, պարզապես ավելի փոքր չափերով եւ ճյուղային ուղղվածությաբ: Խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, ադամանդագործության եւ ժամագործության, գյուղմթերքիների լոգիստիկայի ազատ տնտեսական գոտիների մասին է: Այսպիսով, օֆշորային գոտիների նկատմամբ կանխակալ պատկերացումը, ունենալով որոշակի պատճառներ, ընդհանուր առմամբ, չի համապատասխանում իրականությանը եւ, թերեւս, վերանայման անհրաժեշտություն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել