Ռուս նկարիչ Վերեշչագինը նկարել է միայն պատերազմական նկարներ։ Ես վերջերս հասկացա, թե ինչու՞։ Այդտեղ կերպարներն իրական են, էմոցիաները անհամար։ Այդ ժամանակ մարդը չի կարող կեղծել։
Մի քանի օր առաջ մենք հայտնվել էինք նախապատերազմական դրությունում։ Մեզ հոգեբանորեն տրամադրեցին պատերազմի։ Հանձնարարվեց գործողություն, որը իրականացնելու համար անհրաժեշտ էին 18 հոգի։ Սկզբնապես թույլ տվեցին կամավոր դուրս գալ, քանի որ, մենք 18-ից ավել էինք։ Դուրս եկանք 19 հոգի, սակայն մեր մեջ կային տղաներ, որոնք ֆիզիկապես գործողությանը մասնակցել չէին կարող։ Նրանց թիվը 4-ն էր։ Հետևաբար մնացածի միջից ընտրվեց ևս 3-ը։ Սակայն հասկանալի էր, որ դա ո՛չ իրենց կամքով էր, ո՛չ էլ սրտով։
Կանգնած էինք մի շարքով, ես մի քիչ առաջ էի մնացածից ու ձախ եզրում։ Նայեցի ինձնից աջ և այդ պահը, որպես տեսարան գրավեց իմ ուշադրությունը։ Այդ պահը ֆանտաստիկ էր իր խորությամբ։ Պատճառը էմոցիաների բազմազանությունն էր։ Այդ պահին մարդը չէր կարող կեղծել, մեր դեմքին արտահայտվում էր այն ինչ կատարվում էր մեր հոգում։ 
Տեսարանը ցանկալի կլիներ շատ մասնագիտությունների ներկայացուցիչների համար։ Լուսանկարիչի համար այդ ակընթարթը կդառնար հզոր լուսանկար, հոգեբանի համար դրվագը կլիներ յուրահատուկ նրանով, որ մի տեղ կտեսներ 19 անկեղծ էմոցիա, քանդակագործի համար գուցե լինեինք լավ բնորդներ և ադպես շաունակ։
Հրամանատարը բացատրում էր գործողությունը։ Մեզնից մեկը սարսափած աչքերով նայում էր նրան, մյուսի դեմքին երևում էր ափսոսանքը, մեկ ուրիշի դեմքին վտանգի հստակ գիտակցումը, որը բերում էր վախի և վարանման։ Մեր շարքերում երևաց նաև այպիսին, որը ուղղակի ոգևորության ալիքի տակ էր դուրս եկել, իսկ հիմա արդեն փոշմանում էր։ Սակայն ես շատ ուրախ էի, որ տեսա հետևյալներին՝ տղա, որի աչքերում երևում էր ցասումը, մյուսի դեմքին երևում էր ներքին մեծացող ուժը, մեկ այլ տղայի մոտ վախի բացակայությունը, ևս մեկի մոտ կատարվելիքի լրջության գիտակցումը, որը հպարտության ալիք էր բարձրացնելու, մեկ այլի մոտ դեմքից թափվող ատելությունը դեպի թուրքը, և այդպես շարունակ՝ յուրաքանչյուրի մոտ հետաքրքիր ու շատ բան ասող դեմքի արտահայտություն։
Ես հստակ գիտեի սպասվելիք վատթարագույն տարբերակը, նույնը հասկացել էր նաև կողքիս կանգնողը։ Նա նայեց դեմքիս ու ուսերը թափ տալով ասաց․ «դժվար թե…»
Ժամեր հետո գործողությունը կատարված էր, մենք՝ անվնաս։ Այդ օրը արդեն հիշողություն է, իսկ տղերքին առանց դիմակի ճանաչելը ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ…

Հ.Գ. -տղերք հո չե՞ք վախենում (կապիտան Բեյբության)
-ես վախենում եմ, որ չկրակենք (շարքային Գրիգորյան)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել