Հայաստանում հաճախ կարելի է լսել, «պետությունը ես եմ» լյուդովիկոսյան ֆրազը, որը լիդերի կամ, ավելի ճիշտ, չկայացած լիդերի սոցիալ-հոգեբանական երևույթ է, երբ պաշտպանությունը գտնում են պետության արժեքի ներքո՝ փորձելով կոծկել սեփական թերություններն ու անկարողությունը: Վերջին նման ինքնագնահատականը լսվեց ԱԺ նախագահի կողմից՝ իր մեքենան գրեթե կապելով պետականության ամրացման ու զարգացման հետ: Գերմանացի նշանավոր փիլիսոփա Հեգելը մարդու ինքնագնահատականի արժևորումը, նրա ճանաչելիությունը նույնիսկ համարել էր կոնֆլիկտների առաջացման հիմք և եզրահանգել, որ կյանքը պայքար է ճանաչման համար: Նրա դատողությունը շատ ճիշտ է դուրս գալիս, հատկապես մեր շատ պետական այրերի պարագայում, ովքեր մշտապես իրենց անձը գերագնահատում են ու փորձում այն փաթաթել հասարակության վզին՝ պահանջելով դրա ճանաչումը վերջինիս կողմից: Իսկ ակնհայտ է, որ նման մտածողությամբ պետականություն հնարավոր չէ կառուցել, հնարավոր չէ ապահովել զարգացում, մոդերնիզացիա, քանզի դրանք ենթադրում են հենց պետական կառավարման համակարգում այնպիսի փոփոխություններ, որոնք կլինեն ճկուն ու ադապտիվ՝ փոփոխվող իրականության նկատմամբ: Արդյունքում, տուժում է հասարակ քաղաքացին, ով ոչ միայն չի նույնացվում պետության հետ, այլև երբեմն համարվում է ավելորդ ու մարգինալացվում, նրանցից ոմանք էլ փորձում են գտնել սեփական ինքնաիրացումն արտերկրում: Բայց ցավալին այն է, որ այդպիսի «պետականակենտրոն մեքենաները» գնվում են բավական թանկ, ու սա այն դեպքում, երբ այդ շարքային քաղաքացիները, որոնք իրավամբ պետության հիմնասյուներն են, ապրում են աղքատության մեջ: Իսկ ով չգիտի, որ այդ գումարները նման քաղաքացիների կարիքների համար օգտագործվելու դեպքում է ամրանում պետությունը, ապահովվում քաղաքական համակարգի կայունությունը, զարգացումը, այլ ոչ՝ շքեղության սիրահար պաշտոնյաների տուրնեներով, որոնք բյուջեի համար հաճախ ավելորդ ծախս են: Սա ոչ թե պաշտոնյայի անձի խնդիր է, այլ մտածողության, որն ունի ժամանակի և արժեհամակարգի, քաղաքական կուլտուրայի ու մենտալիտետի խնդիր: Սա նաև համակարգային խնդիր է, որովհետև նույնիսկ բարձր կենսամակարդակ ունեցող եվրոպական երկրներում նման բաներ չեն արվում, առավելևս՝ անպատասխանատու հայտարարություններ: Այդպիսի երկրներում նման քայլերը ճակատագրական են լինում: Հանրային պետական պաշտոնյան համարվում է ծառա, ոչ թե տիրակալ, որովհետև նա պաշտոն ստացել է հենց այդ շարքային քաղաքացիենրի քվեով և պետք է հրաժեշտ տա պաշտոնին, եթե չի գնահատում այդ քվեն: Ի վերջո, հակառակորդի կողմից ագրեսիվ գործողությունները ցույց տվեցին, որ օրվա հրամայական է դարձել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքի բարելավման խնդիրը, առանց որոնց հնարավոր չէ անվտանգ ապրել, այդ գումարները նրանց են անհրաժեշտ, իսկ պաշտոնյաները կարող են վոլգայով էլ շրջագայել կամ ընդհանրապես չշրջագայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել