Սահմանային միջադեպերից անցել է մի քանի օր, և այլևս հնարավոր է առանց հույզերի տրվելու և սառը ուղեղով փորձել հասկանալ, թե ինչո՞ւ եղավ այդպես կամ ո՞ւմ էր դա ձեռնտու: 
Տարբերակները մի քանիսն են, և բոլորն էլ ունեն գոյության իրավունք: Սակայն թե դրանցից որն է իրականը՝ կերևա հետագայում:
Տարբերակ առաջին. Միջադեպերը հրահրվել են հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց վարած երկարամյա քաղաքականության շրջանակներում, այն է՝ մշտապես իրադրությունը պահել լարված վիճակում՝ այդպիսով նպաստելով Հայաստանից արտագաղթի աճին և բարոյահոգեբանական վիճակի անկմանը: Ընդ որում, որպեսզի հնարավոր լինի անհաջողության պարագայում ձեռնթափ լինել պատասխանատվությունից, երկրի պաշտպանության նախարարը բացակայում էր երկրից, իսկ Նախագահի գտնվելու վայրն անհայտ էր:
Տարբերակ երկրորդ. Միջադեպերը հրահրվել են Ադրբեջանի որոշ բարձրաստիճան զինվորականների կողմից՝ նպատակ ունենալով թուլացնել Ադրբեջանի համեմատաբար կարճ ժամկետ պաշտոնավարող և բանակ ներքին զորքերից տեղափոխված նախարարի դիրքերը: Ընդ որում, այս տարբերակը աշխատող էր անկախ ելքից՝ հաջողության դեպքում կներկայացվեր, որ նախարարը այս պահին հանգստանում է և բանակում լուրջ դերակատարում չունի, իսկ անհաջողության դեպքում կարող է ներկայացվել, որ նախարարը բանակը թողել է բարձիթողի վիճակում և գնացել հանգստանալու: Երկու դեպքում էլ նախարարի վարկանիշը կապրեր շեշտակի անկում:
Տարբերակ երրորդ. Միջադեպերը հրահրել է ռուսական կողմը, քանզի վերջինիս ձեռնտու չէ հարցի կարգավորումը, բացի այդ, հենց այդ նպատակով էր զենք վաճառվում Ադրբեջանին: Գոյության իրավունք ունենալով հանդերձ՝ տարբերակի իրական լինեու հավանականությունը խիստ ցածր է, քանզի այսօր Ռուսաստանը այս կամ այն չափով, կամա թե ակամա, մասնակցում է ինչպես Սիրիայում, այնպես էլ Ուկրաինայում ընթացող հակամարտություններին և վստահաբար չէր ցանկանա նաև երրորդը փաթաթել իր վզին: Այս տեսակետը հիմնավորվում է նաև այն փաստով, որ հենց Ռուսաստանը կազմակերպեց Սոչիում կայացած հանդիպումը, որի նպատակը, ըստ էության, մեկն էր՝ վերադառնալ հրադադարի ռեժիմին և կանխել հետագա միջադեպերը: Ռուսերեն լավ խոսք կա՝ «Не до вас»: Տվյալ դեպքում՝ իսկապես «Не до нас»:
Տարբերակ չորրորդ. Միջադեպերը հրահրել է իրանական կողմը, որպեսզի կարողանա իր կողմում պահել Հայաստանը և «կարգի հրավիրել» Ադրբեջանին: Այս տարբերակը ևս քիչ հավանական է, քանի որ այժմ Իրանը ունի այլ խնդիրներ՝ կապված Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների և Քրդստանի հնարավոր հռչակման հետ: Ընդ որում, Իրանը, քաջ գիտակցելով հնարավոր ապագա խնդիրները, հանդես է գալիս Իրաքի մասնատման դեմ: Չմոռանանք նաև Իսրայելի կողմից տարվող ռազմական օպերացիան: Այսինքն, Իրանի սահմանների մոտ արդեն իսկ առկա է երկու հակամարտությունմ և երրորդը կլիներ արդեն չափից ավելին: Բացի այդ, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին իր ասուլիսում հստակորեն հայտարարել է, որ Իրանի համար անընդունելի են որևէ երկրի զինված կազմավորումների տեղակայումը հակամարտության գոտում, բացի հայկական և ադրբեջանական ուժերից:
Տարբերակ հինգերորդ. Միջադեպերը հրահրել է ֆրանսիական կողմը, որպեսզի կարողանա հետագայում հանդես գալ հաշտարարի դերում: Այս տարբերակը հնարավոր է, հաշվի առնելով նաև Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպում անցկացնելու առաջարկը: Սակայն նախ հարց է՝ ունի արդյո՞ք Ֆրանսիան նման բախում հրահրելու ռեսուրս և նույնիսկ եթե ունի, ապա փաստ է, որ Փարիզում հանդիպման գաղափարը իրականություն դառնալուց դեռևս հեռու է:
Տարբերակ վեցերորդ. Միջադեպերը հրահրել է ամերիկյան կողմը: Նպատակն է՝ ցույց տալ, թե ինչ կարող է լինել, եթե Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի շուրթերով հնչեցված իր առաջարկները չընդունվեն, իսկ ավելի գլոբալ՝ ի լրումն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությունների, Ռուսաստանի և Իրանի արտաքին սահմանների ողջ պարագծով հրահրել ռազմական գործողություններ՝ այդ երկրները թուլացնելու նպատակով: Տարբերակը բավականին հավանական է, եթե հաշվի առնենք, որ դա իրապես բխում է ԱՄՆ շահերից: 
Սակայն անկախ նրանից, թե որ տարբերակն է իրականությանը համապատասխանում, Հայաստանի և Արցախի խնդիրը մնում է անփոփոխ՝ ջախջախել իրենց դեմ ուղղված ցանկացած նկրտում, ում կողմից էլ այն հրահրված լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել