Չկարողանալով հաղթել վիետնամցիներին՝ Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը վայր դրեց օլիմիպիական չեմպիոնի իր լիազորությունները: 
Ինչպես ասում են՝ չեմպիոնական կոչման անհարմարությունը կայանում է նրանում, որ վաղ թե ուշ դրան անպայման ավելանում է «նախկին» բառը: 2006 թվականից ի վեր մեր շախմատիստները թիմային հաշվարկում նվաճել էին բոլոր հնարավոր մրցանակները, այդ թվում՝ 3 անգամ օլիմպիական չեմպիոնի կոչումը: Սակայն այս անգամվա նրանց ելույթը որպես հաջող բնութագրել չի կարելի: Ճիշտ է՝ եղան տպավորիչ հաղթանակներ, գեղեցիկ պարտիաներ, բայց չկար հաղթանակի հիմնական գրավականը՝ անհրաժեշտ մոտիվացիան:
Իհարկե, կարելի է խոսել մարզական բախտի պակասից, առանձին խաղացողների վատ մարզավիճակից, ֆունկցիոնալ անբավարար պատրաստականությունից կամ այլ հանգամանքներից, սակայն նախ և առաջ պիտի հաշվի առնել մի կարևորագույն հանգամանք՝ վերջին 10 տարում հավաքականը հանդես է գալիս նույն կազմով: Ճիշտ է, ինչպես ասում են՝ հաղթական կազմը չեն փոխում, սակայն չի կարելի կորցնել նաև թարմ արյուն ներարկելու պահը: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նման բան տեղի ունեցավ Իսպանիայի հավաքականի հետ, շախմատի օլիմպիադայում՝ Հայաստանի, նաև Ռուսաստանի:
Այլ կերպ ասած՝ սերնդափոխության պահն իսկապես հասունացել է: Վատ չէր լինի, ասենք, հետագա որևէ մրցաշարում փորձարկել երիտասարդներից կազմված թիմ: Դա իհարկե, միանգամից հաջողություն չի երաշխավորի, բայց կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ հայկական շախմատի նոր հաղթանակներ արձանագրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել