Ես չեմ ուզում թերագնահատել մեր ազգին, բայց եթե թերթենք պատմության էջերը կտեսնենք, որ մենք բավականին անշնորհակալ վերաբերմունք ենք ցույց տվել Եզդի ժողովրդի հանդեպ:
Այսպես՝ ես հիմա կնշեմ մի քանի եզդիների անուններ ովքեր ջանք չեն խնայել Հայոց Պետականություն կերտելու գործում:
Ստորև բերվածը կարդալուծ հետո մենք մեզ մեղավոր կզգանք:

1. Ուսուբ Բեկ Թեմուրյանցը` հայերի մեծ բարեկամը,1918թ. Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից, Հայաստանի 1-ին հանրապետության պառլամենտի անդամ, ռազմական, քաղաքական և ազգային խոշոր գործիչ Ուսուբ Բեկ Թեմուրյանցը 1896 թվականից եղել է Անդրկովկասի եզդիների առաջնորդը, իր գործունեության ողջ ընթացքում ամրապնդել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերը, ծառայել հայոց պետականության վերականգնման և կայացման մեծ նպատակին` դրա մեջ տեսնելով նաև իր ազգակիցների ապահով կյանքն ու ապագան:
Պատանեկան տարիքից մտերիմ լինելով հայ մեծանուն երգահան` Ուսուբ բեկը նրան ամեն կերպ օժանդակել է գրի առնելու հայ և եզդիական երգարվեստի բազմաթիվ նմուշներ, որոնք Կոմիտասի շնորհիվ դարձել են հայ և եզդի ժողովուրդների երաժշտական արվեստի իսկական գլուխգործոցներ: Այս փաստն իրենց հուշերում վկայել են ժամանակակիցները` անվանի մտավորականներ Փանոս Թերլեմեզյանը և Խաչատուր Կանայանը:
Հայ արվեստին, մասնավորապես` բնագիտությանը, նույնպիսի ծառայություն է մատուցել Ուսուբ բեկը` 1912թ. Սուրմալուում հյուրընկալելով Պետերբուրգի Ռուսական թանգարանի կողմից գործուղված հայ խոշոր պատմաբան, հնագետ և հայագետ Աշխարհբել Լոռիս-Քալանթարին: Վերինիս վկայություններն իր կատարած աշխատանքի, Ուսուբ բեկի օժանդակության մասին պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում:
Արգասավոր և հետաքրքիր է Ուսուբ բեկի կենսագրությունը 1917-21թթ.: 1917թ. գարնան, ամռան ամիսներին Ուսուբ բեկն իր հեծյալ զորաջոկատով մասնակցում է Արևմտյան Հայաստանում թուրքերի դեմ մղված կռիվներին, Գարեգին Նժդեհի հետ համատեղ Կողբում և Ալաջայում մարտնչում թշնամական հրոսակախմբերի դեմ: Նույն տարվա աշնանը Նժդեհի հետ մեկնում է Թիֆլիս և նրա միջոցով ծանոթանում, կապեր հաստատում Հայոց Ազգային Խորհրդի անդամների` Ավետիս Ահարոնյանի, Արամ Մանուկյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի, Սիմոն Վրացյանի և այլոց հետ:
1918թ. մայիսին Ուսուբ բեկն իր գլխավորած եզդիական ջոկատով մտնում է Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատի կազմ և մասնակցում Սարդարապատի, ապա Ապարանի հերոսամարտերին, դրսևորած քաջության և խիզախության համար դիվիզիայի հրամանատարի 1918թ. նոյեմբերի 7-ի թիվ 34 հրամանով պարգևատրվում է մարտական բարձր շքանշանով` Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանով:
1918-20թթ. Ուսուբ բեկը եղել է Հայաստանի 1-ին Հանրապետության Խորհրդարանի անդամ` ընդգրկվելով Դաշնակցության ֆրակցիայի կազմում, քանի որ այդ խմբակցության անդամ էր: Ծավալել է ազգաշահ, պետականամետ գործունեություն, իբրև պատգամավոր կողմ է քվեարկել բոլոր հայանպաստ որոշումներին: Զբաղվելով օրենսդրական գործունեությամբ` Ուսուբ բեկը միաժամանակ ծառայության մեջ էր նորաստեղծ հայոց բանակում, եղել է պորուչիկ, գումարտակի հրամանատար:
Ուսուբ բեկը մասնակցություն է ունեցել 1919թ. Երևանում գումարված Արևմտահայերի 2-րդ համագումարին և Հայաստանի գավառապետերի անդրանիկ համաժողովին ու ընտրվել է Սուրմալուի գավառային խորհրդի անդամ:
1920թ. Ուսուբ բեկի նախաձեռնությամբ Ալեքսանդրապոլում գումարվել է Հայաստանի եզդիների առաջին համագումարը, որն արժանացել է պետական ուշադրության: Բեկը եղել է համաժողովի փոխնախագահը և նպաստել կարևոր որոշումների ընդունմանը` ի շահ եզդի ժողովրդի կրթության և հասարակական գործունեության:
Ուսուբ բեկը ականավոր հայ քաղաքական, պետական գործիչների հետ չհամակերպվեց խորհրդային կարգերի հաստատմանը, մասնակցեցհամաժողովրդական Փետրվարյան ապստամբությանը այդ իշխանության դեմ, տարագրվեց Պարսկաստան:
«Դաշնակցականների հետ համագործակցած» Ուսուբ բեկը 1921թ. աշնանը վերադարձավ Հայաստան, հայրենի Շամիրամ գյուղ: Նախկինի պես մեծ հեղինակություն էր վայելում իր ազգակիցների շրջանում, սակայն նրա հասարակական, քաղաքական գոծունեությանը վերջակետ էր դրված: Բազմաթիվ գործիչների թվում Ուսուբ բեկը ևս ենթարկվեց բռնաճնշումների, աքսորվեց, բանտարկվեց: Բանտում ձեռք բերած ծանր հիվանդությունն էլ պվաղաժամ մահվան պատճառ դարձավ: Ուսուբ բեկը վախճանվեց Շամիրամում 1934թ հունվարի 12-ին:
Հայաստանի անկախության հռչակումից հետո միայն հնարավոր դարձավ ճշմարտությունը ի հայտ բերել, ըստ արժանավույն գնահատել եզդի ժողովրդի մեծ զավակի կյանքն ու գործը: 2007թ. Ուսուբ բեկի անունով կոչվեց Շամիրամ գյուղի դպրոցը:

2.  Ջահանգիր Աղա՝ Զորավար Անդրանիկի զինակիցը
Ջահանգիր աղան ծնվել է 1874 թվականին Վանի գավառի Չիբուղլի գյուղում, եզդի ցեղապետ Խատիֆ աղայի ընտանիքում: Ջահանգիր աղան թուրք հրոսակների դեմ է դուրս գալիս դեռ պատանի հասակից:Երբ մահանում Խատիֆ աղան` հայրը Ջահանգիր աղայի` վանի թուրք առաջնորդը իր ենթականերից մեկին ուղարկում է Չիբուխլու, որպիսզի Խատիֆ աղայի ընտանիքը այլևս ենթարկվի իրեն: Ջահանգիր աղան ինքն է դուրս գալիս պատասխանելու` կտրում է թուրք ենթակայի ականջները և ասում.- << Գնա տիրոջտ ասա Խատիֆը չկա, բայց Ջանգոն ողջ է>>.- ահա այսպիսի քաջության տեր էր Ջահանգիր աղան: Աղան իր միջոցներով զենք զինամթերք է գնում և բաժանում եզդիներին: 1904 թվականին առաջին անգամ Ջահանգիր աղան հանդիպում է Անդրանիկ Օզանյանին: ԱՆդրանիկը իմանալով, որ Ջահանգիրը նշանված է և շուտով պետք է ամուսնանա` ցանկություն է հայտնում լինել նրա հարսանիքի քավորը, այստեղից էլ սկսում է նրանց բարեկամությունը: Ջահանգիր աղան Վանի գավառում 12 եզդիաբնակ գյուղերի ղեկավարն էր: Ցեղասպանության տարիներին Ջհանգիր աղան ապահովում էր գաղթականների անվտանգությունը: 1915թվականին Ջահանգիր աղան ինքն էլ գալիս է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Ապարանի Ջառջառիս գյուղում: Ջահանգիր աղան անգնահատելի ներդրում ունի Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերի հաղթանակի գործում: Այդ մարտերին Ջհանգիր աղան կարողացավ միավորել եզդիական ուժերը և 2000 հոգանոց հեծյալ ջոկատով մասնակցեց ճակատամարտի ողջ ընթացքին: Համեմատության համար նշեմ որ Սարդարապատի և Բաշ-Ապարանի մարտերին հայկական կողմից մասնակցում էր 5000-6000 հոգանոց զորք, որոնցից 2000 եզդի էին: Ջահանգիր աղան մասնակցել է նաև Կարսի, Սարիղամիշի մարտերին: Անձամբ վրեժխնդիր է եղել թուրքերից` սպանելով Ֆերիկ փաշային: Պարգևատրվել է <<Գևորգյան>> խաչով: 1938 թվականին ակսորվել է Սիբիր և 1943 թվականին այնտեղ էլ մահացել: Ցավալի է որ մինչ այս պահը նրա գերեզմանի վայրը ոչ ոքի հայտնի չէ: Եզդի ժողովուրդը ամեն առիթով հիշում է իրենց փառավոր զորահրամանատարին: Ցավալի մի փաստ առձանագրեցինք Հայաստանում` պարզվում է ՀՀ Ազգային Արխիվ ՊՈԱԿ-ում ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել Ջահանգիր ազայի վերաբերյալ: Ինչպես նաև Հայաստանում փորձում են մոռացության մատնել այս մեծ գործչին `ով անգնահատելի վաստակ ունի Առաջին անկախ Հայաստանի ստեղծման գործում: Կարծում եմ ինչ որ մի օր հայ իշխանավորները դարձր կգան:

Եթե այս երկու մեծ մարդկանց անունների կողքին ավելացնենք ֆիդայական շարժման սկզբից մինչև Արցախյան ազատամարտի տարիներն ընկած ժամանակահատվածում Հայոց Պետականության համար պայքար մղած քաջերի անունները , միայն մի հարց կծագի՛
Ինչու՞ մենք չենք օգնում եզդիներին:
Միթե մենք վախենում ենք այդ սպանդի ետևում կանգնած մսագործներից:
Ոչ մենք չենք վախենում, մենք հապաղում ենք, մենք անտարբեր նայում ենք հանցանքին, այդ իսկ կերպով մասնակից լինելով դրան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել